Բաժիններ՝

«Հնարավոր չէ՝ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա». Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ բյուջեի նախագիծն այս պահին հաշվեկշռված տեսք ունի։

«Կարծում եմ՝ նախագիծը, որը ներկայացվել է՝ հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար։ Մնացածը՝ քննարկումները ցույց կտան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։

Միևնույն ժամանակ փոխվարչապետը նկատեց, որ չեն կարող ասել, որ հայտարարված ռազմական դրությունը չի ազդել տնտեսության կամ բյուջետային մուտքերի վրա։

«Ըստ այդմ, մենք պետք է մտածենք պարտքի շեմի մասին, կարծում եմ՝ մենք կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա դուրս գալ այս իրավիճակից։ Մարտահրավերից բխող ռիսկերը նաև չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական կայուն վիճակ։ Այնքան կարևոր չէ պարտքի շեմը, որքան կարևոր է, թե այդ պարտքում ներգրավված միջոցներն ինչ արդյունավետություն ունեն։ Պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, և որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որպեսզի իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով։ Կարծում եմ՝ ուշադիր պետք է լինենք և հետևենք այն պարզաբանումներին, որոնք կտրվեն Ֆինանսների նախարարության փորձագետների կողմից, թե այդ պարտքն ինչպես է ծախսվելու։ Այո, հնարավոր չէ՝ պարտքի շեմի փոփոխություն տեղի չունենա, բայց դրա արդյունքում մենք ծախսման այնպիսի մեխանիզմներ կդնենք, որոնք կնպաստեն արդյունքների գեներացմանը»,- հավելեց փոխվարչապետը։

Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով հնարավոր խիստ սահմանափակումներին, Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում այնպիսի իրավիճակ չէ, որ գնան «լոքդաունի»։

«Եթե անցած փորձն ամփոփենք՝ ոչ միայն Հայաստանի ու հարևան երկրների, այլև Եվրոպայի, կարծում եմ՝ այս պահին նման օրակարգ չենք ունենալու։ Սակայն, օգտվելով առիթից, բոլորին կոչ եմ անում, որ մեր կանխարգելիչ բոլոր միջոցառումներն ինքնակամ պահպանեն, դա ամենաարդյունավետ միջոցն է այս պահի դրությամբ»,- շեշտեց նա։

Խոսելով հարկահավաքության խնդիրների մասին՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ հարկերի շրջանառությունը որոշ իմաստով կնվազի, և հարկային մուտքերը նախատեսվածից մի փոքր ցածր մակարդակ կունենան, պակասուրդն ավելին կլինի, սակայն կան կոմպենսիացոն մեխանիզմներ, որոնք այդ պարագայում պետք է կիրառեն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը, փոխվարչապետը նկատեց, որ իրականացրել են 24 միջոցառում, որոնք որոշակի իմաստով լուրջ դերակատարություն ունեցան և իրավիճակը, եթե ոչ լիարժեք, բայց չեզոքացման ֆունկցիան զգալիորեն կատարվեց։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի ընթացքում տեղի ունեցած պետական գնումներին և դրա հետ կապված բազմաթիվ հարցականներին՝ Մհեր Գրիգորյանը նշեց. «Կորոնավիրուսի հետ կապված առնվազն բոլոր միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները կան և լինելու են։ Վստահ եմ, որ այդ հաշվետվությունների կառուցվածքն այնպիսին կլինի, որը կպարունակի բոլոր հարցերի պատասխանները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս