«Բայց հիմա հեղափոխություն եք արել, պարոննե՛ր, հրաժարվեք բռնությունից». Իրավապաշտպանները՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպի մասին
Օգոստոսի 24-ի ուշ երեկոյան «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի մասին.
«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց, և ահազանգը փոխանցողի խոսքերով՝ «սպանում են»: Տվյալ դատապարտյալին վերջերս են Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների: Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով»:
Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն անդրադառնալով միջադեպին՝ ավելի ուշ տեղեկացրել էր.
«Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների. Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները: Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»:
Այսօր տեսակապի միջոցով «Միջադեպ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. համաչափ ուժի կիրառո՞ւմ, թե՞ խոշտանգում» թեմայով առցանց քննարկման ժամանակ միջադեպին անդրադարձան Ժաննա Ալեքսանյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ժաննա Ալեքսանյանը շեշտեց, որ նախարարությունը պարզաբանումը հրապարակել էր իր գրառումից ժամեր անց, ինչը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ միջադեպի մասին նրանց որևէ մեկը տեղեկություն չի տվել.
«Այդ տեղեկությունները ես ստացել եմ բավականին մանրամասն, նաև անուններ են ինձ հայտնի, բայց ես չեմ հրապարակել, որպեսզի այդ մարդկանց չվնասեմ:
Ի՞նչ է կատարվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Երբ փետրվար ամսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դաժան ծեծի ենթարկեցին և դանակահարեցին Վահագն Աբգարյանին, մենք էլի առաջինը հրապարակեցինք, և եթե մենք չհրապարակեինք, հնարավոր է՝ աղմուկ չլիներ, և որևէ մեկը չիմանար»:
Իրավապաշտպանը հավելեց, որ շատ են ահազանգերը, և թեև կալանավորները վախենում են տեղեկություններ փոխանցել, բայց պատմում են, որ պարբերաբար այդպիսի «ակցիաներ» տեղի են ունենում.
«Վահագն Աբգարյանի դեպքն արտառոց էր: Քրեական գործ է հարուցվել, սակայն 6 ամիս անց ո՛չ կասկածյալ կա, ո՛չ մեղադրյալ, երբ փակ համակարգում այդ ամեն ինչը պարզելը րոպեների հարց է ուղղակի, հատկապես, որ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել:
Եվ ի՞նչ արեցին՝ ընդամենը պետին տեղափոխեցին Գորիսի ՔԿ հիմնարկ, այնտեղ էլի դարձրին պետ:
Ինչու վերահսկողություն չկա քկհ-ներում. եթե այդ դեպքը չի բացահայտվում, նշանակում է՝ կրկնվելու են բռնության նման դեպքերը: Չկա դատախազական վերահսկողություն, պատգամավորական վերահսկողություն:
Ընդհանրապես ոստիկանական բաժանմունքներում, մենք հաճախ ենք հրապարակում այդպիսի դեպքեր, և որևէ արձագանք «Իմ քայլից»: Այսինքն՝ սա մարդկային բան է՝ գնացեք-տեսեք այդ մարդու վիճակը..․ Ոչ մեկը չի գնում՝ այն դեպքում, որ Նիկոլ Փաշինյանն իր պատգամավոր եղած ժամանակ գնում էր պարբերաբար, և իրենից էինք տեղեկանում՝ ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում»:
Անդրադառնալով Արդարադատության նախարարության պարզաբանմանը՝ Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ այն համարում է կեղծ պարզաբանում. «Ինձ բավականին մանրամասն նկարագրել են ծեծվածների, բռնության ենթարկվածների վիճակը, դա ծանր վիճակ է:
Համարում եմ, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտավոր էր բացատրել, թե ինչու են իր ենթակայության տակ գտնվող ՔԿ հիմնարկներում բռնությունների նման դեպքեր լինում, և փարատել այն կասկածները, որ դրանք այլևս չեն կրկնվելու:
Ես խիստ քննադատում եմ Արդարադատության նախարարին, և գիտե՞ք ինչ, թող հրաժարվի, որ ՔԿ հիմնարկներն իր ենթակայության տակ են. մենք գիտենք, որ դա միշտ մի ինքնուրույն կառույց է եղել, և ինչպես ուզել են, ինչ ուզել են՝ արել են, բայց հիմա հեղափոխություն եք արել, պարոննե՛ր, հրաժարվեք բռնությունից»:
Քննարկման մյուս մասնակիցը՝ իրավապաշտպան Արթուր Սաքունցը, նկատեց, որ, եթե նույնիսկ միայն մեկ դեպք էլ լիներ, միևնույն է՝ անթույլատրելի է.
«Շատ մտահոգիչ է, որ անցած երկու տարիների ընթացքում, մինչհեղափոխական ժամանակահատվածում այդ զանգվածային խախտումների մասին, որոնց մասին մենք առանձին էպիզոդներով էինք իմանում, դրանց մասին բարձրաձայնումներ չեղան: Եթե իրավիճակ է փոխվել, նշանակում է՝ արդեն ազատազրկված անձանց համար պետք է նաև իրավիճակը փոխված լինի»:
Ըստ Ա. Սաքունցի՝ ՔԿ ծառայություններում ոչինչ չի փոխվել. «Ավելին՝ ՔԿ պետին նորից նշանակում է վարչապետը, և վարչապետն ուղիղ պատասխանատվություն ունի այդ իրավիճակի համար՝ ոչ միայն հանձին Արդարադատության նախարարի, այլ նաև՝ ՔԿ ծառայության պետի:
Ես չգիտեմ՝ ՔԿ ծառայության պետին հրավիրե՞լ է իր մոտ վարչապետը, պարզաբանումնե՞ր է պահանջել, թե՞ ոչ, եթե չի հրավիրել՝ ինչո՞ւ, եթե հրավիրել է՝ ինչպիսի՞ն են այդ պարզաբանումները, պետք է ներկայացվի հաշվետվություն»:
Կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ դեպքի հետ կապված՝ իրավապաշտպանը կարևոր արձանագրում արեց.
«Կորոնավիրուսի այս համավարակի պայմաններում, երբ կան որոշակի սահմանափակումներ՝ հանձնույթների ընդունման հետ կապված, կա տեսակցությունների արգելք, արգելված իրերը փոխանցող միակ աղբյուրը, ինչպես միշտ է եղել, աշխատակազմն է:
Եթե նախկինում կարող էին ենթադրել, որ գիտեք՝ հարազատները փորձել են ինչ-որ արգելված իր փոխանցել, հայտանաբերել են, բայց հիմա հարազատների հետ տեսակցություն չկա, պարոնա՛յք. փոխանցողը, տեսակցության արգելքից հետո, միայն ու միայն կարող է լինել ՔԿ հիմնարկի աշխատակազմը:
Հարց՝ ո՞ւմ նկատմամբ եք հարց բարձրացնում՝ արդեն ենթադրյալ արգելված իր ունեցողի՞, թե՞ այդ արգելված իրը փոխանցողի»: