Բաժիններ՝

Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին աջակցելու նպատակով կտրամադրվի 30 մլն եվրո

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործադիրի անդամներին ներկայացրեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Նոր կորոնավիրուսի դիմակայման Հայաստանի պայմանագիրը» ֆինանսավորելու համաձայնագիրը։

«Այս համաձայնագիրը 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ է, որով նախատեսված ամբողջ աջակցությունը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով։ Ընդ որում, դրա 80 տոկոսը՝ 24 մլն եվրոն, տրամադրվելու է միանվագ՝ մասհանմամբ՝ համաձայնագրի ստորագրումից հետո առանց որևէ նախապայմանի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Նա նաև ընդգծեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո տրամադրվելու է հաջորդ 6 մլն եվրոն՝ համաձայնագրի հատուկ նախապայմաններում սահմանված նպատակների ապահովման արդյունքում։ Փոխվարչապետի կարծիքով՝ այս առումով այն բացառիկ ծրագիր է, որն ուղղված է աջակցելու նոր կորոնավիրուսի դիմակայման նպատակով իրականացվող Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին։

«Համաձայնագրով նախատեսված է մշակել և իրականացնել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական ծրագիր, որի աշխատանքները մենք արդեն սկսել ենք, բայց սա որպես պայմանավորված գործընթաց՝ վերաբերելու է 6 մլն եվրոյին։ Կարծում եմ, մոտ ժամանակներս այս միջոցները կփոխանցվեն պետական բյուջե։ Ուզում եմ շեշտել, որ սա կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերից մեկն է։ ԵՄ մեր գործընկերների հետ հիմա քննարկում ենք ևս 2 ծրագիր, որոնց վերաբերյալ վերջնական արդյունքները կներկայացնենք Կառավարությանը»,- շեշտեց Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ նախագիծն արժանացավ Կառավարության դրական եզրակացությանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անդամներին ներկայացրեց ևս մեկ համաձայնագիր, որով նախատեսված 30 մլն եվրոյից 26-ը տրամադրվելու է ուղղակի բյուջետային աջակցության տեսքով։

«Ծրագիրը միտված է աջակցելու Արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս