Ռեկորդային 35 մլրդ դոլար կպահանջվի 2021 թվականին աշխարհում հումանիտար օգնության համար

Կարիքավորներին օգնելու համար 2021 թվականին աշխարհում հարկավոր կլինի ռեկորդային 35 մլրդ դոլար հավաքել: Այդ մասին հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի տվյալները: «Գլոբալ հումանիտար տեսություն» զեկույցի գնահատումների համաձայն, COVID-19 կորոնավիրուսի համավարակի ֆոնին 235 մլն մարդու աշխարհում օգնություն կպահանջվի այս կամ այն ձեւաչափով: Դրա հետ մեկտեղ կարիքավոր բնակչության թվաքանակն աճել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատությամբ: «Աճը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է COVID-19-ով»,-հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը:

ՄԱԿ-ում նշել են, որ համավարակն առավել մեծ չափով ընդգրկել է Երկրի այն բնակիչներին, որոնք առանց այդ էլ գտնվում էին ծանր պայմաններում: Նշվում է, որ 1990-ական թվականներից ի վեր առաջին անգամ պետք է մեծանան ծայրահեղ չքավորների մասշտաբները, մահացությունը ՄԻԱՎ-ից, տուբերկուլյոզից եւ մալարիայից, կնվազի կյանքի տեւողությունը: «Հավանաբար, առավել տագնապալի երեւույթը սովը վերադառնալու սպառնալիքն է, հավանաբար, միանգամից մի քանի վայրերում»,-նշել է Լոուքոքը: Ֆինանսական միջոցները, որոնք ՄԱԿ-ը կպահանջի, պետք է բավարարի առավել խոցելի 56 երկրների 160 մլն բնակիչներին օգնություն ցուցաբերելու նպատակով: Մասնավորապես, ՄԱԿ-ը մտադիր է 6 մլրդ դոլար ստանալ այն սիրիացիների համար, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում կամ նրանից դուրս, եւ 3,5 մլրդ դոլար՝ Եմենի բնակիչների համար, որը բախվել է աշխարհի վատագույն հումանիտար ճգնաժամին: Նաեւ պլանավորվում է զգալի միջոցներ ուղղել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը, Աֆղանստանին եւ Եթովպիային:

«Խաղասեղանին վտանգի ենթարկված հսկայական թվով մարդկանց կյանքեր են, եւ նրանց կյանքը փրկելու գինը իրականում շատ փոքր է մյուս այն բոլոր մարտահրավերների համեմատությամբ, որոնց հետ մենք գործ ունենք»,-ամփոփել է նա: Սակայն, ինչպես նշում են ԶԼՄ-ները, գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում 35 մլրդ դոլար հավաքելը կարող է դժվարին խնդիր դառնալ. այսպես, անցյալ տարի կրկնակի ավելի պակաս գումար՝ 17 մլրդ դոլար են հավաքել, թեեւ պահանջվել է 29 մլրդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս