Արցախցի պատանիներն աջակցություն են ստանում մասնագիտության կողմնորոշման հարցում
Արցախցի պատանիներին ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում աջակցելու նպատակով իրականացվող «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին փուլն ավարտվեց: «Իմ ապագան իմ ձեռքերում է» քառօրյա ծրագիրը երկու մասից է բաղկացած: Տեսական հատվածում պատանիներն ունենում են հագեցած ու արդյունավետ հանդիպումներ փորձառու դասընթացավարների, տարբեր ոլորտի մասնագետների հետ, ձեռք բերում անհրաժեշտ ու կարևոր գիտելիքներ, սովորում ցանկությունն իրական արդյունքի վերածելու հմտություններն ու գաղտնիքները: Գործնական փուլում երեխաներն այցելում են մասնագիտական, կրթական ու արտադրական տարբեր հաստատություններ, հենց բիզնեսի ղեկավարների հետ ունենում անմիջական զրույց-քննարկում, ուղղում իրենց հետաքրքրող հարցերը: Ծրագիրը երեխաներին օգնում է սահմանել նպատակներ, տիրապետել դրանք արդյունավետորեն կյանքի կոչելու գործիքներին:
Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանի հավաստմամբ, ծրագիրը կառուցված էր ճիշտ ու նպատակային, իսկ ծրագրի արդյունքներն ավելի լավ արտահայտում են հենց երեխաների ոգևորությունն ու դրական կարծիքները:
«Ծրագրի արդյունքները կարելի է համարել ոչ թե բավարար, այլ գերազանց: Ամեն բան համամասնորեն էր կառուցված՝ թե´ տեսական ու գործնական դասընթացները և թե´ երեխաների ժամանցն ապահովող, արվեստի ու մշակույթի բնագավառների հետ առնչվող բազմաբնույթ հանդիպումների կազմակերպումը: Խորին շնորհակալություն եմ հայտնում այս նախագծի գաղափարի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր օգնել ու աջակցել են ծրագրի կայացմանը: Նրանց շնորհիվ մեր պատանիները ոչ միայն օգտակար գիտելիքներ են ստացել, այլև ինչ-որ կերպ թոթափել են պատերազմական քրոնիկոնը: Քանի որ երեխաները շատ ոգևորված ու հետաքրքրված են ծրագրով, մեկնարկում ենք նաև երկրորդ փուլը: Կրթության ոլորտը չպետք է որևէ կերպ տուժի, և նման նախագծերով մենք պետք է ժամանակն ի նպաստ օգտագործենք մեր երեխաների կրթական գործընթացի անխափան իրականացմանը»,-նշել է նա:
«Այս դասընթացի սկզբին բավականին մեծ ակնկալիքներ ու սպասումներ ունեի, որոնք բոլորն արդարացան. ձեռքբերված գիտելիքներն ու հմտություններն օգտակար են լինելու կյանքի բոլոր փուլերում ու բնագավառներում: Ծրագրի ավարտին հասկացա, որ ճիշտ ուղիով եմ ընթանում և վերջնականապես համոզվեցի, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել»,- նշում է 16-ամյա Անգելինա Բալայանը, որը մասնակցել է «Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրին: Ծրագիրը նախաձեռնել է 8 18 Consulting ընկերության հիմնադիր Նանա Հովհաննիսյանը, նրա համախոհների ու Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության հետ համատեղ, և նպատակն է օգնել պատանիներին ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում, ձևավորել ապագային միտված պրոակտիվ մտածելակերպ: Նախագծի հեղինակ Նանա Հովհաննիսյանը հիշում է՝ գաղափարը ծագեց պատերազմը սկսվելուց մի քանի օր անց, հերթական քոուչինգ դասընթացի ժամանակ, երբ մասնակիցները սովորում էին՝ պլաններ կազմելու ապագան ձևավորելու գործիքները: Անորոշ իրավիճակ էր, բայց գիտակցում էին, որ պետք է ուժերի ներածին չափով, որևէ կերպ աջակցել Արցախին ու արցախցիներին, և որոշեցին, որ լավագույն տարբերակներից մեկը ապագայի սերնդին՝ պատանիներին օգտակար լինելն է:
«Այսօր յուրաքանչյուրս իր առաքելությունն ունի. զինվորը պահում է առաջնագիծը, իսկ մենք պետք է ամուր ու անսասան պահենք թիկունքը, շարունակենք երազել, սահմանել նպատակներ ու հստակ քայլերով գնալ դեպի դրանց իրականացում: Մեր երիտասարդներն ու պատանիներ են կերտելու մեր հաղթական ապագան, ապագան հենց նրանք են: Պատանիներին աջակցելու նպատակով որոշեցինք օգտակար լինել՝ կիսվելով մեր գիտելիքներով ու փորձով: Ծրագիրը շատ արագ կազմվեց, կապ հաստատեցինք Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և մշակույթի նախարարության հետ, տիկին Ղարախանյանը մեծ ոգևորությամբ ընդունեց համագործակցության առաջարկը: Ժամերի ընթացքում մի շարք գործընկերներից արագ արձագանքներ ստացանք, ովքեր միացան մեր նախաձեռնությանը՝ առաջարկելով իրենց օգնությունն ու աջակցությունը: Ծրագրի հայտարարությանն արագ արաձագանքեցին նաև պատանիները. առաջին խումբը հավաքվել է ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Ուժեղ, տաղանդավոր ու յուրահատուկ մտածելակերպով, ֆանտաստիկ երեխաներ են բոլորը: Նրանք հասուն մարդու նման գիտակցում են պահի լրջությունն ու կարևորությունը, սակայն դրա հետ մեկտեղ հասկանում են նաև, որ ամեն ինչ դեռ առջևում է, և ոչ միայն իրենց, այլև երկրի ապագան է հենց իրենց ձեռքերում: Այս հասուն ու հաստատակամ պատանիներն ունեն խոստումնալից նպատակներ և հետևողականորեն քայլում են դեպի դրանց իրագործում: Հաղթանակած սերունդը հենց այսպիսին է լինում»,- նշել է Նանա Հովհաննիսյանը:
Ծրագրի մեկ այլ մասնակից Գրիգորի Դանիելյանը, ով որոշել է բժիշկ դառնալ, նշեց որ 4 հագեցած ու հետաքրքիր օր են ունեցել, համատեղել են հաճելին օգտակարի հետ:
«Մասնագիտությունս դեռ վաղուց եմ ընտրել, շատ լավ գիտակցում եմ բժշկի աշխատանքի դժվարությունն ու կարևորությունը, գիտեմ թե ինչ մեծ պատասխանատվություն եմ ստանձնելու, բայց ես հստակ քայլերով գնում եմ դեպի իմ նպատակի իրականացում: Շատ ուրախ եմ, որ նման լավ կազմակերպված ու հետաքրքիր ծրագրի մասնակցեցի, որովետև այն օգնեց ձեռք բերել գիտելիքներ ու կարողություններ, որոնք ինձ միանշանակ պետք են գալու: Բայց այս ընթացքում ամենակարևոր ձեռքբերումներիցս նաև 13 նոր ընկերներն են, որոնց հետ շփումը հետագայում էլ կշարունակվի»,-նշել է նա:
Խոսելով ծրագրի շարունակականության մասին՝ Նանա Հովհաննիսյանը հավելել է, որ արդեն մեկնարկել են երկրորդ խմբի դասընթացները, և ամեն օր նոր դիմումներն ավելանում են: «Քանի որ Արցախից ժամանած մեր հայրենակիցներից շատերը տեղակայված են նաև մարզերում, մենք փորձում ենք ապահովել նաև այնտեղի երեխաների մասնակցությունը, և որքան հնարավոր է շատ պատանի ներգրավված լինի ծրագրում»,-ավելացրել է Նանա Հովհաննիսյանը:
Ծրագրի առաջին փուլի ավարտին ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն ու Նանա Հովհաննիսյանը երեխաներին հանձնեցին մասնակցության վկայագրեր:
«Իմ ապագան իմ ձեռքերում է» ծրագրի առաջին փուլը մեկնարկել էր սույն թվականի հոկտեմբերի 19-ին: Երկրորդ երկրորդ խմբի դասընթացները սկսվում են այսօր՝ հոկտեմբերի 26-ին: