Մելիք գյուղում երեխա չի ծնվում
«Մելիք գյուղում այլևս երեխա չի ծնվում: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները: Գյուղն ամբողջովին բարձիթողի վիճակում է»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, ով անձամբ եղել է Մելիք գյուղում ու զրուցել գյուղացիների հետ:
Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքն այսօր «Արագածոտնի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է» վերտառությամբ հաղորդագրություն էր տարածել` համաձայն որի գյուղին հարակից տարածքում` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար:
«Գյուղացիներից ստանալով բազմաթիվ բողոքներ` այցելեցինք գյուղ: Պոչամբարն ամբողջովին անմխիթար վիճակում է, անընդհատ վթարների է ենթարկվում` վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը: Թունավորված ոռոգման ջրի պատճառով գյուղացիները բերք չեն ստանում: Վթարային վիճակում գտնվող ջրագիծը գյուղացիներն իրենց միջոցներով են վերանորոգել: «Մեգո Գոլդ» ընկերությունն ընդհանրապես չի հետաքրքրվում, թե ինչ վնասներ է գյուղացիներին պատճառում»,- նշել է Արթուր Գրիգորյանը: Ըստ նրա` ընկերությունը ցանկացել է տեխնիկա բերել գյուղ, սակայն գյուղացիները փակել են ճանապարհը, քանի որ կտրականապես դեմ են պոչամբարի կառուցմանը: Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 30-ին Մելիք գյուղում քննարկումներ են տեղի ունեցել, գյուղացիները համայնքի ղեկավարի գլխավորությամբ դեմ են արտահայտվել:
«Նման պայմաններում, երբ չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա, չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված վնասները, 2-րդ պոչամբարի վերաբերյալ քննարկումներ ծավալել անտրամաբանական է»,- նշել է Ա. Գրիգորյանը: Ըստ նրա` առաջին պոչամբարը պետք է փակվի, հետո միայն խոսվի, թե երկրորդն ինչ պայմաններում կարող է կառուցվել կամ ընդհանրապես հանքավայրը կարող է շահագործվել, թե ոչ:
«Բազմաթիվ հարցեր կան, որոնց գնահատականը կարող է տրվել միայն այն դեպքում, երբ լինի բազմակողմանի միջգերատեսչական հետազոտություն: Գյուղնախարարությունն իր հերթին պետք է ուսումնասիրություն կատարի` պարզելու համար, թե գյուղատնտեսական արտադրանքին ինչ վնասներ են հասցվել: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պետք է պարզի, թե ինչ արտակարգ իրավիճակ է առաջացել պոչամբարի վթարների հետևանքով: Բնապահպանության նախարարությունը պետք է պարզի, թե ինչպիսի խախտումներ են եղել, որ հանգեցրել են նման հետևանքների: Առողջապահության նախարարությունը պետք է պարզի մարդկանց առողջական վիճակը»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Արդյոք յուրաքանչյուր նախարարություն կիրականացնի իր բաժին հետազոտությունը, դժվար է ասել: Համենայն դեպս նախարարության աշխատակիցներին հիշեցնենք, որ դա իրենց պարտականությունն է ու դրա համար իրենք են աշխատավարձ ստանում: