«Այդ հարձակումը սկսվել է ներսից ու շատ կազմակերպված․․․ Իսկ մենք քննարկում ենք․ հարևանները Հայաստանի վրա կհարձակվե՞ն, թե՞ ոչ»
Սպարտակ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են անում, կհարձակվե՞ն Հայաստանի վրա, թե՞ ոչ: Ու տարբեր՝ ծայրահեղ ու իրարամերժ պատասխաններ են հնչում` հաճախ կշռադատված, ավելի հաճախ` ոչ:
Ու չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում` ներսից:
Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ:
Բայց ամենակարևորը` հենց ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը: Եվ ներսից այդ հարձակումը գնալով նոր ռազմավարական «թիրախներ» է հստակեցնում, նոր կարևոր «դիրքեր ու հենակետեր» է գրավում, կամ փորձում գրավել:
Այդ հարձակումը սկսվել է վաղուց, բայց վերջին ամիսներին ստացել է համապարփակ տեսք՝ իսկական պատերազմ ազգայինի դեմ: Ու այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, հաճախ էլ ազգայինի ու հակա-ազգայինի միջև։ Անշուշտ, այդ հարձակման մասնակիցների մեջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում և ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թե ինչ են անում և ում օգտին: Ու քիչ չեն նաև դրա համար վճարվողները, տարաբնույթ անմեղ ու կրեատիվ անվանումներով «վարձկաններ» հավաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպված, ներսից ու շատ բարձր մակարդակով:
Իսկ մենք քննարկում ենք․ հարևանները Հայաստանի վրա կհարձակվե՞ն, թե՞ ոչ»:
Տարբեր լրատվամիջոցներում ու հարթակներում, կաբինետներում ու սրճարաններում քննարկվում է. հարևանները զորավարժություններ են…
Gepostet von Spartak Seyranyan am Samstag, 1. August 2020