Նյու Դելին «անընդունելի» է որակում հնդկական նավի վրա հարձակումը
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը Օմանի ափամերձ ջրերում հնդկական դրոշով նավարկող նավի դեմ երեկվա հարձակումը «անընդունելի» է որակել։
Տարածված հայտարարության մեջ արտաքին քաղաքական գերատեսչությունից ընդգծել են, որ կոմերցիոն նավերի և խաղաղ նավաստիների թիրախավորումները պետք է դադարեցվեն՝ նաև երախտագիտություն հայտնելով Օմանի իշխանություններին՝ անձնակազմի անդամներին փրկելու համար։
Vanguard ծովային անվտանգության ընկերությունը հայտնել է, որ MSV Haj Ali անունը կրող, 54 մետր երկարությամբ փայտյա բեռնատարը պայթյունից հետո խորտակվել է Օմանի ափին՝ Հորմուզի նեղուցից հարավ։
Հաղորդվում է, որ նավը Սոմալիլենդից Արաբական Միացյալ Էմիրություններ անասուններ էր տեղափոխում, երբ, հնարավոր է, անօդաչու թռչող սարքի կամ հրթիռի թիրախում է հայտնվել։
Ամերիկա-իսրայելական համատեղ հարձակման մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում Հորմուզի նեղուցը, որով, նախքան պատերազմը, անցնում էր աշխարհում սպառվող նավթամթերքի շուրջ 20 տոկոսը։
ԱՄՆ-ն էլ, իր հերթին, ծովային շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Մատակարարումների խանգարումները տատանումներ են առաջացրել նավթի և գազի համաշխարհային շուկաներում, ինչը մտահոգությունների պատճառ է դարձել էներգիա ներմուծող երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում։



