Բաժիններ՝

«Իրենց դդմածին երևույթները թող իրենց վրա օգտագործեն, մենք հայասեր ենք». ակցիա ԿԳՄՍ նախարարի դեմ

Համոզված եմ, որ իրենք չեն կարող հրաժարվել այս ծրագիրն իրագործելուց, որովհետև պարտականություն ունեն իրենց վրա վերցրած: Այսօր ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս ասաց «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով նախարարության  իրականացվող քաղաքականությանը:

«Իրենք իրենց վրա ունեն վերցրած պարտականություն և իրենք ընդամենը կատարողներ են, իրենք չե՛ն կարող չկատարել, եթե իրենք չկատարեն, պատժվելու են: Մենք բարեփոխումներին կողմ ենք, բայց սրանք բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են: Նախկինները քանդեցին կրթական համակարգը, սրանք ուզում են հիմնահատակ կործանել, թույլ չենք տալու»,- ասաց Վահագն Չախալյանը:

Նրա խոսքով՝ տասնյակ կազմակերպություններ, հարյուրավոր անհատներ են միացել իրենց պահանջին, և, որ օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին հավաքվելու են ԿԳՄՍՆ-ի դիմաց:

«Մի՛ վախեցեք, եկեք կանգնե՛ք, չպետք է թույլ տանք, որ «Լանզարոտե»-ի կոնվենցիան մտնի մեր կրթական համակարգ, չպետք է թույլ տանք, որ այս չափորոշիչներ կոչեցյալն իրենց ուզածով անեն: Կրկին ավտոերթով շարժվելու ենք և մարդկանց իրազեկելու ենք, կրկին գալու ենք և կոչ անենք՝ Արայիկ, հեռացի՛ր, կրկին ցույց ենք տալու այն աղբամանը, որը հատուկ իր համար, իր անունով է առած, աղբամանը Արայիկ Հարությունյանի անունով է առած, եթե ինքը չլսի ժողովրդի պահանջը՝ ֆիզիկապես է հայտնվելու այդ աղբամանում»:

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն աղբաման էին տեղադրել բեռնատարի վրա, որի մեջ դրել էին նախարար Արայիկ Հարությունյանի լուսանկարը:

Չախալյանի խոսքով՝ շատ մարդիկ մարզերից են ավտոերթով փորձել միանալ իրենց ակցիային, սակայն ճանապարհային ոստիկանները թույլ չեն տվել, իսկ հարցին, թե ինչպե՞ս են իմացել, որ ակցիայի համար էին Երևան գալիս, Չախալյանը պատասխանեց.

«Դե, հեռախոսներս լսում են, ինչպե՞ս պետք է իմանան: Իրենց պետք է հարցնել, թե ինչպես են իրենք իմացել, որ այդ մարդիկ գալիս են մեզ միանան: Այդ լսումները որ ընդունեցին, օրինականացրեցին, հո պատահակա՞ն չօրինականացրեցին, այսօր բոլորիս էլ լսում են՝ իրենց խանգարողներին, տպավորություն են փորձում ստեղծել, որ ժողովուրդը շատ գոհ է, ժողովուրդը հստակ պահանջում է, որպեսզի Արայիկը հեռանա»:

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ սա իրենց երեխաների ապագայի հարցն է.

«Մեր վաղվա օրվա հարցն է, իրենց դդմածին երևույթները, դդմածին ուղեղների մեջ առաջացածները չի ստացվելու: Կոչ ենք անում մեր հայ ազգին, համախմբվենք, մեր թասիբի ու նամուսի հարցն է: Էս իրենց դդմածին երևույթները թող գնան իրենց վրա օգտագործեն, մենք հայասեր ենք, չենք կարող գեյասեր դառնանք: Թող տանեն իրենց վրա փորձարկեն»:

Բողոքի ակցիային մասնակցում էր նաև Սոնա Աղեկյանը.

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան»-ի նախաձեռնող թիմը ևս միացել է այս պահանջին, որն է՝ դդումիզմի մերժումը, այլասերվածության մերժումը և այն նախարարիկի կամ նախարարի դերակատարի մերժմանը, որը եկել և մեր գիտությունն է փորձում արժեզրկել և ՀՀ-ում փակում է գիտությունների ազգային ակադեմիաները»:

Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամները երեկ հաղորդագրություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշված է.

«Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությունը` մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝
ա. Անմիջապես աշխատանքից ազատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին
բ. Անմիջապես ցրել հանրակրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերը և չեղարկել սեղանին դրված չափորոշիչները:
գ. Ձևավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր` կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից` նախապես հրապարակելով նրանց անունները:
դ. Բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ:
ե. Վերանայել հանրակրթական հաստատություններում ուսումնական տարին սկսելու` պարետի կողմից սահմանված ուղեցույցով երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջությունը վտանգող պահանջները՝ դիմակ կրել, գրատախտակին չմոտենալ, դասամիջոց չանել և այլն:

Սկսված պայքարը կշարունակվի մինչև մեր բոլոր պահանջների լիարժեք բավարարումը:
Հարգելի՛ ծնողներ, տատիկնե՛ր ու պապիկնե՛ր, ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր,
2020թ. օգոստոսի 28-ին` առաջիկա ուրբաթ օրը, ժամը 13:00-ին բոլորիդ
հրավիրում ենք ԿԳՄՍ նախարարարության դիմաց` մասնակցելու մեր բողոքի ցույցին՝ «Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս