Բուժիչ կռատուկը

Բուժիչ նամակներ
(Սկիզբը` նախորդ համարում)

Մշակվում է բազմաթիվ երկրներում` որպես ուտելի և բուժիչ հատկություններ ունեցող բույս։ Ընդգրկված է մի քանի եվրոպական երկրների և ԱՄՆ-ի դեղաբանական ձեռնարկներում։

Չկա այդպիսի հիվանդություն, որի դեպքում հակացուցված լինի այս հրաշալի խոտաբույսը։ Այն լայնորեն օգտագործվում է աղցանների (տերևը), վինեգրետների (արմատը և ցողունը) մեջ։ Տերևը և կոթունները լավ համեմունք են ապուրի համար։ Արմատը կարելի է եփել, խորովել, տապակել։ Դրանից պատրաստում են մուրաբա։ Փոշիացրած արմատի և աշորայի (տարեկան) ալյուրի խառնուրդով հաց են պատրաստում։ Արմատը տապակելուց առաջ, նախօրոք եփեք աղաջրի մեջ։ Տերևը 2 րոպե պահեք եռջրի մեջ, մանրացրեք և խառնեք աղցանին։

Հնուց հարգի է կռատուկի արմատից պատրաստված առողջարար սուրճը` բովեք և աղացեք սրճաղացով։
Ռուսական սուրճ. Խառնեք 1-ական թ/գ կռատուկ, սուրճ, շաքարավազ (Ռ. Ավագյան, «Աշխարհի ժողովուրդների կոկտեյլներ և ըմպելիքներ», 1990)։
Ապուր. Մանրացրեք, խառնեք գազի, կռատուկի, խստորուկի (Dioscorea decne-գրանցված է «Կարմիր գրքում) արմատները (5։5։3)։
100-150 գ հումքն 8 ժամ թրմեք տաք ջրի մեջ։ Քամեք։ Թուրմի մեջ եփեք 50 գ հավի կրծքամիս, խոտաբույսերի զտված խառնուրդը լցրեք լաթե պարկը և իջեցրեք կաթսայի մեջ։

Կերեք շաբաթը 2 անգամ։
Կոպերի քրոնիկ արցունքակալում. Խառնեք 1-ական ճ/գ թանթրևենու ծաղիկ, ընկույզի տերև, կռատուկի արմատ։
Ավելացրեք 600 մլ ջուր, հասցրեք եռման, եփեք 1-2 րոպե։ Թրմեք 30 րոպե։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 4 անգամ` նախքան սնվելը։ Շարունակեք` երեք, ընդմիջեք երկու շաբաթ։ Կրկնեք ըստ անհրաժեշտության (առնվազն ևս 1 անգամ)։
Տիրեոտոքսիկոզ. Խառնեք 1-ական թ/գ քարխոտի և կռատուկի արմատները, 2-ական թ/գ մատիտեղ թռչնի և առյուծագի խոտերը, ալոճի ծաղիկ։ Ավելացրեք 500 մլ ջուր, եռացրեք 5 րոպե։ Թրմեք 2 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 5 օր, կրկնեք ևս 3 անգամ։ Շարունակեք 4 ամիս ընդմիջումներով (տե՛ս նախորդը)։
Հոդատապ. Խառնեք կռատուկի արմատը, մանուշակ եռագույնի և բերենիկե բժշկականի (Veronica off.) խոտերը, չայիր սողացողի արմատը (3։3։2։2)։ Հումքի 2 ճ/գ-ին ավելացրեք 400 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք 30 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ, սնվելուց 1 ժամ հետո։
Լյարդի և աղեստամոքսային համակարգի հիվան.դությունների բուժման ընթացքում խմեք տերևի թուրմը գոլ վիճակում` 1 ճ/գ թրմեք ինչպես թեյը։
Քրոնիկ փորկապություն. 1 ճ/գ արմատին ավելացրեք 400 մլ եռջուր, 15 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա (փակ կափարիչի տակ)։ Կես ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-6 անգամ։
Քրոնիկ ֆարինգիտ. Խառնեք 2-ական թ/գ կռատուկի և տատասկափշի արմատները, 4 թ/գ մորենու տերև, 1 թ/գ երիցուկի ծաղիկ։ Հումքի 2 ճ/գ-ն 8 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-6 անգամ։
Մրսածություն. Խառնեք 1 թ/գ կռատուկի և 2 թ/գ տատրակի տերևները, կես թ/գ գնարբուկ գարնանայինի (primula veris) խոտը։ Հումքը 3 ժամ թրմեք 400 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 5-6 անգամ։
Ոգեթուրմ. 50 թարմ (30գ չոր) կռատուկի արմատը մեկ շաբաթ թրմեք 500 մլ չոր գինու մեջ։ 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Ոգեթուրմն ունի ցավազրկող հատկություն. ատամնացավի, ստոմատիտի դեպքում մի քանի րոպե պահեք բերանում, գլխացավի դեպքում դրեք թրջոց քիմքին, ճակատին, ծոծրակին։

Ստամոքսի խոց. Կերեք առանց սահմանափակման կռատուկի արմատի մանր քերվածք։
Չիբան. Աղացեք տերևը, դրեք վերքի վրա։
Այրվածք- Աղացեք տերևը, խառնեք վազելինի հետ (2։1)։ Մշակեք վերքը։
Կորյակներ. Խառնեք հավասար քանակությամբ կռատուկի և կղմուխի արմատներ, սրոհունդի խոտ, ընկույզի տերև։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ, օրը 2 անգամ։
Յուղամզվածք. 20 գ կռատուկի թարմ արմատին ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ։ Մեկ օր թրմեք տաք տեղում, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնեք փայտե գդալով, քամեք։ Նախատեսված է մազերի խնամքի համար, կանխարգելում է մազաթափությունը։ Ներմերսեք գլխամաշկին, 1 ժամից լվացեք մազերը։

Մազարմատներն ամրացնող միջոցներ

  • 2ճ/գ կռատուկի արմատին ավելացրեք 500 մլ եռջուր։ Եփեք թույլ կրակի վրա` մինչև մնա հեղուկի կեսը։ Անջատեք կրակը և անմիջապես ավելացրեք 2 ճ/գ տրորած սամիթի սերմ։ Կես ժամից թուրմը (հումքի հետ) լցրեք ջերմապահի մեջ և թրմեք ևս 3 ժամ։ Օրումեջ ներմերսեք գլխամաշկին, շարունակեք 2 ամիս։ Նաև կանխարգելում է մազերի վաղաժամ գունափոխումը։
  • Խառնեք կռատուկի արմատը, եղինջի տերևը (1։2)։ 100 գ հումքը 2 ժամ թրմեք 1 լ եռջրում։ Նախատեսված է մազերը լվանալու և ցայելու համար։
  • Խառնեք հավասար քանակությամբ ուռենի սպիտակի կեղևը, կռատուկի արմատը։ 4 ճ/գ հումքին ավելացրեք 1 լ ջուր։ Հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ Թրմեք մինչև հովանալը, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։
  • Խառնեք կռատուկի և խնկեղեգի արմատները, գայլուկի կոները, վաղենակի ծաղիկները (4։4։3։2)։ 3 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Ներմերսեք գլխամաշկին քնելուց առաջ։
  • Կարևոր է հիշել, որ տարվա ցուրտ եղանակին չի կարելի տանից դուրս գալ առանց գլխարկի:
  • գլուխը պետք է լվանալ ոչ շատ տաք ջրով (մոտ 50C):
  •   չի կարելի լվանալ մազերը ծորակի ջրով, այլ պետք է թրմել եռացրած ջուրը մինչև հովանալը, ևս մեկ անգամ եռացնել և թրմել, որից հետո հասցնել անհրաժեշտ ջերմաստիճանի։

Ուժեղ մազաթափության դեպքում անհրաժեշտ է համապատասխան մասնագետի խորհուրդը։

Կան դեղաբուսային թուրմեր, որոնք նախատեսված են և արտաքին, և ներքին օգտագործման համար.

  • Խառնեք եղինջի և ջղախոտի տերևները, սրոհունդի խոտը, կռատուկի արմատ (բոլորը 30-ական գրամ), վաղենակի և անմեռուկի ծաղիկները, եգիպտացորենի մազմզուկներ, սրոհունդի խոտ (բոլորը 50-ական գրամ)։ Հումքը 2 ժամ թրմեք 2լ եռջրում, տաք տեղում (տարան փաթաթեք լաթով)։ Լվացեք կամ ցայեք մազերը, խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց կես ժամ առաջ։

 

Տեսանյութեր

Լրահոս