Վերին Լարսում ՀՀ կցորդը՝ Վրաստանի կողմից ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքն արգելելու մասին
Սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ասվում էր, որ Վրաստանն արգելել է Ռուսաստանից ուղարկված շտապ օգնության մեքենաների մուտքը Հայաստան: Տեսանյութում նկարահանողն ասում է, որ մեքենաները վերադառնում են Ռուսաստան:
Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով հայտնում է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:
Այսինքն՝ Վրաստանը տարանցիկ ճանապարհ չի տրամադրել հիշյալ մեքենաներով բարձված բեռնատարների համար: Ս. Հարությունյանը ցուցադրել է ՈՒԱԶ-ներով բեռնված մի քանի խոշոր բեռնատարներ, որոնք, ըստ իր մեկնաբանության, Վրաստանի կողմից մուտքի արգելքների հանդիպելով՝ հետ են վերադառնում Ռուսաստան:
Ենթադրվում է, որ շտապ օգնության այդ ՈՒԱԶ-ները գնվել են Ռուսաստանի հայության կողմից և, որպես հումանիտար բեռ, ուղարկվում էին Հայաստան:
Վերին Լարսում ՀՀ կցորդ Արամ Թանանյանը 168.am-ին հայտնեց, որ Լարսում խնդիր չկա, մաքսային ընթացակարգերն անցնում են ՌԴ-ից ու նորմալ շարունակում ճանապարհը։
«Ինչքան գալիս են, գնում են։ Ինչ որ գալիս է Ռուսաստանից՝ ամբողջն անցնում է այստեղով, ես դրա պատասխանատուն եմ, թե հետո որտեղ ինչ խնդիրներ են առաջանում՝ չեմ կարող ասել»,- նշեց Վերին Լարսում ՀՀ կցորդը։
Մեր տեղեկություններով՝ Վրաստանի անցակետում խնդիրը հերթի պատճառով է եղել, իսկ հիմա արագ սպասարկում են։