«Իշխանությունը սկսում է հանրահավաքներ՝ սեփական լեգիտիմության ապացուցման համար. կան նման շշուկներ». Վլադիմիր Մարտիրոսյան

Կառավարությունն օգոստոսի 12-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից՝ 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով։

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ 5-րդ արտակարգ դրության երկարաձգումն առանց հանրահավաքների սահմանափակման, օգտագործելու է, առաջին հերթին՝ հենց իշխանությունը։

«Այնպիսի տպավորություն է, որ հավաքների անցկացման սահմանափակումները հանելուց նախևառաջ օգտվելու է իշխանությունը, որովհետև շշուկներ կան, որ իշխանությունն ուզում է որոշակի հանրահավաքային պրոցեսներ սկսել, որ ապացուցի, թե ինքը դեռևս հանրապետությունում ունի որոշակի լեգիտիմության բազա»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Վլադիմիր Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ, քանի որ իշխանությունն իր որոշումների մեջ ստատիկ չէ, ուստի շատ կարևոր է սպասել այն վերջնական հաստատված փաստաթղթին, որը կվերաբերի վերացված սահմանափակումներին։

Ըստ Մարտիրոսյանի՝ որքան էլ այս ամիսների ընթացքում իշխանությունը փորձել է այս կամ այն սահմանափակումով քաղաքական ընդդիմադիրներին ճնշել, ակնհայտ է, որ ՀՀ-ի որևէ իշխանություն ընդդիմության հետ չի եղել այնպիսի սուր պայքարի մեջ, ինչպիսին այսօրվա իշխանությունն է։

«Հայաստանում ընդդիմադիր շերտերն իրենց ինտելեկտուալ, քաղաքական պետականամետ որակներով մի քանի անգամ ավելի բարձր են, քան իշխանություն կրողները։ Իհա՛րկե, մրցակցային տրամաբանության մեջ դնել և տանել բախման իշխանությանն ու ընդդիմությանը՝ կարելի է, սակայն պետք է հիշել մի կարևոր հանգամանք, որ վերջին հակահամաճարակային պայքարի ողջ պատասխանատվությունը՝ համեմված քաղաքական շահի էլեմենտներով, գտնվում է իշխանության պատասխանատվության դաշտում։ Այս ընթացքում, իհարկե, ընդդիմադիր դաշտը հետևել, խորհուրդ է տվել ու փորձել է կանխարգելել այն բոլոր սխալները, որոնք հընթացս եղել են իշխանության գործողությունների և վարքաբանության մեջ, իսկ դա ամենաօգտակարն էր, որ կարող էր անել ընդդիմությունն իշխանության և պետության համար»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ որոշ առաջարկներ, այնուամենայնիվ, ընդունվել են, սակայն ճիշտ ժամանակին ընդունվելու դեպքում չէր ստեղծվի այն ծանր վիճակը՝ սոցիալական, տնտեսական, համաճարակաբանական, ինչպիսին ստեղծվել է։

Հարցին, թե այդ դեպքում, որպես ընդդիմադիր ուժ, ի՞նչ լուծումներ են առաջարկում այդ ծանր վիճակից դուրս գալու համար, Մարտիրոսյանն ասաց, որ լուծումներ առաջարկելուց առաջ նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այսօր հասարակությունն ունի իշխանությունների փոփոխությունների շատ մեծ պահանջ։

«Դուք համոզվա՞ծ եք, որ մեր հասարակությունն ունի իշխանության փոփոխության շատ մեծ պահանջ. ես համոզված չեմ, իհարկե, տեսնում եմ պրոցես, որ իշխանության լեգիտիմությունը՝ հատկապես այս վերջին շրջանում, մարում է,- ասաց Մարտիրոսյանը՝ ի պատասխան իշխանությունների՝ ընդդիմադիրներին ուղղված կոչին, թե հույս չունենաք, ապա շարունակեց,- Ընդդիմադիրները հույս չունեն, ընդդիմադիրներն ունեն ուղեղ։ Եթե մենք մտնենք պոպուլիզմի դաշտ և խոսենք այսօվա իշխանության լեզվամտածողությամբ, ապա մեզ ոչ մի բան նրանցից չի տարբերի, ինչ վերաբերում է լուծումներին, ապա դրանք առաջարկվում են նախ նրանց, ովքեր դրանով հետաքրքրված են։ Հասկացե՛ք, այն հեղափոխական բախումը, որը շատերն ուզում են գեներացնել, ունի կյանքի իրավունք, բայց դա պետք է կրի օրգանական բնույթ, հակառակ պարագայում՝ այս իշխանությանը նմանվողները կպարտվեն այս իշխանությանը՝ նույն կռվի դաշտում»,- ասաց նա։

Խոսելով իշխանության կառավարման որակների, ինչպես նաև խնդիրներին լուծումներ տալու ունակությունների մասին՝ Մարտիրոսյանը, որպես ապացույց, բերեց Ամուլսարի օրինակը։

«Ամուլսարի հարցը ցույց է տալիս, թե ինչպես է կառավարությունը զբաղվում խնդիրներով, երբ ինքը լուծումներ չունի։ Իբր թե լուծված երևույթի իմիտացիա չի կարողանում անել։ Ամուլսարի խնդրով, հետագա սրացման կանխարգելմամբ արդյո՞ք որևէ մեկը զբաղվել է, իսկ սրացում հաստատ լինելու է, և իշխանությունը, որը կոչված է նրան, որ մեր անունից որոշում պետք է ընդունի և չի անում, խոսում է այդ իշխանության որակների մասին»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս