Ադրբեջանին ուշքի բերելու մեկ ճանապարհ կա․ Ադրբեջանագետ
«Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը համոզված է՝ Ադրբեջանին ուշքի բերելու մեկ ճանապարհ կա․ դա նրա ռազմական մեքենայի ողնաշարը ջարդելն է, այնպիսի հարված հասցնելը, որ սեփական ժողովրդից այլևս ի վիճակի չլինի թաքցնելու որևէ բան։ Անհրաժեշտ է պատճառել նաև տարածքային կորուստներ, որի դեպքում Բաքվի դիկտատորի աթոռը կճոճվի, ազգային փոքրամասնությունները դրանով կստանան ազդակ ապստամբության համար, որին վաղուց պատրաստ են։
«Մենք պետք է հասկանանք՝ քանի դեռ ռազմաճակատում ադրբեջանական ռազմամեքենայի ողնաշարը չենք ջարդել, քանի դեռ Թուրքիան քաջալերում է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները՝ օժանդակելով ոչ միայն բարոյապես, այլև զինվորականներով, վարձկաններով, ու սպառնալով, որ կներգրավվի պատերազմի մեջ՝ որպես լիակատար կողմ, պատերազմը կանգ չի առնի։
Թուրքիան պետք է խաղից դուրս գա, իսկ մենք էական ռազմական վնաս պետք է հասցնենք Ադրբեջանին։ Միայն ռազմի ճակատում լիակատար ջախջախման պարագայում Ադրբեջանը կնստի բանակցային սեղանի շուրջ։ Իսկ մինչ այդ պետք է նաև դիվանագիտական դաշտում աշխատենք Մինսկի խմբի համանախագահների ու այլ երկրների հետ, որպեսզի ավելի ընկալելի դառնանք նրանց համար ու օր առաջ ճանաչենք Արցախի անկախությունը։ Այն հիմա օրհասական խնդիր է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, Ֆրանսիան չի ճանաչի Արցախի անկախությունը, քանի դեռ դա չի արել Հայաստանի Հանրապետությունը։
Գրիգորի Այվազյանն ընդգծեց՝ այս պարագայում փոխզիջումներն անհնար են։
«Մեր կողմից ցավոտ փոխզիջումն այն է, որ մինչև հիմա չենք ճանաչել Արցախի անկախությունը։ Այն ոչ թե փոխզիջում, այլ խորագույն սխալ է։ Դրանից ավելի ցավոտ փոխզիջո՞ւմ։ Գոյամարտ է սա։ Կոսովոն ժամանակին անկախ են ճանաչել, որ փրկեն ցեղասպանական գործողություններից, այստեղ նույնն է․ անջատում՝ հանուն փրկության։ Բայց, եթե առաջինը Հայաստանը չի ճանաչել անկախությունը, հո Զիմբաբվեն չի՞ գալու ճանաչի։ Չպետք է կրկնենք 1994թ․ սխալը և չկնքենք զինադադար, մինչև մեր ռազմական բոլոր ծրագրերը չլուծենք ռազմի դաշտում։ Մեր փոխզիջումը կլինի այն, որ մեր հաղթանակից հետո կհանդուրժենք Անդրկովկասում Ադրբեջանից մնացած բեկորների գոյությունը»,- նկատեց ադրբեջանագետը։