«Պարոն վարչապետի ապաշնորհ քաղաքականության պատճառով ոչ միայն՝ ՀԱՊԿ-ում ենք դարձել իզգոյ, այլև ամեն տեղ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև հայազգի ռուսաստանաբնակ լրագրող Մարգարիտա Սիմոնյանի վերջերս շրջանառված ֆեյսբուքյան գրառմանը՝ նախ նշելով դրանում տեղ գտած որոշ կետերի  հետ իր որոշակի անհամաձայնությունը:

Խոսքն առաջին հերթին՝ վերաբերում էր  Ղրիմի ճանաչման հետ կապված Մ. Սիմոնյանի մեղադրանքներին, ըստ Շարմազանովի՝ դրանք  անարդարացի էին, բացի դրանից, բարձրացված հարցերը մի քիչ զգացմունքային էին:

«Մարգարիտա Սիմոնյանի ասածներից ո՞րն է սուտ, Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունները փչացրել է, զրոյացրել: Նա 2018  թվականի օգոստոսին հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փայլուն չեն եղել: Պարոն վարչապետն իր ապաշնորհ քաղաքականությամբ հասել է նրան, որ մենք ոչ միայն ՀԱՊԿ-ում ենք դարձել իզգոյ, այլև ամեն տեղ, որևէ մեկը մեզ  լուրջ չի ընկալում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովը հիշեցնելով, որ գործող  իշխանությունները շատ են սիրում համեմատվել ՀՀԿ-ի հետ՝ հակադարձեց՝ 2015  թվականին, երբ տեղի ունեցան տավուշյան դեպքերը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դատապարտեց Ադրբեջանին և նրա գործողությունները որակեց  պրովոկացիա: Իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում մեղադրեցին Ադրբեջանին և Թուրքիային՝ հայտարարելով, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Հետևաբար՝  Էդուարդ Շարմազանովը հարց է բարձրացնում՝ Տավուշյան դեպքերին նման բան եղե՞լ է:

«Մեր դաշնակից Ռուսաստանի հետ խնդիրները Նիկոլ Փաշինյանն է ստեղծել, դեռևս այն ժամանակ, երբ 2016  թվականին հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել և տեղի է ունեցել Ռուսաստանի համաձայնությամբ: Երբ նաև ասում էր, թե Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է շանտաժով: Այս ամենը անհետևանք չի լինում»,- ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել էր հայաստանյան իրադարձություններին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի թույլ տված ռազմական ագրեսիային, մասնավորապես, գրելով. «Ի պատասխան Ռուսաստանից ստացած երկարատև բարության և պաշտպանության՝ դուք չճանաչեցիք Ղրիմը: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է: Բացառապես  քաղաքական վրեժխնդրությունից ելնելով` դուք նստեցրել եք Ռուսաստանի ​​դաշնակից Ռոբերտ Քոչարյանին: Նստեցրել եք հատուկ, ցուցադրաբար, թքելով ձեր «ռուս ընկերների» վրա: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է: Դուք ողողել եք երկիրը  հակառուսական հասարակական կազմակերպություններով, որոնք ձեր տարածքում գտնվող երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես պետք է տապալեն ռուսական իշխանությունները: Դուք դարձել եք Կովկասում հակառուսական ուժերի ցատկահարթակ: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է: Դուք վռնդել եք Ռուսաստանի հայ գործարարներին: Դուք Ռուսաստանի հետ որևէ կապ չունեք: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է: Ձեր լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերն ամեն ժամ սևացնում են Ռուսաստանին, Պուտինին, բոլոր նրանց, ովքեր սատարում են Պուտինին, հատկապես ռուսաստանցի հայերը (օրինակ՝ ես): Դուք անբախտ, արդեն անհետացող հայ ժողովրդին բաժանեցիք թշնամիների՝ ռուս հայերի և «իսկականների», ովքեր պաշտպանում են ձեր ժամանակավոր ուժին: Որովհետև դա Հայաստանի ներքին գործ է»:

Օրերս Մարգարիտա Սիմոնյանը  մեկ այլ գրառում էր կատարել՝ նշելով, որ  կարելի է մեծ վստահությամբ ասել, որ քանի դեռ Հայաստանում առանցքային պաշտոնները կզբաղեցնեն ամերիկամետ հասարակական կազմակերպությունների նախկին ներկայացուցիչները, կովկասյան այս հանրապետությունը միջպետական հարաբերություններում նոր լարվածություն կստեղծի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս