«Պատերազմի ավարտից հետո պետք է լուրջ հետևություններ անենք և հասկանանք ընդամենը մեկ պարզ բան». Պատմաբան

«21-րդ դարում պատերազմները ոգու չեն լինում, լինում են բացառապես խելքի և գիտության, ու հաղթում են այն ժողովուրդները, ովքեր գնահատում են այն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ հակառակորդներին միշտ փորձել ենք թերագնահատել ու պատմության ընթացքում կանգնել եք փաստի առջև:

«Աբսուրդն այն է, որ մշակույթ չունեցող, քոչվորի կյանք վարած մեր հարևան ժողովուրդը կարողանում է բարձր տեխնոլոգիաներով իրականացնել ճշգրիտ խոցումներ և պատճառել մեզ մեծ թվով զոհեր, իսկ մենք, որ մշակույթ ունենք ու զարգացած գիտություն ենք ունեցել խորհրդային ժամանակաշրջանում, այսօր, ըստ էության, հայտնվել ենք այնպիսի վիճակում, որ բարձր տեխնոլոգիաներն աշխատում են մեր դեմ, որովհետև խնդիրը միայն պատերազմը չէ, խնդիրը պատերազմի պատճառները, հետևանքները հասկանալն է, և դրանց արդյունքում՝ մեր ունեցած կորուստների վերլուծությունը:

Հերի՛ք է, 30 տարի զբաղվում ենք ինքնախաբեությամբ՝ հակառակորդին անընդհատ փորձելով նսեմացնել, ասել, որ վաղը չէ մյուս օրը նավթն ավարտվելու է, բայց պատմությունը ցույց տվեց, որ ոչ նավթը ավարտվեց, ոչ քանդվեց այդ երկիրը, մի բան էլ առաջ գնացին բարձր տեխնոլոգիաների առումով:

Ի դեպ, իրենց մոտ նաև անօդաչու թռչող սարքերի արտադրություն կա, և, ըստ էության, այսօր տարածաշրջանում ռազմական առումով բարձր տեխնոլոգիաների ամենամեծ կիրառությունն ունեն: Պատերազմի ավարտից հետո պետք է լուրջ հետևություններ անենք և հասկանանք ընդամենը մեկ պարզ բան. եթե ժամանակին մենք մեր գիտության վրա մեծ գումարներ ծախսեինք, չխնայեինք, այսօր այդքան զոհեր չէինք ունենա, և այդքան մեծ գումարները, որ ՀՀ-ն ծախսում է ու ծախսել է, դրանց ընդամենը 10 տոկոսը եթե ուղղվեր մեր գիտությանը, մենք լրիվ այլ արդյունաբերական համալիր կունենայինք:

Բայց հիմա, ինչպես Ադրբեջանն է գնում, մենք ևս ստիպված ենք գնել:

Մարդիկ վերջապես պետք է հասկանան, թե գիտությունն ինչի համար է: Գիտությանը որ փող են տալիս, իրենց թվում է, թե գիտնականը նստում ու գիրք է գրում, որը ոչ ոք չի կարդում, այդպես չէ: Այ հիմա տեսնում ենք գիտության բացթողումները: Բնագիտական, բարձր տեխնոլոգիաների թևին մեծ ֆինանսավորում պետք է հատկացնենք և զարգացնենք ռազմարդյունաբերություն»,- նշեց պատմաբանը:

Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, Գևորգ Մելքոնյանը նկատեց. «Այն այս անգամ բացահայտ մեր օգտին է, միշտ և՛ 1990-ական թթ., և՛ 2016 թվականի ապրիլին ավելի շատ չեզոք է եղել: Այս անգամ իսկապես աննախադեպ էր Ֆրանսիայի նախագահի շատ բացահայտ հայտարարությունը, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին: ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը նույնպես հստակ ուղերձ էր Թուրքիային, իսկ Ռուսաստանի երեկվա  հայտարարությամբ ԱԳՆ-ն հստակ քննադատեց վարձկանների ներգրավվածությունը: Սեպտեմբերի 30-ին ևս  մի շատ կարևոր հայտարարություն եղավ, որին կուզեմ ուշադրություն դարձնենք. դա Իրանի հայտարարությունն էր, որ թույլ չի տա սահմանների մոտ անկարգությունների հրահրում և վարձկանների օգտագործում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարությամբ կողմերին խաղաղության կոչ արեց: Ամբողջը կարելի է ներկայացնել՝ որպես խաղաղության կարգավորման ուղերձ: Նրանք կոնֆլիկտի լուծումը տեսնում են խաղաղության, բանակցության միջոցով, ինչը ներկա պահին չի տեսնում Ադրբեջանը: Այստեղ մյուս խնդիրն է առաջանում, թե պրոհայկական միջազգային արձագանքն ինչպես ենք կարողանալու օգտագործել: Պետք է հասնենք Արցախի ինքնորոշման ճանաչման, որը շատ բարդ է: Մեր կողմից ճանաչելն այլ խնդիր է, միջազգային մակարդակում ճանաչելը՝ այլ: Պետք է այս դրական ֆոնն օգտագործենք հայանպաստ կարգավորման համար»:

Հիշեցնենք՝ Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել են նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի հարվածից:

Տեսանյութեր

Լրահոս