Վարչապետն իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին գործուղել է Տավուշի մարզ
Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Ղուկասյանին ՀՀ Տավուշի մարզ գործուղելու մասին որոշում է ստորագրել:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2020 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 11-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քաղաք՝ Բերդ)»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ անցյալ տարի Կալավան այցի ժամանակ ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` Նիկոլ Փաշինյանը որոշել էր նրան իր խորհրդական նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։
168.am-ը Ռոբերտ Ղուկասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է զբաղվելու գործուղման ընթացքում, ո՞ր ուղղություններով է լինելու աշխատանքը:
Քանի որ արդեն Տավուշի մարզի ճանապարհին էր, նա հակիրճ տեղեկացրեց. «Նախ՝ իրավիճակին ծանոթանալու համար, հետո՝ վերականգնման աշխատանքները (կրակոցների հետևանքները վերացնելը) համակարգելու, ինչպես նաև՝ այդ տարածաշրջանի հետագա զարգացման ծրագրեր մշակելու համար»:
Վարչապետի խորհրդականը հավելեց, որ հայ-ադրբեջանական լարվածության առաջին իսկ օրերից նա այնտեղ է եղել:
Հիշեցնենք` հուլիսի 12-ից սկսած իրավիճակը սրվել է հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորել է բնակավայրերը, արկեր է արձակել Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, այլ բնակավայրերի ուղղությամբ, հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները: Բերդի ուղղությամբ Ադրբեջանը նաև «Գրադ»-ի երեք հրթիռ է արձակել: Հաջորդող օրերին ադրբեջանական ստորաբաժանումները սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Թիրախավորվել էին նաև Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:
Ռոբերտ Ղուկասյանը խոստացավ գործուղումից հետո հանգամանալից ներկայացնել արված աշխատանքը: