Նիկոլ Փաշինյանի ու ռուս հավաքարարուհու տարբերությունը
Ռուսաստանի Կոստրոմայի մարզի Պովալիխինսկի գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել այդ շրջանի կառավարման շենքի հավաքարարը։ Մարինա Ուդգոդսկայա անունով կինը խոստովանել է, որ իր թեկնածությունն առաջադրելու առաջարկությունը ստացել է գյուղապետ Նիկոլայ Լոկտևից, որն ընտրությունների ժամանակ իր միակ մրցակիցն է եղել: «Ես ընդհանրապես որևէ բան չեմ արել, իսկ մարդիկ գալիս էին ու քվեարկում: Ես 84 ձայն եմ հավաքել, իսկ Լոկտևը՝ մոտ 46»,- իր հաղթանակը մեկնաբանել է Ուդգոդսկայան, ով մինչև պաշտոնի ստանձնումը դեռևս շարունակում է հավաքարարի աշխատանքը:
Ցավալիորեն ծանոթ պատկեր է Հայաստանի այսօրվա առաքիչ մարզպետների ու նախարարների, DJ չինովնիկների ու դերասան պատգամավորների, քաղաքապետի խորապատկերում։ Նկարագրված տեսարանը, երբ հավաքարարուհին հաղթել է տեղական ընտրություններում, լայն իմաստով ժողովրդավարության ածանցյալ էֆեկտն է։ Իհարկե, Ռուսաստանը հեռու է ժողովրդավարական երկիր լինելուց, և սա սոսկ տեղական մակարդակի բացառություն է։ Իսկ խնդիրը խորքային առումով այն է, որ մարդիկ այնքան են հոգնում այս կամ այն պաշտոնյայի երկարատև իշխանությունից, որ պատրաստ են նրան փոխարինել անգամ հավաքարարով։
Ճիշտ նույն ֆենոմենը, որ դարձավ 2018 թվականի հայկական հեղափոխության հաղթանակի գրավականը։ Արդյունքում՝ իշխանության եկան ու բարձր պաշտոնների նշանակվեցին ոչ կոմպետենտ, կառավարման որևէ ունակություն ու կարողություն չունեցող երիտասարդներ, որոնց միակ կենսագրական արժանիքը Գյումրի-Երևան մայրուղու վրա անցկացրած գիշերների քանակն էր։
Մարինա Ուդգոդսկայայի ֆենոմենը ոչ միայն ժողովրդավարության ածանցյալ էֆեկտն է, այլ քաղաքական համակարգի չկայացածության հետևանքը։ Ժողովրդավարությունը կառավարման արդյունավետ ձև է միայն կայացած, մրցունակ քաղաքական համակարգերի առկայության դեպքում։ Այդ պարագայում քաղաքական ուժերն իրենց կադրային բազայում մշտապես ունենում են ցանկացած պաշտոն զբաղեցնելու պատրաստ մարդիկ։ Բայց քանի որ պուտինյան Ռուսաստանում ժողովրդավարությունն ու քաղաքականությունը ոտնահարված են հավասարապես, համայնքի ղեկավար է դառնում հավաքարար կինը։ Ինչպես Հայաստանում դարձել են պատգամավոր, նախարար ու մարզպետ։
Բայց Կոստրոմայի մարզի Պովալիխինսկի գյուղի նորընտիր համայնքապետի ու Հայաստանի նորաքայլ հեղափոխականների միջև կա սկզբունքային, աշխարհայացքային, արժեքաբանական տարբերություն։ Մարինա Ուդգոդսկայան հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին պաշտոնը ստանձնելուց հետո իր լիազորությունները մտադիր է փոխանցել այլ անձի, քանի որ պատրաստ չէ ղեկավար պաշտոնին, փաստաթղթերի հետ աշխատելու փորձ չունի, անգամ չի պատկերացնում, թե բնակավայրում քանի գյուղ կա, և որքան մարդ է այնտեղ ապրում: Հավաքարար այս կինը, ի տարբերություն Հայաստանի շատ բարձրաստիճան պաշտոնյաների, ունի այն, ինչն անվանում են մարդկային առաքինություն։ Նա հրաժարվել է շատերի համար բաղձալի պաշտոնից՝ այն պարզ, մարդկային պատճառաբանությամբ, որ ինքը չի համապատասխանում այդ աշխատանքին։ Պատկերացնել կարելի է, թե Հայաստանում որքան սխալներ գործված չէին լինի ու քանի ոլորտներ տապալված չէին լինի, եթե գործող իշխանության ներկայացուցիչների գոնե չնչին մասն ունենար այն առաքինությունը, որով օժտված է ռուսական գյուղի այդ բնակչուհին։
Հանուն արդարության պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը կամ ունեցել է նման մտածումներ, կամ հետագայում ուղղակի ցույց է տվել, որ ունեցել է։ Մասնավորապես, նախորդ տարի իր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումներից մեկի ժամանակ Փաշինյանը՝ մեկնաբանելով գրքի այն հատվածը, որում ասված է, որ իրական հեղափոխականը երբեք իշխանություն չի դառնում, ասել է․
«Երբ որ եկավ 2018 թվականի ապրիլը, և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ որ կար էդ կարգախոսը՝ «Նիկոլ, վարչապետ», բնականաբար, էս տեքստն անընդհատ ինձ հետ էր, անընդհատ իմ մտքում էր: Ինչի մասին էի ես մտածում՝ ես մտածում էի հեղափոխության էն բանաձևի մասին, որ գրվել է, և ես ինչ պետք է անեմ էդ իրավիճակում: Ես, անկեղծ ասած, իհարկե մտածել եմ, որ էդ իրավիճակում, երբ որ արդեն, այսպես ասած, առաջին փուլն ավարտված է, ես պետք է վերցնեմ իմ ուսապարկը և գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի միսիան ավարտված է: Բայց երբ որ ինձ հասկանալի է եղել, որ իսկ ինչ տեղի կունենա հետո՝ հետո Հայաստանի վարչապետ կդառնա, ասենք, օրինակ, Կարեն Կարապետյանը, կամ, չգիտեմ, ուրիշ ինչ-որ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ էդ հեղափոխությունը իրականում ներիշխանական ինտրիգ չէր, ես մտածեցի, որ ժողովուրդը ուղղակի կզգա իրեն, կներեք էդ բառի համար՝ օգտագործված ինչ-որ ուրիշ նպատակների համար: Ու մինչև հիմա էլ էդ ուսապարկը իմ ուսերին է՝ էդ տուն գնալու ուսապարկը, և միակ պատճառը, որ էդ սցենարը չի գործել, հետևյալն է՝ ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի շատ ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ․․․»:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը գոնե պոստֆակտում արված հայտարարությամբ ցույց է տվել, որ միգուցեև ունեցել է այդ առաքինությունից կամ գոնե մտածել է դրա մասին։ Բայց նրա առաքինությունը մնացել է մտորումների մակարդակում, իսկ Մարինա Ուդգոդսկայան համարձակություն է ունեցել այն կյանքի կոչել։ Դա է Նիկոլ Փաշինյանի ու ռուս հավաքարարուհու սկզբունքային տարբերությունը։
Արմենուհի Հայկազյան