Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանի դեմ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ֆինանսների նախարարության, դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից Քոչարյանի իրավունքների խախտումը հաստատելու պահանջով։ Այս մասին հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։
«Դանիբեկյանը Քոչարյանի անձին վերաբերող բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն է հրապարակել։ Առողջական խնդիրների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ 2020 թվականի մարտի 10-ին կայացած Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստին: Փաստաբանները «Էրեբունի» ԲԿ-ից տեղեկանք են ներկայացրել դատարանին, որը դատավոր Աննա Դանիբեկյանը առանց պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի թույլտվության հրապարակել է դռնբաց նիստին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայցադիմումի մեջ նշված է նաև ոչ նյութական, բարոյական վնասի փոխհատուցման պահանջը՝ 2 մլն դրամի չափով։
Հայցադիմումը մակագրվել է օգոստոսի 19-ին և մակագրվել դատավոր Արմենուհի Բադիրյանին։