Արցախի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունն ինտենսիվորեն խորանում է

Նոյեմբերի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև հրադադարի հայտարարությունը և դրանում ներառված կետերը, հետագա գործողությունները սահուն կերպով Արցախյան հակամարտության ողջ գործընթացը դուրս բերեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հովանու ներքո իրականացվող ԵԱՀԿ դիտորդական առաքելության տիրույթից՝ ըստ էության ստեղծելով կարգավորման նոր ձևաչափ, որում էական ազդեցություն ունեն Ռուսաստանն ու Թուրքիան։

Ըստ էության, ՄԽ արևմտյան համանախագահները, մի փոքր ուշացմամբ, սակայն սկսում են անհանգստանալ ռեգիոնում Ռուսաստանի և Թուրքիայի ներկայության ամրապնդումից, որը տեղի է ունենում Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության և Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի ձևավորման տեսքով։ Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մինսկի խմբին պետք է որոշակի դեր հատկացվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման գործում։ Ֆրանսիան կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հրադադարի համաձայնագրի իրագործումը պետք է տեղի ունենա միջազգային վերահսկողության ներքո:

Այդ մասին օրերս հայտարարել են նախագահի աշխատակազմից: Այս հայտարարությունը հնչում է Փարիզում առկա այն մտահոգությունների ֆոնին, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են համաձայնագիր կնքել ապագա խաղաղ բանակցություններից արևմտյան երկրները կտրելու մասին:

«Մոսկվան, Վաշինգտոնի և Փարիզի հետ միասին, համանախագահում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբում, սակայն նրանք չեն մասնակցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համաձայնագրի կնքմանը, որը նախատեսված էր անկլավի շուրջ վեցշաբաթյա ռազմական գործողությունները դադարեցնելու համար»,- նշել է աղբյուրը՝ վերոնշյալ հրապարակման համաձայն։ Պաշտոնյան լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՄԽ-ն պետք է հրադադարի ռեժիմը դիտարկելու գործում իր դերը խաղա։ Հրապարակման համաձայն, Փարիզը պնդում է հրադադարի ռեժիմի «միջազգային դիտարկման» հարցը։ «Մենք հասկանում ենք, որ ռուսական կողմը բանակցում է թուրքական կողմի հետ հնարավոր բանաձևի շուրջ, որը մենք չենք ցանկանում»,- նշել է ֆրանսիացի պաշտոնյան:

Թե՛ ռուս, թե՛ ամերիկացի, եվրոպացի մի շարք վերլուծաբանների պնդմամբ՝ Արցախի շուրջ աշխարհաքաղաքական իրական խաղը և մրցակցությունը դեռ նոր է սկսվելու, քանի որ պատերազմից հետո ոչ բոլոր շահագրգիռ կողմերն են ստացել այն, ինչ ցանկացել են։

Ավելին, ըստ որոշ կովկասագետների, ոչ բոլոր միջնորդներն են լիովին ընկալել այն, թե ինչ է տեղի ունեցել, և նոր են սկսելու արձագանքել դրան, որոնցից մեկը՝ ԱՄՆ-ն է։ Վերջինս դեռ չի «արթնացել» նախագահական ընտրափուլից և Թրամփի քառամյա պասիվ արտաքին քաղաքականության ազդեցությունից, այնինչ Բայդենի արտաքին քաղաքական ուղերձները և դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ թույլ են տալիս ենթադրել, որ ԱՄՆ-ը նոր թափով է սկսելու ձեռնամուխ լինել տարածաշրջանային զարգացումներին, ինչը գուցե փոխի ռուսական պլանները և ներկայիս պատկերը տարածաշրջանում։

Մեկ այլ «խաղ» է ընթանում Ռուսաստան-Թուրքիա հարթությունում և, ըստ նույն վերլուծաբանների՝ այստեղ ևս ամեն ինչ միանշանակ չէ, Ղարաբաղում՝ ի տարբերություն Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի միջև խնդիրները շատ ավելի շատ են, քանի որ Ռուսաստանը դեռ դիմադրում է ռեգիոնում թուրք խաղաղապահների ներկայության ցանկությանը, սակայն այդ թեմայով ծանր բանակցությունները շարունակվում են, կան ինչպես համաձայնություններ, այնպես էլ՝ լուրջ տարաձայնություններ, որոնք կարող են «պայթեցնել» իրավիճակը մի շարք առումներով։

