ՏՀԶԿ-ն 2020 թվականին ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ի 3,7 տոկոս կրճատում է սպասում

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) կանխատեսում է 2020 թվականին ԱՄՆ-ի իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,7 տոկոս կրճատում: Այդ մասին ասված է կազմակերպության՝ դեկտեմբերին 1-ին տարածված զեկույցում: Այնտեղ նշված է, որ ամերիկյան տնտեսությունը տարվա երկրորդ կեսին սկսել է վերականգնվել առաջին կիսամյակում ՀՆԱ-ի կտրուկ անկումից եւ գործազրկության աճից հետո:

«Սպասվում է, որ ԱՄՆ-ի իրական ՀՆԱ-ն 2020 թվականին 3,7 տոկոսով կկրճատվի, իսկ այնուհետեւ 2021 թվականին կաճի 3,2 տոկոսով եւ 2022 թվականին՝ 3,5 տոկոսով,- ասված է զեկույցում:- Գործազրկության մակարդակն աստիճանաբար կիջնի, բայց կմնա բարձր մինչեւ ճգնաժամը շրջանի համեմատությամբ»: Ինչպես պարզաբանել են ՏՀԶԿ-ում, «2020 թվականի երկրորդ եռամսյակում տնտեսությունն ապրել է ամենակտրուկ անկումը (ԱՄՆ-ի) հետպատերազմյան պատմության մեջ, ընդ որում ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածությունը 2020 թվականի մարտին եւ ապրիլին կրճատվել է 22 միլիոնով»:

«Սահմանափակիչ միջոցների հետագա մեղմացումն ուղեկցվել է զգալի տնտեսական վերելքով, եւ հոկտեմբերին հաջողվել է վերականգնել կորցված աշխատատեղերի ավելի քան կեսը»,- ուշադրություն են հրավիրել զեկույցի հեղինակները: Կազմակերպությունում հավելել են, որ այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են հյուրանոցային բիզնեսը եւ տրանսպորտը, շարունակում են զգալ սանիտարական ճգնաժամի բացասական հետեւանքները:

ՏՀԶԿ-ում հուսով են, որ պատվաստման արշավը թույլ կտա 2021 թվականի երկրորդ կեսին մեղմացնել վարակի զսպման միջոցները: Զեկույցի հեղինակները նաեւ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիմնական արտահանական շուկաներում պայմանների բարելավումը եւ համաձայնեցված նպատակային ցուցանիշների կատարումն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շրջանակում կբարձրացնեն արտահանական ակտիվությունը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս