Դրամի արժեզրկման իրական արդյունքը
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ` նոյեմբերի 9-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Պատճառն այն է, որ ամերիկյան 1 դոլարն առաջարկվել է 410 դրամ փոխարժեքով, սակայն գնորդները 409.5 դրամից ավելի չեն ցանկացել վճարել։ Այսինքն՝ կես դրամի պատճառով «լեզու չեն գտել»։
Եթե ավելի լուրջ, ապա նման իրավիճակները խոսում են այն մասին, որ հայաստանյան արտարժութային շուկայում անորոշություն է տիրում։ Հատկապես, որ վերջին շրջանում բավականին հաճախ է այն փակվում՝ առանց գործարքների։
Ընդհանրապես, արտարժույթի թեման վերջին շրջանում մի տեսակ դուրս է մնացել ուշադրության կենտրոնից։ Դոլարի փոխարժեքի ակտիվացման վերջին փուլը սկսվեց նոյեմբերի 1-ին։ Անցած 8-9 օրերի ընթացքում ամերիկյան դոլարն առանց շեղումների սկսեց թանկանալ, և նրա գինն արտարժույթի կանխիկ շուկայում երեկ տատանվում էր 409-410 դրամի շուրջ (առքը՝ 408, վաճառքը՝ 411)։
Սրանք, իհարկե, կարճաժամկետ տատանումներ են, որոնց հիման վրա դատողություններ անել հնարավոր չէ։ Սակայն երկարաժամկետ կտրվածքով տարվա սկզբից հայկական դրամը կայուն կերպով արժեզրկվել է։ Այդ արժեզրկումն իր պիկին հասավ հունիսի վերջին, երբ ամերիկյան դոլարի գինը տարեսկզբի 385 դրամից դարձավ 420 դրամ։ Այնուհետև ամերիկյան արժույթը կարճ ժամանակով դիրքերը զիջեց, սակայն մինչև սեպտեմբերի վերջը չէր իջնում 405 դրամի նիշից։
Դրամի արժեզրկման պատճառների մասին շատ է խոսվում, սակայն նշենք, որ նախորդ տարվա համեմատ՝ փոխարժեքի վրա ազդող գործոններն էական փոփոխություններ չեն կրել։ Արտաքին տրանսֆերտները շարունակում են աճել։ Այսպես, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2012 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ստացված դրամական միջոցները նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների համեմատ` ավելացել են 8,6 տոկոսով և կազմել ավելի քան 1.2 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալն 9 ամիսների ընթացքում կազմել է շուրջ 203,7 միլիոն դոլար` նախորդ տարվա 190,6 միլիոն դոլարի համեմատ (6,8%): Զուտ ներհոսքն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է շուրջ 983 միլիոն դոլար` 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 81 միլիոն դոլարով կամ 9 տոկոսով: Արտաքին առևտրի հետ կապված, թեպետ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ 2012թ. հունվար-սեպտեմբերին արտահանումն աճել է 6%-ով (կազմելով 1 մլրդ 31 միլիոն դոլար), ներմուծումը՝ 1.1%-ով (3 միլիարդ 9 միլիոն դոլար), արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2 միլիարդ դոլարին մոտ թիվ է։ Գրեթե նույնքան, որքան նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին։
Առաջիկա ամիսների փոխարժեքային տատանումներն, ի թիվս այս գործոնների, կսկսեն պայմանավորել նաև նախագահական ընտրություններով։ Սակայն, քանի որ մեր երկրում փոխարժեքի դինամիկան բացատրելն անշնորհակալ գործ է, ավելի լավ է դիտարկենք հարցի մյուս կողմը՝ ի՞նչ է շահել մեր տնտեսությունը դրամի արժեզրկումից։
Այս հարցում արդեն պատկերը մի քիչ խառն է։ Նշենք, որ դեռ մարտին նախագահ Սերժ Սարգսյանը խոսում էր դրամի սահուն արժեզրկման անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ դրանից կշահի տեղական արտադրությունը և արտահանումը։ Դրամի առավել զգալի արժեզրկումն արձանագրվեց հենց այդ հայտարարությունից հետո՝ ապրիլ-հունիս ժամանակահատվածում։
գծապատկերը՝ rate.am-ի
Եվ քանի որ տարին արդեն մոտենում է ավարտին, կարելի է նախնական գնահատական տալ, թե ինչ շահեց արտահանումը փոխարժեքից։
Ինչպես վերը նշեցինք, պաշտոնական վիճակագրության համաձայն` արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծման աճի տեմպին. 6%-ը 1.1%-ի դիմաց։ Այդ մասին, ի դեպ, երեկ լրագրողներին հիշեցրել է նաև ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Ավելին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, կրճատվել է նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին բացասական սալդոն 1 միլիարդ 977.6 միլիոն դոլար էր, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գերազանցում էր 2 միլիարդը։ Այսինքն, առաջին հայացքից թվում է, որ ամեն ինչ ընթացավ ամենաիդեալական սցենարով՝ դրամը չափավոր արժեզրկվեց և շարունակում է արժեզրկվել, արտահանումն աճեց, և, որ պակաս կարևոր չէ՝ գնաճի ցուցանիշը բավականին ցածր է՝ 3.4% (հիշեցնենք, որ թույլատրելի առավելագույն շեմը 5.5%-ն է)։
Սակայն սա այն եզակի դեպքերից է, երբ նույն կողմի համար գոյություն ունի երկու «ճիշտ»։ Ինչպես արդեն նախկինում գրել ենք, արտաքին առևտրի վերաբերյալ տվյալներ հրապարակում է նաև ՊԵԿ մաքսային կոմիտեն, ընդ որում` ավելի մանրամասն, ըստ առանձին ապրանքատեսակների: Եվ ՊԵԿ-ի տվյալներից հակառակ պատկերն է ստացվում` այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտահանման ծավալը նվազել է 1.1%-ով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանման ծավալը կազմել է 971.9 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 982.9 միլիոն դոլարի դիմաց:
Նշենք նաև, որ այս դեպքում առավել հակված ենք հավատալ ՊԵԿ-ի թվերին, քանի որ, ինչպես նշել էր ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, վիճակագրական ծառայությունը հիմնվում է մաքսային կառույցի տրամադրած տվյալների վրա։ Այլ կերպ ասած, դրամի արժեզրկումն այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սպասված արդյունքը չի տվել։ Իսկ թե ինչու, դա նույնպես երևում է ՊԵԿ տվյալներից. ընկել են մետաղների միջազգային գները։ Այնպես որ, հայրենական արտահանումը կախված է ոչ այնքան փոխարժեքից, որքան կառուցվածքից։