ՌԴ ԱԻՆ-ի մասնագետները շարժական հոսպիտալ են բացել Բեյրութում
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը Բեյրութ կուղարկի հինգ ինքնաթիռ՝ աերոմոբիլային հոսպիտալով, բժիշկներով, «Ցենտրոսպաս» աէրոմոբիլային ջոկատի փրկարարներով եւ Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայով՝ COVID-19-ի հայտնաբերման համար:
«Ավարտվում է բուժսարքավորման տեղակայումը շարժական հոսպիտալում»,-ասել է գործակալության զրուցակիցը: «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալը հանդերձված է վերականգնողական, վիրահատական, խորհրդատվական եւ ախտորոշման բլոկներով, այդ թվում՝ ուլտրաձայնային հետազոտության, ռենտգեն եւ էլեկտրասրտագրության բլոկներով:
Բացի այդ, այն ունի արյան լաբորատորիա: Հոսպիտալը նախատեսված է 50 տեղի համար եւ կարող է ինքնավար ռեժիմով գործել 14 օր: Նաեւ նրանում կարող է բացվել ինտենսիվ թերապիայի բլոկ՝ վեցից տասը մահճակալի համար: Աերոմոբիլային հոսպիտալի բժիշկները սարքավորման եւ տեխնիկական անձնակազմի վայրէջքից արդեն 30-40 րոպե հետո կարող են ձեռնամուխ լինել տուժածներին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուն: Հոսպիտալի լիամասշտաբ գործունեությունը կարող է ծավալվել 50-60 րոպե անց: