«Չի կարելի թույլ տալ Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող միջանցքի ստեղծում, քանի որ այն թուլացնելու է Հայաստանը». բելգիացի պատգամավոր

Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ջորջիս Դելիմեյնը պատերարզմի վերջին շաբաթում Լեռնային Ղարաբաղում գտնվելուց հետո վերադարձել է իր երկիր ու խորհրդարանի ամբիոնից ԼՂ հակամարտության մասին բանավեճի ընթացքում գործընկերներին պատմել ադրբեջանական բանակի կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունների մասին:

Նա Բելգիայի կառավարությանը կոչ է արել դատապարտել Թուրքիային և Ադրբեջանին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև մարդասիրական օգնություն ուղարկել վիրավոր հայերին ու փախստականներին. տեսանյութը հրապարակվել է Բելգիայում Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջում:

«Մեկ շաբաթ առաջ Լեռնային Ղարաբաղում էի գտնվում: Տեսել եմ ադրբեջանական ագրեսիան, տեսել եմ՝ ինչպես են անօդաչու սարքեր, կասետային զինամթերք օգտագործում: Արյան հեղեղ եմ տեսել:Տեսել եմ, որ հայ ժողովրդին բոլորը դավաճանել են: Պետք է կրկնեմ. բոլորն են հայերին դավաճանել: Հայերը մենակ են մնացել բարբարոսությանը դիմակայելու գործում. այլ խոսքեր չեմ կարող գտնել Սիրիայից վարձկաններին նկարագրելու համար»,- նշել է խորհրդարանականը:

«Չենք կարող ընդունել «ուժեղը միշտ հաղթում է» կանոնը այս տարածաշրջանում միակ ժողովրդավար պետության դեմ: Չենք կարող ընդունել, որ նԱՏՕ-ի դաշակիցը երրորդ երկրում ահաբեկիչներ և արգելված զինատեսակներ օգտագործի»,- նշել է նա՝ ընդգծելով, որ չի կարելի նաև թույլ տալ նաև Ադրբեջանն ու Նախիջևանն իրար կապող միջանցքի ստեղծումը, քանի որ այն թուլացնելու է Հայաստանը, զրկելու է հայկական կողմին Իրանի հետ սահմանից և հիմք է դառնալու Թուրքիայի պանթյուրքական ծրագրի իրականացման, ինչպես նաև Կասպից ծովից եկող գազատարների նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար:

Պատգամավորը նաև նշել է, որ Մինսկի խումբն այժմ «կոմայի» մեջ է գտնվում, ուստի՝ առաջարկել է ԵԱՀԿ դիտորդներ ուղարկել տարածաշրջան, որպեսզի հնարվոր լինի պաշտպանել հայերին և այն տարածքները, որտեղ վերջիններս միշտ են ապրել:

Տեսանյութեր

Լրահոս