«Տպավորություն ունեմ, որ բուն Ամուլսարի խնդիրը ետին պլանում է. կարմիր գծով անցնում է միայն հանրությանը «դուր գալու» և «ազգի միակ փրկիչ» ներկայանալու միտումը». երկրաբան

Հանքարդյունաբերության, այդ թվում՝ Ամուլսարի շուրջ բանավեճը, պետության լռության ու կրավորական դիրքի ֆոնին, կարծես ծավալվում է բացառապես հանքարդյունաբերողի, ակտիվիստների ու բնապահպանների միջև։ Մասնագետները, ոլորտի փորձագետները, որպես կանոն, հազվադեպ են մասնակցում այս սուր բանավեճին։ Ոլորտի խնդիրների, պետության կրավորականության ու Ամուլսարի մասին զրուցել ենք երկրաբան, ոլորտի երկարամյա մասնագետ, Միջազգային երկրաբանական կոմիտեի իսկական անդամ Գուրգեն Մալխասյանի հետ։

 – Պարոն Մալխասյան, ձեզ՝ որպես ոլորտի մասնագետի, նախ ուզում ենք հարցնել, որքանո՞վ է բավարարում կառավարության այսօրվա քաղաքականությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Վարչապետ Փաշինյանը, երբ դեռ նոր էր եկել իշխանության, խոսում էր այն մասին, որ նախկինում տնտեսական աճը հանքարդյունաբերության ոլորտի վրա էր հիմնված, իսկ այժմ մենք այլ ճանապարհ պետք է ընտրենք՝ գիտահեն տնտեսության։

– Այսօր մենք ունենք հանքարդյունաբերության կարիքը ու դեռևս տասնամյակներ ունենալու ենք։ Վերջերս հրապարակվեցին վերջին կես տարվա հանքարդյունահանման ցուցանիշները, ըստ որի՝ արդյունահանման ծավալներն աճել են շուրջ 30%-ով: Անշուշտ, սա բավականին տագնապալից ցուցանիշ է, որն արտահայտում է մեր տնտեսության ոչ բարվոք վիճակը: Բայց մյուս կողմից՝ այս ցուցանիշը հանքարդյունաբերության դերի և նշանակության խոսուն և օբեկտիվ գնահատական է: Հատկապես այն պարագայում, երբ կորոնավիրուսի հետևանքով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը հայտնվեցին կաթվածահար վիճակում, հանքարդյունաբերության ուսերին ընկավ Հայաստանը տնտեսական կոլապսից պաշտպանելու առաքելությունը: Բացի այդ, հանքարդյունաբերությունը հենց ինքը գիտահեն տնտեսության ոլորտ է։ Սա մի ճյուղ է, որի էֆեկտիվությունը և իր հետ կապված հնարավոր ռիսկերի նվազեցումն ուղղակի կախման մեջ են գտնվում ամենաժամանակակից գիտելիքների և տեխնոլոգիաների կիրառման աստիճանից;

– Այսինքն՝ այս կառավարությունը ոչ թե պակասեցրել է, այլ ավելացրել է ծավալները։ Այդ դեպքում ինչո՞ւ էին սկզբում այդպես բացասաբար տրամադրված ոլորտի հանդեպ։

– Ես չեմ կարող պատասխանել կառավարության փոխարեն, բայց կարծում եմ՝ կոմպետենտության խնդիր կա։ Սա բարդ ոլորտ է, և դրան պետք է վերաբերվել ոչ թե բացասաբար՝ որպես ոլորտի, այլ պետք է կոմպետենտ ձևով կառավարել և բարելավել։

– Մյուս կողմից՝ հանքարդյունաբերությունը նաև բնապահպանական խնդիրների հետ է ասոցիացվում, և շատ համայնքներ դեմ են հանքարդյունաբերական ծրագրերին հենց այդ պատճառով։ Օրինակ, Ամուլսարում, կառավարությունը, փաստորեն, արդեն երկու տարի որոշում չի կայացնում, քանի որ համայնքաբնակների ու ակտիվիստների խումբը փակել է հանքի ճանապարհները, և կառավարությունը խուսափում է լուծում տալուց։

Եթե ժամանակին շարժվեինք այսօրվա կառավարության քայլերի տրամաբանությամբ ու ամեն ինչ թողնեինք կոնկրետ հարցերում ոչ իրազեկ հասարակության հայեցողությանը, համոզված եմ՝ Հայաստանում այսօր չէին լինի ոչ այն տարիներին կառուցված հարյուրավոր գործարանները, ոչ ատոմակայանը։ Ի դեպ, Ամուլսարից ոչ հեռու ռազմավարական նշանակության 4 ջրամբար կա, մեկը՝ Սպանդարյանը։ Ժամանակին դրա կառուցման համար ներկայիս Գորայք գյուղը՝ այն ժամանակ Բազարչայը, ամբողջությամբ տարհանվել է։ Այն ժամանակ, այդ  ջրամբարների կառուցման հարցը, որոնց նշանակությունը թե՛ գյուղատնտեսության համար անհրաժեշտ լինելը, և ամենակարևորը՝ Սևանի պահպանման հարցում վճռական դեր ունենալը, այսօր ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Շատ բաներ կան, որ մասնագիտական ոլորտում են, ու պետական մոտեցման կարիք ունեն։ Սա գյուղում կուլտուրայի պալատ կառուցել-չկառուցելու հարց չէ, որը, անշուշտ, կպահանջեր համայնքի, հանրության կարծիքը, հարցի հանրայնացումը, Ֆեյսբուքում քվեարկություններով ու լայվերով։ Կրկնում եմ, նման հարցերը պահանջում են պետական մոտեցում, հենված բազմաբնույթ մասնագիտական եզրակացությունների վրա:

Նկատի ունեք այս թեմայով կառավարության ու վարչապետի լայվ քննարկումները…

– Նաև դա, նաև այն, որ կառավարությունը այս հարցը պետական ու մասնագիտական ոլորտում լուծելու փոխարեն՝ բերեց հանրային հարթակ, ու հիմա պոպուլիստական նպատակներով սա օգտագործում են թե իշխանական թևը, թե ընդդիմադիր դաշտը ներկայացնող դեպուտատները, հասարակական գործիչները, երգիչները, նկարիչները, դերասանները և ուրիշներ: Ես տպավորություն ունեմ, որ բոլոր դեպքերում բուն Ամուլսարի խնդիրը ետին պլանում է։ Կարմիր գծով անցնում է միայն հանությանը «դուր գալու» և «ազգի միակ փրկիչ» ներկայանալու միտումը։ Իսկ իրական մասնագետների կարծիքը ոչ ոք չի հարցնում։ Տպավորություն է, որ սկզբում կառավարությունը փորձում էր բոլորին դուր գալ՝ ո՛չ ակտիվիստներին նեղացնել, ո՛չ «Լիդիանին», ո՛չ հանքի դեմ հանդես գալ, ո՛չ կողմ լինել բնակչությանը, բայց դա թակարդ էր  կառավարության համար, քանի որ հնարավոր չէ երկար ժամանակ բոլորին դուր գալ։ Ի վերջո, պետք է որոշում կայացնել։ Պետք էր ստուգել, տեսնել՝ կոռուպցիայի հարց կա՞, թե՞ ոչ, և երբ պարզվեց, որ չկա, պետք էր որոշում կայացնել՝ աշխատանքները շարունակելու, իհարկե, անհրաժեշտության դեպքում, հանքի աշխատանքներին զուգընթաց՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ փորձաքնությունները։

 – Ասում եք, որ մասնագետների կարծիքը չեն հարցրել, բայց չէ՞ որ կան բազմաթիվ մասնագետներ, որ խոսում են մասնագիտական խնդիրներից։

– Իրական մասնագետները հայտնվել են շատ խոցելի վճակում։ Քանի որ մի կողմից հնարավոր չէ պատասխանել ամեն անեհեթեթությանը՝ իջնելով այդ մակարդակին։ Մյուս կողմից, երբ այդ անհեթեթությունները մնում են անարձագանք, դրանք լայն տարածում են գտնում հասարակության մեջ և ստեղծում համապատասխան տրամադրություններ։ Օրինակ, Կարինե Դանիելյանը, որին վերաբերվում եմ հարգանքով, խոսում է թթվային դրենաժից, լայն հանրության առաջ այդ երևույթը բացատրելով ապարների հիմնային կամ թթվային լինելով, մինչդեռ՝ դրանք լրիվ տարբեր հասկացություններ են։ Կամ Նազելի Վարդանյանի տխրահռչակ հոդվածի միայն անվանումը՝ «10 հազար տոննա ցիանիդ՝ 10 բալանոց երկրաշարժի գոտում», զավեշտալի է մասնագետի համար։ Նման հոդված հրապարակելուց առաջ, կարելի էր գոնե ծանոթանալ Հայաստանի սեյսմիկ զոնավորման քարտեզին, և տեսնել, որ իրականում Ամուլսարը 7  բալանոց գոտում է։ Բացի այդ, 10 հազար տոննան նախատեսվում է օգտագործել 10 տարում։ Դա նույնն է, թե ասել, որ, եթե ես պատրաստվում եմ 10  տարի մեքենա շահագործել, ապա պետք է 10 տարվա բենզին պահեստավորեմ իմ ավտոտնակում։ Եվ կամ տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ խոսում են Ամուլսարում ուրանի վտանգի մասին՝ հայտարարելով, որ այնտեղ 100 տոննա պաշարով ուրանի հանք կա։ Այնինչ իրականում նույնիսկ ուրանի փոքր հանքավայրի պաշարները հաշվարկվում են տասնյակ-հազարավոր տոննաներով։

–  Ի դեպ, ուրանի մասին, «Լիդիանը» հաղորդագրություն տարածեց, որ ըստ Միջուկային ավտանգության գործակալության՝ «Գրոմովյան» արշավախմբի կողմից նշված տարածքները դուրս են Ամուլսարի հանքի տարածքից, և այդ առումով վտանգ չկա։ Դուք տեղյա՞կ եք այդ աշխատանքներից։

– Այո, շատ լավ տեղյակ եմ։ Նախ՝ Գրոմովյան աշխատանքներն ընդգրկում էին բավական մեծ տարածք, ընդգրկելով նաև Ջերմուկ քաղաքը։ Եվ այդ հաշվետվությունն ուշադիր ընթերցելու դեպքում կարելի է տեսնել, որ Ջերմուկին մոտ գտնվող տարածքներում հայտնաբերվել են առանձին նմուշներ, որոնք իրենց ռադիոակտիվությամբ ավելի բարձր են, քան Ամուլսարի տարածքում։ Բայց դարձյալ, դա ոչինչ չի նշանակում, որովհետև դրանք թույլ երևակումներ են, և եթե վտանգավոր լինեին, ապա հենց Ջերմուկի համար վտանգավոր կլինեին։ Այն տարածքները, որոնք Գրոմովյան արշավախմբի կողմից առանձնացվել են՝ որպես առավել բարձր կոնցենտրացիաների երևակումներ, գտնվում են Ամուլսարի բացահանքից 5 կմ հեռավորության վրա։ Բացի այդ, ոչ մի տեղ չի խոսվում 60-ականների վերջին Հայաստանում կատարված մեկ այլ աշխատանքի՝ աերոգամմա հանույթի մասին, որոնց քարտեզների վրա ակնհայտ երևում է բուն Ամուլսարի հանքավայրի ցածր ռադիոակտիվ ֆոնը, որը նույնիսկ ավելի ցածր է, քան Ջերմուկի որոշ տեղամասերի բնական ռադիոակտիվ ֆոնը։

 – Ի՞նչ լուծում պետք է ստանա խնդիրը։ Ի վերջո, եթե հանքն իսկապես անվտանգ է, ինչպես դուք եք ասում, պետության այս կամուկացը ինչո՞վ է պայմանավորված։

– Լուծում կլինի այն, որ պետությունը պոպուլիստական դաշտից անցնի մասնագիտական դաշտ, և պետության ղեկավարներն առաջնորդվեն ոչ թե պոպուլիստական ելույթներով, այլ մասնագետների՝ տնտեսագետների, երկրաբանների, լեռնային ինժեներների խորհուրդներով, և որոշում կայացնեն՝ ի շահ պետության։

Տեսանյութեր

Լրահոս