«Փաշինյանն ըստ էության իրականացրեց Տեր-Պետրոսյանի 1991 թվականի ծրագիրը, սակայն այնքան կոպիտ, որ, ժողովրդական լեզվով ասած՝ «սկեցնում» է Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական միավորին». Հրանտ Խաչատրյան
Դեկտեմբերի 6-ին լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որտեղ նա անդրադարձել էր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացրած հրաժարականի պահանջին։ Նա մտավախություն էր հայտնել, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի։
168.am-ի հետ զրույցում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանն ասաց, որ նման վտանգ չի տեսնում։
«Ես կարող եմ ենթադրել իշխանության հոգեվարքի պայմաններում ոստիկանության և հասարակական որոշ ուժերի բախումներ, որոնք քաղաքացիական պատերազմ չեն բնութագրվի։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ես լավ եմ հասկանում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ըստ էության իրականացրեց Տեր-Պետրոսյանի 1991 թվականին հռչակած ծրագիրը, սակայն այնքան կոպիտ իրականացրեց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը, ժողովրդական լեզվով ասած՝ «սկեցնում» է Լևոն Տեր-Պետրոսյանին և նրա քաղաքական միավորին։ Նման հայտարարություններով Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է սահմանազատվել Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Հրանտ Խաչատրյանը։
Շարունակելով խոսքը, Հրանտ Խաչատրյանը նկատեց, որ հավանաբար շատ քչերը կհիշեն, որ 2008 թվականին Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերը խախտեց։
«Ինչո՞վ խախտեց՝ Լևոն տեր-Պետրոսյանը 2008 թվականին հետ էր կանգնել իր ծրագրերից, գնացել իր առանձնատանը նստել էր ու սպասում էր իրադարձությունների ավարտին։ Ես հստակ տեղեկություններ չունեմ, թե Նիկոլ Փաշինյանին ով էր հեռախոսով հանձնարարություններ տալիս՝ ժողովրդին ապօրինի հանել Զինված ուժերի, օլիգարխների, ոստիկանության ու բանդաների դեմ։ Բայց Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ դրանով բացահայտեց, խափանեց Տեր- Պետրոսյանի ծրագիրը»,- շեշտեց Հրանտ Խաչատրյանը։