Մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խախտման հիմքով կարող ենք միջազգային ատյաններ դիմել. Արա Ղազարյան

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած հայտարարությամբ դադարեցվեց արցախաադրբեջանական պատերազմը, բայց շարունակվում են քննարկումները կատարած  պատերազմական հանցագործությունների  համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ:

«Պատերազմական հանցագործություններ. ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Ադրբեջանին և Թուրքիային» թեմայով քննարկման ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը նշեց, որ  պատերազմի ավարտը չի փոխում այն միջոցները, որոնք հասու էին ՀՀ-ին և անհատներին՝ իրենց դեմ խախտումների առնչությամբ պաշտպանություն իրականացնելու համար: Փաստաբանի խոսքով՝  ուղղակի արդեն մեծամասամբ գործ ունենք ավարտված փաստերի հետ:

«Մենք ունենք մինչև պատերազմը տասնամյակներ ընթացող, պատերազմի ընթացքում շարունակված և, ինչպես տեսնում ենք, մինչ օրս շարունակվող ռասայական դիսկրիմինացիաների բոլոր ձևերի արգելման մասին կոնվենցիայի կոպիտ խախտումներ Ադրբեջանի կողմից, որոնց առնչությամբ կարծես թե առաջին քայլը կա արված այս պահին՝ ԱԳՆ-ն պաշտոնական նոտա է ուղարկել Ադրբեջանին՝ պահանջելով վերացնել, դադարեցնել խախտումները: Սա անհրաժեշտ նախապայման է հետագայում հայց ներկայացնելու համար Արդարադատության միջազգային դատարան, այսինքն՝ առնվազն այդ նախապայմանն արդեն իսկ կատարված է, ինչը հույս է ներշնչում, որ հաջորդ քայլերը նույնպես կկատարվեն»,- ասաց Արա Խզմալյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ տարբեր միջազգային ատյաններում հայկական կողմը կարող է 3 հիմնական հիմքով բողոքներ ներկայացնել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Խոսքը  մարդու իրավունքների, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է: Չնայած, փաստաբանի խոսքով, հայկական կողմը չունի իրավասություն դիմելու այս բոլոր 3 խախտումների համար անհրաժեշտ դատարաններ, սակայն, օրինակ, հումանիտար իրավունքի դեպքում կարող ենք, ըստ Ղազարյանի, դիմել Արդարադատության միջազգային ատյան կամ ՄԻԵԴ:

«Մենք ամենատարբեր ատյաններում կարող ենք օգտագործել այնպիսի փաստարկներ, որոնց համար մենք, ասենք, Հաագայի դատարանում՝ Միջազգային քրեական դատարանում, չենք կարող օգտագործել, որովհետև հասու չէ այդ դատարանը մեզ, բայց մարդու իրավունքների կոնտեքստով,  պատերազմի հանցագործությունները, ֆոսֆորային ռումբերի օգտագործումը կամ քաղաքացիական բնակչության ռմբակոծումը, մենք դա կարող ենք օգտագործել մարդու իրավունքների փաթեթով Մարդու իրավունքների դատարանում:

Կամ, եթե ռասիզմի հիմքով, ի վերջո, դատավարություն սկսվի, կարող ենք վիճարկել Արդարության միջազգային ատյանում կամ մարդու իրավունքների կոմիտեում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որ անհատական գանգատներն անընդհատ ներկայացվեն: Քանի դեռ պատերազմի ակտիվ փուլն էր, գրեթե անհնար էր անհատական գանգատների վրա աշխատել, ասենք, ես և իմ ընկերները, որ սկսեցինք պատերազմի առաջին օրերին անհատական գանգատների վրա աշխատել, կասեցրել ենք այդ աշխատանքը, որովհետև ապացույցներ չենք կարողանում հավաքել, մեր քննիչները չեն կարողանում ապացույցներ հավաքել: Հիմա ապացույցներ կարելի է հավաքել, բայց կարծես թե կառավարությունն ամեն ինչ վերցրել է իր ձեռքը և ուզում է միջպետական գանգատի շրջանակներում դա անել: Գո՞ւցե դա ավելի լավ է, տեսնենք, թե ինչպես կլինի: Բայց աշխատանքները բոլոր դեպքերում՝ անհատական գանգատների, չի կարելի դադարեցնել: Բացի այդ, խոսքը միայն դատավարության մասին չպետք է լինի, պետք է հավաքել փաստերը և ներկայացնել բազմաթիվ մոնիտորինգային խմբերի: Եվ դա նւոյնպես հետագա դատավարություններին կօգնի»,- ասաց Արա Ղազարյանը:

Անդրադառնալով ապացույցների բազային՝ Արա Խզմալյանը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի ապացուցողական բազան ուժեղ է, քանի որ արտասահմանցի լրագրողներին Արցախում աշխատելու հնարավորություն է տրվել:

Հիշեցնենք, որ պատերազմի 44 օրերի ընթացքում արդրբեջանաթուրքական կողմը կիրառել է արգելված զինատեսակներ՝ ինչպես բանակի, այնպես էլ՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ,  հրկիզել է  անտառապատ տարածքներ, խոշտանգել է գերիներին:

Տեսանյութեր

Լրահոս