Ռուս ռազմաքաղաքական մեկնաբան Պավել Ֆելգենգաուերը, խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա դերակատարությունից, դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկությունից, ասաց, որ ակնհայտորեն Ֆրանսիան և ԱՄՆ-ը հասկանում են, որ իրենց պասիվությամբ զրոյացրել են այն ձևաչափը, որը գործել է երկու տասնյակից ավելի տարիներ, փաստաթղթեր մշակել-բանակցել, այցեր իրականացրել, հանդիպումներ կազմակերպել և այլն, իրականում լայն շրջանակի աշխատանք է տարվել։

Ներկայումս, ըստ նրա, դժվար է հասկանալ, թե ինչով է հետագայում զբաղվելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ մեծամասամբ արված է այն, ինչ պետք է աներ Մինսկի խումբը, բայց հակամարտությունը վերջնականապես կարգավորված չէ, կան հարցեր, որոնցով զբաղվելու մասին խոսել է Ռուսաստանը։

«Այդ հարցերի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է դիրքավորվել և որոշակի գործառույթներ իրականացնել։ Եվ կա երկու թեմա, որոնք բաց են մնացել.  Արցախի կարգավիճակի հարցը և ներկայումս իրականացվող դիտորդությունը, որը երկու ձևաչափով է իրականացվում, միայն ռուս խաղաղապահներ, ռուս-թուրքական կենտրոն և, ինչո՞ւ ոչ, արևմտյան դիտորդներ։ Նախկինում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը ժամանակ առ ժամանակ իրականացնում էր այդ աշխատանքը, բայց ի՞նչ էր դա փոխում։ Դա հարց է։ Գուցե դա վերսկսվի, որևէ մեկի դա չի խոչընդոտի, գուցեև հաջողվի որոշ հարցեր քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, սակայն բոլոր զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան ունի էական ազդեցություն Ադրբեջանի նկատմամբ, այս երկրները չեն ճանաչում և ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, Ռուսաստանն աշխատում է Թուրքիայի հետ, պայմանավորվում շատ հարցեր։

Իսկ Մինսկի խումբը գուցեև մերժվի կողմերից մեկի կողմից, ի՞նչ կլինի այդ դեպքում։ Կարծում եմ՝ լուրջ խնդիրներ ի հայտ կգան այս հարցում, և միջնորդները քննարկելու, աշխատանքը վերանայելու, վերադիրքավորվելու և իրենց դերակատարությունը քննարկելու շատ հարցեր ունեն։

Ըստ էության, զրոյական էին այդ խմբի բոլոր ջանքերը, պատերազմը և դրա դադարեցումն այլ պատկեր ի հայտ բերեց։ Այո, չի բացառվում, որ սրվի դիմակայությունն այս հարցի շուրջ, բայց Ռուսաստանն արդեն էապես ամրապնդել է իր դիրքը և ստացել է ըստ էության այն, ինչ ցանկանում էր այս հակամարտության առաջին պատերազմից հետո՝ խաղաղապահ առաքելություն։ Ռուսաստանն ակտիվ աշխատում է այդ հայտարարության բոլոր դրույթներն իրագործելու ուղղությամբ, իսկ մնացած խաղացողները, ըստ իս, դեռ չեն կողմնորոշվել՝ ինչ ուղղությամբ ինչպես առաջ շարժվեն, ինչպես ընդհանրապես դիրքավորվեն»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը։

Ամփոփելով՝ վերլուծաբանն ասաց, որ որոշ փորձեր կան Ռուսաստանի դիրքերի դեմ Արցախում, որի պատճառով վերջին տասնօրյակի ընթացքում Մոսկվան բազմաթիվ հայտարարություններ է անում, փորձում մեկնաբանել ձեռք բերված համաձայնությունների անխուսափելիությունը, այդ թվում՝ դրանց խափանման անթույլատրելիությունը։

«Արդեն բազմաթիվ գործընթացներ կան, որոնք ընդհատակում են և տեսանելի չեն»,- ասաց փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս