Բաժիններ՝

«Արցախում բժշկական սպասարկման հետ կապված որևէ խնդիր չկա՝ դեղորայք, սարքավորումներ, լավ հիվանդանոց ու լավ բժիշկներ կան». Հարություն Քուշկյան

Հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում թշնամու հրետակոծության տակ հայտնված և վիրավորում ստացած ֆրանսիական  «Le Monde»-ի թղթակիցներն  այսօր կմեկնեն Ֆրանսիա։

«Խոսել եմ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենի հետ, նրանց վիճակները բավարար է, մեկը վիրահատված է, մյուսն ուղղակի առաջին բուժօգնություն է  ստացել։ Հիմա Երևանում նրանց վիճակը կգնահատենք, որից հետո հատուկ ինքնաթիռով կմեկնեն Ֆրանսիա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։

Նա չմանրամասնեց, թե ֆրանսիացի լրագրողներից մեկն ինչ վիրահատության է ենթարկվել, միայն նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, նրա վիճակն այս պահին նորմալ է։

Հ. Քուշկյանը դժվարացավ ասել, թե Ստեփանակերտում քանի լրագրող են դիմել բուժօգնություն ստանալու, այդուամենայնիվ, ով էլ դիմել է՝ հավուր պատշաճի բժշկական օգնություն է ստացել։

«Արցախում բժշկական սպասարկման հետ կապված որևէ խնդիր չկա, ամեն ինչ կա՝ դեղորայք, սարքավորումներ, լավ հիվանդանոց ու լավ բժիշկներ»,- հավելեց նա։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ անդրադառնալով Արցախում թշնամու կողմից լրագրողներին թիրախավորելուն, ասաց, որ երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունն այս կապակցությամբ ասել էր, թե իբրև Արցախ գնալու համար լրագրողները պետք է թույլտվություն խնդրեին Ադրբեջանից, կամ նման վտանգավոր վայրեր չգնային, ինչը, ՄԻՊ-ի խոսքով՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպիտ խախտող հայտարարություն է։

«Կոնֆլիկտային գոտիներում լրագրողներն աշխատելու համար ունեն պաշտպանության հատուկ կարգավիճակ, ուժեղ երաշխիքներով են պաշտպանված։ Լրագրողի մանսագիտական աշխատանքն այդ գոտիներում բացարձակ լեգիտիմ բնույթ ունի, և ոչ թե պետք է կոչ անեն լրագրողին չթողնել այնտեղ, հակառակը՝ լրագրողը որ պահին մտավ զինված բախման վայր,  այդ պահից սկսած նա հայտնվում է  պաշտպանության տակ։ Նախ մենք այստեղ գործ ունենք միջազգային լրագրողների հետ, որոնց աշխատանքի նպատակն օբյեկտիվ խնդիրների վերհանումն է»,- ասաց Արման Թաթոյանը։

ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ ցանկացած կասկածելի իրավիճակում կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է, հատկապես այս դեպքում, երբ լրագրողները կրել են տարբերակող համազգեստ։

«Լրագրողների հետ կապված մենք հերթական զեկույցն ենք պատրաստում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և այլ տեղեր ուղարկելու համար, նաև հատուկ հաղորդում եմ ուղարկել վարձկանների հետ կապված»,- եզրափակեց Ա. Թաթոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս