Բաժիններ՝

Ալեքսանդր Խատիսյանի այցելությունը Եգիպտոս և բացառիկ հանդիպումը երկրի թագավորի հետ

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցավ փոքր կյանք, սակայն այն հիմք հանդիսացավ ներկայիս պետության կազմավորման գործում։ Այդ 2 տարիների մասին գրված են հարյուրավոր էջեր։ Այդ փոքր շրջանը խտացված էր այնքան մեծածավալ ու բովանդակ պատմությամբ, որի յուրաքանչյուր էջն ունի մեծ արժեք ու գնահատման կարիք։ Որքան էլ վերջին տարիներին ինչ-ինչ անհատների կողմից հանրությանը ներկայացվում է Առաջին Հանրապետության մեծ անհատների ծավալած գործունեությունը, այնուամենայնիվ շատերը ջանք ու եռանդ չեն խնայում մեկական քար նետելու Քաջազնունու, Խատիսյանի ու Արամ Մանուկյանի ուղղությամբ։

Առաջին Հանրապետության հետաքրքիր էջերից են նաև պետական պաշտոնյաների ճանապարհորդությունները Եվրոպա և այլ երկրներ։ Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանն իր «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» գրքում պատմական իրադարձությունների ու բանակցությունների կողքին մանրամասն ներկայացնում է նաև իր այցելությունների մասին, թե ինչպե՞ս էին իրեն դիմավորում օտար երկրների պաշտոնյաներն ու հայկական համայնքը։ Այդ այցելությունների ցանկում բացառիկ է Խատիսյանի այցելությունը Եգիպտոս․

«Օգոստոս 12-ին ճանապարհ ինկայ Եգիպտոս։ Եւ երկու օր յետոյ հասայ Աղէքսանդրիա։ Իմ գալու մասին գաղութը արդէն կանխաւ տեղեկացուած էր։ Այդ պատճառով հէնց որ շոգենաւը մտաւ նաւահանգիստ, անոր վրայ բարձրացաւ հայ պատգամաւորութիւններու շարք մը զանազան հիմնարկութիւններու եւ անձերու կողմէ՝ իրենց գլուխ ունենալով Ազգային Խորհուրդի նախագահը եւ տեղական հոգեւորականութիւնը, կուսակցութիւններու ներկայացուցիչները, յանձին Հ․ Յ․ Դաշնակցութեան եւ Ռամկավարներու։

Աղէքսանդրիոյ մէջ ալ ընդունելութեան եւ իմ ձեռնարկած քայլերու եղանակը անցաւ Պոլսոյ եղանակով։ Փոխառութեան յանձնախումբ կազմուեցաւ պր․ Մութաֆեանի նախագահութեամբ։

Ամէնէն եռանդուն աջակցութիւն ցոյց տուաւ ինձ փաստաբան Տելեմաք Թիւթիւնճեանը, որ ընտրուեցաւ փոխառութեան յանձնախումբի քարտուղար, պր․ Մութաֆեանը, Թորգոմ եպիսկոպոսը, ճարտրապետ Կարօ Պալեանը եւ պր․ Չարքչեանը, որ, տեղական գաղութի յանձնանարութեամբ, իբրեւ քարտուղար ծառայեց ինձ։ Աղէքսանդրիոյ մէջ ընտրուած յանձնախումբը իր գործունէութեան շրջանը պիտի տարածէր նաեւ Հապեշիստանի եւ Սուտանի վրայ։ (Ալ․ Խատիսեան «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը», տպարան Համազգային, 1968 թվական, էջ 235-236)

Եգիպտոսում հայտնի հայերի, հայկական համայնքի հետ հանդիպումից զատ Խատիսյանը նաև բացառիկ հանդիպում է ունենում Եգիպտոսի թագավոր Ֆուադ 1-ինի հետ։ Թագավորի բարձր ընդունելության մասին խոսում է նաև Խատիսյանը․

«Նոր էին իրենց բնոյթով երկու այցելութիւններ․ իմ պաշտօնական այցելութիւնը Եգիպտոսի թագաւոր Ֆուատ Ա․ին եւ անգլիական ներկայացուցիչին։

Ֆուատ թագաւորին ըրած իմ այցելութիւնը կը կրէր միանգամայն պաշտօնական բնոյթ։ Ես ցանկութիւն յայտնեցի այցելութիւն մընելու իրեն, եւ անմիջապէս մօտս եկաւ թագաւորի առաջին պալատական պաշտօնեան եւ անոր անունով խնդրեց նշանակել ինձ  համար յարմար ժամանակ այցելութեան համար։ Ես խնդրեցի նշանակել հետեւեալ օրը ժամը  12-ին։ Պալատ գացի պր․ Տելեմաք Թիւթիւնճեանի ուղեկցութեամբ։ Ֆուատ թագաւորը մօտ 40 տարեկան մարդ էր, հաճելի եւրոպական դէմքով, հիանալի կը խօսէր ֆրանսերէն։ Ան արտայայտեց իր կատարեալ գոհունակութիւնը հայկական պետութեան կազմուելու առթիւ, մանրամասն հարցուփորձ ըրաւ անոր դրութեան կազմուելու առթիւ, միեւնոյն ժամանակ մեծ գովասանքով խօսեցաւ Եգիպտոս բնակող հայերու մասին։ Երկար խօսեցաւ իր հայրենիքի եւ մասնաւորապէս այն մասին, թէ որքան դժուար է ազգայնացնել Եգիպտոսի վարչութիւնը, քանի որ փոքրաթիւ է բարձրագոյն կրթութիւն ստացած երիտասարդ եգիպտացիներու քանակը։ Ան կը գտնէր, որ այդ ապագայի համար, երբ բոլոր պաշտօնները կարելի կըլլայ տալ Արաբներուն, պէտք է դեռ սպասել տասը տարի եւս։ Հարցուց մեր դրօշակի գոյներու մասին եւ երբ իմացաւ, սրամտօրէն նկատեց․ «Ես այսպէս կը հասկնամ այդ գոյները․ կարմիր գոյնի արիւնով դուք ձեռք էք բերած ձեր անկախութիւնը, եւ որպէսզի Վանի կապոյտ երկինքը լոյս սփռէ քաղաքակրթուած եւ ազատ Հայաստանի վրայ, հարկաւոր է նարնջագոյն առարկայ, այսինքն՝ ոսկի-դրամ»։

Բարօրութիւն մաղթելով Եգիպտոսին եւ նոյնպիսի բարեմախթութիւններ ստանալով Հայաստանի համար՝ ես հեռացայ պալատէն։ (Նույն տեղում՝ էջ 235-236)

Այս բացառիկ ու եզակի հուշերը ցույց են տալիս, թե ի՞նչ աշխատանք էին կատարում Առաջին Հանրապետության հիմնադիրներն ու հայերը։ Որոնցից ոմանք մահացան հիվանդությունից, որով մահանում էին այդ շրջանի հասարակ մարդիկ։ Նրանցից շատերն իրենց գրքերում հայ բառը գրում էին մեծատառով, որով ցույց էին տալիս իրենց մեծ նվիրումը ժողովրդին։ Ցավալիորեն մենք այժմ չենք գնահատում նրանց։ Սիրում ենք հիշել միայն միջոցառումների ու առթիների ժամանակ, սակայն նրանց գործը չենք շարունակում։ Քաղաքի մի մասում Արամ Մանուկյանի կիսաքանդ տունն է, որ վերածվել է աղբանոցի, իսկ մյուս ծայրում Հովհաննես Քաջազնունու լքված գերեզմանն է։ Ժամանակն արդեն անցել է, և միգուցե շատ քչերն են մնացել, ովքեր հասկացել ու պահում են Մոնթեի խոսքերի գաղափարը․ «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»․․․․

Զ․ Շուշեցի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս