Covid-19-ի 2-րդ ալիքի մեծ ռիսկ կա, պետք է պատրաստ լինեն բոլորը. ԱՀԿ առաքելության անդամ
Հարավային Կովկասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գրասենյակի՝ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Եսենամանովի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք լինելու է և դրան պետք է պատրաստ լինեն բոլորը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, Առողջապահության նախարարի հրավերով Հայաստան ժամանած առաքելության անդամը նշեց, որ զզոնությունը չպետք է թուլացնեն անգամ այն երկրները, որտեղ թվերի զգալի անկում է արձանագրվում:
– Պարոն Եսենամանով, արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Երևանում եք, ինչպե՞ս կգնահատեք Covid-19-ի դեմ պայքարում Հայաստանի առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակը:
– Շնորհակալություն հարցի համար. իրականում սա հարց է, որը արդիական է շատ երկրների համար, որովհետև նոր վիրուսի առկայությանը, ինչպիսին Covid-19-ն է, շատ երկրներ բավարար չափով պատրաստված չէին: Պետք է ընդգծել, որ, նույնիսկ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չէր կանխատեսում, որ կորոնավիրուսը նման մասշտաբների կհասնի: Որևէ մեկը չէր կռահում, որ անհրաժեշտ կլինեն այսպիսի չափով ինֆեկցիոն հիվանդանոցներ, մահճակալներ, թոքերի օդափոխության սարքեր և որևէ երկիր պատրաստ չէր սրան: Այս դիտանկյունից, եթե դիտարկենք կոնկրետ Հայաստանի պատրաստվածությունը, ապա այն այնքան էլ չի տարբերվում ցանկացած այլ պետության պատրաստվածության մակարդակից: Դիտարկելով այն, թե ինչպես է պատրաստվել կառավարության պատասխանը համավարակին, կարելի է ասել, որ կառավարությունը բավականին ռացիոնալ է մոտեցել խնդրին, Առողջապահության նախարարությունը գնահատել է, թե ինչ հնարավորություններ կան, որ հնարավորությունները կարելի է մեծացնել, որ հնարավորությունները կարելի է ուժեղացնել կարճաժամկետ, որոնք՝ երկարաժամկետ կտրվածքով: Այս բոլոր հնարավոր միջոցները կշռադատելով` կայացվել են առավել օպտիմալ որոշումներ:
– Կա՞ արդյոք մի բան, որը կփոխեիք Հայաստանում՝ կորոնավիրուսի դեմ ավելի արդյունավետ պայքար մղելու համար:
– Երբ ես նոր էի պատրաստվում գալ Հայաստան, մտածում էի, որ որոշ քայլեր ձեռնարկված կլինեն, ես էլ իմ կողմից կառաջարկեմ մի քանի այլ տարբերակներ, սակայն Հայաստան գալուց հետո հասկացա, որ կառավարությունը դիտարկել է բոլոր հնարավոր տարբերակները և որևէ լուրջ փոփոխություն չէի անի: ԱՀԿ-ն բոլոր երկրներին հորդորում է մեծացնել թեստավորումների քանակը, հզորացնել հավանական վարակված մարդկանց հայտնաբերելու համակարգերը, ինչպես նաև անհրաժեշտ է շարունակել մեկուսացման գործընթացը:
– Անդրադառնալով համավարակի երկրորդ ալիքին, կարող են հանգիստ լինել այն երկրները, որոնք արդեն հայտարարել են կորոնավիրուսի համավարակը հաղթահարելու մասին, թե՞ այնտեղ նույնպես կարող է երկրորդ ալիք լինել:
– Դժվար է խոսել այն մասին, թե ինչ է նշանակում՝ երկրները բարեհաջող հաղթահարել են կորոնավիրուսը: Կան մի շարք երկրներ, որտեղ նվազել է օրվա կտրվածքով հաստատված նոր դեպքերի թիվը, բայց երբ այս երկրները փոքր ինչ թուլացրել են սահմանափակումները, մենք տեսնում ենք, որ բռնկումներն ավելացել են: Այդպես եղել է Գերմանիայում, Իսպանիայում: Սա շատ մեծ հարց է: Որպես ԱՀԿ, մենք ոչ մի երկրի խորհուրդ չենք տալիս թուլացնել զգոնությունը: Բոլոր երկրները պետք է պատրաստվեն երկրորդ ալիքին, որովհետև այն լինելու է: Այն սկսվելու է աշնանը, եղանակային որոշակի փոփոխության հետ մեկտեղ: Հասարակություններին պետք է սովորեցնել ապրել նոր իրականությունում, որովհետև վարակը մոտ ժամանակներս որևէ տեղ չի անհետանալու: Մեծ հույսեր կան պատվաստանյութի հետ կապված, սակայն դրա պատրաստ լինելու և գործի դնելու համար որոշ ժամանակ կպահանջվի:
– Շատերին հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե արդյոք հնարավո՞ր է կրկնակի վարակվել Covid-19-ով: Որքա՞ն ժամանակ կարող է մարդն իրեն ապահովագրված զգալ, եթե վարակվել և ապաքինվել է:
– Շատ դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին: Մենք համաշարհային պրակտիկայում ունենք դեպքեր, երբ մարդը վարակվել է երկրորդ անգամ հիվանդանոցից դուրս գրվելուց որոշ ժամանակ անց, այն բանից հետո երբ ՊՇՌ երկու թեստ էր հանձնել, որոնց պատասխանը եղել է բացասական: Այս ամենը կախված է իմունային համակարգից, թե որքան ժամանակ է այն դիմադրում և որքան ժամանակով է ձևավորվում վարակված և բուժված անձի մոտ: Սա մեծ հարց է, որին կարող է պատասխանել ուսումնասիրությունը, որի համար ժամանակ է անհրաժեշտ: Լիովին հնարավոր է, որ որոշ մարդկանց մոտ, որոնք բուժվել են, իմունային համակարգը լավն է և երկարաժամկետ կտրվածքով ձևավորվում է կայուն իմունիտետ: Մենք այս վիրուսի հետ գործ ունենք շուրջ կես տարի, դա չնչին ժամանակահատված է, որպեսզի գիտական և բժշկական եզրակացություն տանք նոր տիպի վիրուսի մասին:
– Ե՞րբ կավարտվեն այժմ կլինիկական հետազոտության փուլում գտնվող պատվաստանյութերի փորձարկումները, և ե՞րբ պատրաստ կլինի արդեն առաջին պատվաստանյութը:
– Այս պահի դրությամբ մի քանի պատվաստանյութ կա, որոնք անցնում են կլինիկական փորձարկումների փուլ, դրանք ընտրվել են շուրջ 100 պատվաստանյութերի տարբերակների միջից: Դրանց հետազոտությունները որոշակի արդյունավետություն են արձանագրել: Պատվաստանյութի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքան ժամանակով կլինի դրա ձևավորած իմունիտետի առկայությունը: Հնարավոր է, որ հակամարմինները մահանան, օրինակ՝ մեկ ամիս հետո, այդպիսի պատվաստանյութը չի կարող լինել արդյունավետ, որովհետև չենք կարող պատվաստել մոլորակի բնակչության մեծ մասին և դա անել ամեն ամիսը մեկ անգամ կամ ամեն երեք ամիսը մեկ անգամ: Դա անիրատեսական է: ԱՀԿ-ում մեծ թիմ է աշխատում պատվաստանյութերի հարցի ուղղությամբ, այս պահի դրությամբ շատ բարդ է ասել, թե երբ պատրաստ կլինի պատվաստանյութը:
– Խոսենք դիմակների կրման անհրաժեշտության մասին: Տարբերություն կա՞ բժշկական դիմակների, ռեսպիրատոր դիմակների և ինքնաշեն ու կտորից դիմակների միջև:
– Իրենց մեջ, միանշանակ, կա տարբերություն, սակայն դրանք նախատեսված են կոնկրետ դեպքերի համար, օրինակ՝ ռեսպիրատոր դիմակներն օգտագործվում են բացառապես հիվանդանոցներում և կոնկրետ դեպքերում, բժշկական դիմակներն առաջին հերթին անհրաժեշտ է բժշկական համակարգի աշխատակիցներին, որովհետև դրանք պաշտպանում են բացիլների տարածումից, դրանք անհրաժեշտ են նաև պացիենտներին, որոնք շփվում են բժիշկների հետ: Դիմակը պաշտպանում է նրանից, ով այն կրում է: Հասարակության այլ անդամների համար, որոնք չեն հանդիսանում բուժաշխատող, բժշկական դիմակներ և ռեսպիրատորներ անհրաժեշտ չեն, լիովին բավարար են ինքնաշեն և կտորից դիմակները:
– Ի՞նչ կոչ կհղեք այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն հավատում վարակի գոյությանը:
– Ինձ համար զարմանալի է այն ֆենոմենը, որ մարդիկ չեն հավատում վարակի գոյությանը: Երբ սովորական սպառողը հայտնում է իր բացասական տեսակետը վարակի գոյության հետ կապված, դա ինձ համար շատ զարմանալի է, որովհետև ես նույն տրամաբանությամբ կարող եմ կասկածի տակ դնել Ավստրալիայի գոյությունը. ես երբեք չեմ եղել Ավստրիալիայում և կարող եմ ասել, որ այն գոյություն չունի, քանի որ չեմ տեսել այն: Վարակն իսկապես գոյություն ունի: Սարսափելի է, որ կան մարդիկ, որոնք դրան չեն հավատում: Հուսով եմ, որ Հայաստանում այդպիսի մարդկանց թիվը շատ չէ: Մենք եղել ենք հիվանդանոցներում, որոնք նախատեսված են եղել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար և տեսել, թե որքան ծանրաբեռնված են այդ բժշկական հաստատությունները: Ես կոչ եմ անում Հայաստանի բնակչությանը համագործակցել պետության հետ՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները: Յուրաքանչյուրի վարքագծից մարդկանց կյանքեր են կախված:
– Շնորհակալ եմ հարցազրույցի համար:
Հարցազրույցը վարեց Նորայր Շողիկյանը