Սկսվել են ռուսաստանյան պատվաստանյութի մատակարարումները՝ հետգրանցումային փորձարկումների համար

Մոսկվայի բուժհաստատությռուններում սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մատակարարումները հետգրանցումային փորձարկումներ անցկացնելու համար: Այդ մասին  հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այժմ սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի արդեն առաջին մատակարարումները կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի շրջանակներում»,- ասել է Մուրաշկոն լրագրողներին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է աշխարհում առաջին պատվաստանյութը՝ COVID-19-ի կանխարգելման համար, որը մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել է «Արբանյակ-V» անվանումը: Դա լուծույթ է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ է ստացել:

Նա նշել է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին:

Օգոստոսի 25-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը Գամալեյայի կենտրոնին թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններ անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս