Ովքե՞ր կարող են մեկնել Ռուսաստան և Չինաստան, ինչպե՞ս է լուծվելու Վերին Լարսի անցակետում կուտակված ՀՀ քաղաքացիների հարցը․ պարզաբանում է ԱԳՆ խոսնակը
«Մեր քաղաքացիների համար օդային սահմանով մուտքի ու ելքի արգելքներ չեն գործում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ ելքումուտքի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ ստացվող բազմաթիվ ակտուալ հարցերի։
Նախ՝ նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է ֆինանսական օգնություն 100.000 ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հաշվին։
Նրա փոխանցմամբ, այդ ծրագրի շրջանակում արդեն աջակցություն է ստացել 300 սիրիահայ ընտանիք Դամասկոսում և արվարձաններում։ «Մոտ օրերս այդ ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի նաև 4750 սիրիահայ ընտանիքի»,- մանրամասնեց Նաղդալյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ ելքումուտքին՝ ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ՀՀ կառավարության՝ Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ պահպանվել է միայն ցամաքային սահմանով մեր քաղաքացիների և օտարերկրացիների ելքումուտքի արգելքը, այն է՝ մեր քաղաքացիների համար օդային սահմանով մուտքի ու ելքի արգելքներ չեն գործում։
«Իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու պարագայում սահմանափակումները կապված են տվյալ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ներդրված սահմանափակումներին կամ այդ երկիր մեկնող անձի կարգավիճակին։ Այդ պայմանները հաճախ փոփոխվում են»,- նշեց նա։
Նաղդալյանն անդրադարձավ նաև Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ հղում կատարելով ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում սահմանափակումների պայմաններում կարող են այցելել ՌԴ։
«Դրանք են, ի թիվս ՌԴ քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամները, խնամակալները և հոգաբարձուները՝ վավեր անձը հաստատող փաստաթղթերի և հազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները՝ կրկին անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ-ում բուժհիմնարկի կողմից համապատասխան հրավերի առկայության դեպքում, ինչպես նաև՝ ՌԴ-ում մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները։ Նշեմ, որ ՀՀ Կառավարությունը շարունակում է ՌԴ-ի հետ աշխատել՝ ինչպես ՀՀ-ՌԴ կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ՝ ՌԴ-ՀՀ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքները շարունակվում են, և, ցավոք, այս պահի դրությամբ հստակ ժամկետներ չեմ կարող հայտնել»,- ասաց Նաղդալյանը։
Նա նաև նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բազմաթիվ հարցումներ է ստանում նաև Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների կողմից, ուստի նա պարզաբանեց, որ Չինաստան կարող են մեկնել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն երեք օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք։
«Ի դեպ, թեստը պետք է արվի ՀՀ-ում Չինաստանի դեսպանության կողմից նշված բուժհաստատություններում և լաբորատորիաներում։ Նաև մեր քաղաքացիներն իրենց հետ պետք է ունենան դեսպանատան կողմից տրված առողջական կարգավիճակի մասին հայտագիր, այլապես հունիսի 1-ից կրկին ուժի մեջ է ՀՀ-Չինաստան մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը։ Հավելեմ, որ դա վերաբերում է մինչև 90 օր Չինաստան այցելել ցանկացող մեր քաղաքացիներին, 90 օրից ավել այցի դեպքում պետք է նախապես դիմեն դեսպանատուն և ստանան համապատասխան մուտքի արտոնագիր»,- ասաց Նաղդալյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է կարգավորվելու Վերին Լարսի անցակետում ՀՀ վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների հարցը, Նաղդալյանը պատասխանեց, որ ՌԴ-ում գտնվող մեր քաղաքացիները չեն կարող ՀՀ վերադառնալ ցամաքային եղանակով, քանի որ Վրաստանում դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը։
«Այդ առումով մեր քաղաքացիներին պարզապես հորդորում ենք օգտվել կանոնավոր հաճախականությամբ իրականացվող չվերթերից՝ հատկապես ՌԴ հարավային շրջաններից ՝ Մինվոդի, Ռոստով, Սոչի, շաբաթական մի քանի անգամ իրականացվում են չվերթեր, և մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել այդ թռիչքներից և միաժամանակ կազմակերպել իրենց սեփական ավտոմեքենաների տեղափոխումը ՀՀ հատուկ ծառայությունների միջոցով, այլ տարբերակ ցամաքային եղանակով ՀՀ գալու չկա, տեղեկություն չունեմ, թե դա երբ հնարավոր կլինի»,- ասաց Նաղդալյանը։