Մնում է Ռուսաստանը հասկանա, թե ինչպես կամ ում միջոցով պետք է հաղորդակցվի հայ ժողովրդի հետ, երբ Քոչարյանը նստած էր, իսկ Փաշինյանը հակառուսականություն էր խաղում
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին։
Զարմանալի, եթե ոչ սարսափելի է, որ պետության ղեկը շուրջ երկու տարի իր ձեռքում բռնած մարդն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել ռեգիոնալ քաղաքականության պարզ հարցերում, և պատասխաններից շատերը սիրողական դատողություններից բարձր չէին։
Անդրադառնալով տավուշյան բախումների պատճառին` Նիկոլ Փաշինյանն իր սիրելի երգը սկսեց, այս անգամ էլ Իլհամ Ալիևին մեղադրելով կոռուպցիայի մեջ, և ռազմական գործողությունները պայմանավորեց բանակից թալանած փողերը լվանալով-արդարացնելով։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ էին գործողությունները Հայաստանի սահմանին, և ոչ՝ Արցախում, Փաշինյանը բերեց ինչ-որ տեխնիկական պատճառներ, թե՝ այստեղ տեսադիտարկման համակարգերն ավելի թույլ են (համոզված չեմ, որ ռազմական գաղտնիք չհայտնեց), որ այստեղ ավելի շատ գյուղեր կային։
Իշխանական և ոչ իշխանական վերլուծաբանները միաբերան խոսում էին այն մասին, որ հարձակվելով Տավուշում, Ալիևը փորձում էր ցույց տալ, թե իրականում կոնֆլիկտը ոչ թե Արցախի հետ է, այլ Հայաստանի, որ նա փորձարկում էր ՀԱՊԿ քաղաքական համագործակցության մեխանիզմները, սակայն Հայաստանի վարչապետն այս հարձակման համար քաղաքական պատճառ չտեսավ, միայն կոռուպցիա և տեխնիկական մանրամասներ։ Հա, ի դեպ, չզլացավ նաև ինքզինքը գովել, թե վերջին 2 տարվա բարեփոխումները բանակն անպարտելի են դարձրել։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այս պատերազմի արձագանքները ցույց տվեցին, որ Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում գերիշխանություն հաստատել, և անգամ հիշեց ցեղասպանությամբ պայմանավորված պատճառներ։ Լավ է, որ Փաշինյանը մտածում է ցեղասպանությունը ներողներից ձերբազատվելու մասին, վատ է, որ կարծում է, թե պանթուրքիզմը Հարավային Կովկասով է սահմանափակվելու, արժեր, որ այս թեմայով խորհրդականները մի քանի խորհուրդ տային։
Հետաքրքիր էր, որ ռուս լրագրողը քանիցս փորձում էր հարց տալ Մարգարիտա Սիմոնյանի հայտնի ելույթի մասին, բայց Նիկոլ Փաշինյանն անընդհատ նրան խանգարում էր, թեև լրագրողն իր համառությամբ այնուամենայնիվ հաղթահարեց այդ պատնեշը։ Այ այստեղ սկսվեց Փաշինյանի կրուտիտների շարանը։
Նա այդպես էլ չպատասխանեց, թե արդյո՞ք անձնական վրեժխնդրության պատճառով էր կալանավորել Քոչարյանին, այդպես էլ չհերքեց, թե Հայաստանում ՀԿ-ներ ու թրեյնինգներ կան, որտեղ Ռուսաստանում գունավոր հեղափոխություն իրագործող առաջամարտիկներ են կոփում։ Ասաց, որ այդ ՀԿ-ները Քոչարյանի ու Սարգսյանի ժամանակ են ստեղծվել, բայց չասաց, որ այն ժամանակ նրանք ո՛չ կառավարության կազմում էին, ո՛չ էլ քաղաքականություն էին որոշում։ Փոխարենն ասաց, թե Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր դաշնակիցը ոչ թե Քոչարյանն է կամ Փաշինյանը, այլ հայ ժողովուրդը։
Հետաքրքիր դիտարկում է, մնում է Ռուսաստանը հասկանա, թե ինչպես կամ ում միջոցով պետք է հաղորդակցվի հայ ժողովրդի հետ, երբ Քոչարյանը նստած էր, իսկ Փաշինյանը հակառուսականություն էր խաղում։ Այսինքն, կրկին հարցից խուսափելու համար գործի դրեց իր սիրած հնարքը` գցեց ժողովրդի վրա։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի համար բավական պարկեշտ տոնայնությամբ հարցազրույց էր։ Խուսափելով Պուտինի հետ շփումների մասին հարցից` նա անգամ համեստորեն խոստովանեց, որ իր վիզավին վարչապետ Միշուստինն է, ում հետ հանդիպել է, ոչ Պուտինը։ Կար «դուխի» պակաս անգամ Ալիևին քննադատելիս։
Ռազմական միջադեպերից խուսափելու համար ասաց, որ պետք է ներդրվեն մոնիտորինգի ու հետաքննության մեխանիզմները, սակայն չնշեց, որ Դուշանբեի վերելակում ինքը հրաժարվել է դրանցից, և ստեց՝ ասելով, թե միշտ էլ այդ հարցն օրակարգում է եղել։
Անդրադառնալով Մոսկվայում և Ռուսաստանում այլուր հայ-ադրբեջանական բախումներին` Նիկոլ Փաշինյանը չասաց, թե իրեն մտահոգում է հայերի վիճակն այնտեղ, բայց ասաց, որ մտահոգ է Ռուսաստանի խնդիրներով, և այնտեղ կայունությունն իր համար ստրատեգիական արժեք է։
Նշենք նաև, որ РБК-ի լրագրողը թույլ տվեց մի քանի դրվագներում, որ Նիկոլ Փաշինյանն իրեն «ֆռռացնի»։ Օրինակ, երբ Փաշինյանը հերթական անգամ գլուխ գովեց, որ ինքն է առաջին ղեկավարը, որն ուզում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը բավարարի 3 ժողովուրդներին էլ, լրագրողն այդպես էլ հետամուտ չեղավ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ գաղտնի կամ հրաշք լուծումը, որի մասին Նիկոլ Փաշինյանը շարունակ խոսում է։
Լրագրողն ասաց, որ դիմել է նաև Ալիևին, նրանից էլ է հարցազրույց խնդրել։ Հուսանք` Ադրբեջանի ղեկավարը կմերժի, այլապես այս հարցազրույցի տխուր ֆոնի վրա (հավելենք, որ Փաշինյանի ռուսերենը խայտառակ էր, շատ հատվածներում՝ դժվար հասկանալի), լրագրողի թույլիկ պահվածքի պայմաններում, հարցազրույցների համեմատությունը հաստատ մեր օգտին չի լինի։
ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