Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ
Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստիպված հետաձգում է մի շարք միջոցառումներ, որոնցով նախատեսում էր հարգանքի տուրք մատուցել Ռոբերտ Սահակյանցի 70 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակներին:
Միության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրությունում նշվում է, որ նախատեսվում էին հոբելյանական հանդիսություններ Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում, որտեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվելու էին հանրահայտ ռեժիսորների աստղերը և հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը:
«Սակայն իրավիճակը, COVID-19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որևէ կերպ չվտանգել նրանց առողջությունն ու լինել չափազանց զգուշավոր: Տեղեկացնում ենք, որ, ընդառաջելով նաև ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին, բոլոր միջոցառումները կհետաձգվեն և տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում: Շնորհակալ ենք ըմբռնման համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում: