Բաժիններ՝

«Համոզված եմ՝  ներկա կառավարությունը չի պատրաստվում օրենքի ակնհայտ խախտումով մրցույթի արդյունքներ հաստատել». Ռուբեն Հայրապետյան

«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ Ռ. Հայրապետյանի՝ Վերաքննիչ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով, հաստատել է իր այն պնդումը, որ Առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը՝ նշելով, թե իբր իր որոշումը բողոքարկման ենթակա չէ.

«Ինչպես հիշում եք, հուլիսի 16-ին օրենքի չլսված խախտումով, առանց ինձ ծանուցելու և նյութերն ինձ ուղարկելու, առաջին ատյանի դատարանը (Ն. Հովսեփյանի նախագահությամբ) «գաղտնի» նիստ էր կազմակերպել և որոշում կայացրել հանելու ընդամենը մեկ օր առաջ դրված արգելանքը: Եվ դա դեռ հերիք չէր՝ որպեսզի չբողոքարկեմ վերաքննիչ դատարան, և ԴԱՀԿ ծառայությունն այդ որոշումը թյուրիմացաբար ուժի մեջ մտած համարի ու հանի մրցույթի արգելանքը, դատավոր Ն. Հովսեփյանը ՀՀ դատաիրավական համակարգում աննախադեպ, պատմական խախտումով փորձել էր ինձ զրկել վերաքննիչ դատարանում բողոքարկելու իմ իրավունքից:

Եվ այսպես՝
1. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը չպետք է կայանար, քանի դեռ չկար վերաքննիչ դատարանի որոշումը:
2. Կառավարությունն այժմ իրավունք չունի հաստատելու ՀՀ օրենսդրության ապացուցված խախտմամբ կազմակերպված մրցույթի արդյունքները:
3. Դատավոր Նաիրա Հովսեփյանն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության Բարձրագույն դատական խորհրդի կողմից»:

168.am-ը ՀՊՏՀ  ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում՝ կառավարությունն օրենքի շրջանակում կգործի և չի՞ հաստատի մրցույթի արդյունքները: Ի պատասխան՝ նա նշեց.

«Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը պարզապես այլ որոշում կայացնելու իրավունք չունի, և  ես համոզված եմ, որ ներկա կառավարությունը չի պատրաստվում օրենքի ակնհայտ խախտումով մրցույթի արդյունքներ հաստատել»:

Ռուբեն Հայրապետյանը նկատեց նաև, որ այս փուլում իր խնդիրն օրինականությունը հաստատելն է. «Համենայն դեպս, այդ ուղղությամբ ես պայքարս շարունակելու եմ, և երբ որ Տնտեսագիտական համալսարանում  տեղի ունենան ռեկտորի ընտրություններ (ինչն իմ համոզմամբ՝ տեղի չի ունեցել, որովհետև դա մրցույթ համարել հնարավոր չէ՝ թե՛ իրավական, թե՛ կազմակերպական առումներով), ես  հետագայում նոր կորոշեմ, թե ինչպիսի գործողություններ եմ կատարելու: Բայց այս պահին իմ նպատակը մեկն է՝ որպեսզի տեղի ունենա մրցույթ, և արժանի թեկնածուները գան-մասնակցեն, ու միգուցե այդ արժանի թեկնածուների մեջ ես չլինեմ»:

Հիշեցնենք՝ չնայած ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա կասեցվել էր դատարանի արգելանքով, սակայն հուլիսի 17-ին կայացել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որի ժամանակ երկու թեկնածուներից ռեկտոր էր ընտրվել նույն բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Ի դեպ, նույն օրը Դիանա Գալոյանը նաև աստիճանազրկվել էր ԲՈՀ-ի որոշմամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս