Մենք ունենք ուժեղ երկիր և հաջողակ Սփյուռք. Արմեն Սարգսյան
Հայասստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից անցկացվող «Հայաստանն ու աշխարհը. կառուցելով կայուն ապագա» միջազգային ամառային առցանց դպրոցի առաջին դասին:
Ամառային դպրոցի մասնակիցներն ուսանողներ են, երիտասարդ գիտնականներ և մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից, ինչպես հայեր, այնպես էլ օտարազգիներ: Դասընթացների շրջանակում, որոնք սկսվել են հուլիսի 27-ից և կավարտվեն օգոստոսի 12-ին, մասնակիցները դասախոսությունների միջոցով կծանոթանան Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, համապարփակ տեղեկատվություն կստանան ընթացիկ գործընթացների վերաբերյալ, կքննարկեն Հայաստանի տեղն ու դերն արագ փոփոխվող աշխարհում:
Տեսակապի ընթացքում ամառային դպրոցի մասնակիցները հարցեր են ուղղել Հանրապետության նախագահին: Մասնավորապես, պատասխանելով խորհրդարանական կառավարմամբ պետության մեջ երկրի նախագահի դերին վերաբերող հարցին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Երբեմն մարդկանց ակնկալիքները շատ մեծ են և անիրատեսական, քանի որ Սահմանադրությունը և խորհրդարանական հանրապետության ձևաչափը նախագահին թույլ չեն տալիս այդ ակնկալիքները կյանքի կոչել, իսկ նախագահն անձամբ անհրաժեշտ գործիքներ չունի:
Երկու տարի նախագահելու ընթացքում իմ գործողություններից մեկը եղել է մարդկանց բացատրել, որ խորհրդարանական երկրում պետք է իրատեսական ակնկալիքներ ունենալ նախագահական ինստիտուտից, և երբեմն էլ ուղղորդել՝ ինչ ակնկալել և ինչ անել: Նախագահության իմ պատկերացումները ներառում են ակտիվ գործունեություն ծավալելը՝ սակայն ամբողջությամբ պահպանելով սահմանադրական սահմանափակումները: Նախագահական գործիքները կամ պարտականությունները բավական սահմանափակ են: Այդուհանդերձ, նույնիսկ նման սահմանափակ գործիքակազմով կան հնարավորություններ, որ մենք կարող ենք օգտագործել: Մենք դրանցից մի քանիսն օգտագործում ենք նախագահական նախաձեռնությունների տեսքով: Դրանք չեն հակասում կամ հակադրվում կառավարության գործունեությանը և ծրագրերին, դրանք ուղեցույցներ են, թե ուր պետք է գնանք:
Օրինակներից մեկը «Հայ պարկ» նախագիծն է, որի մասին ամիսներ առաջ հայտարարվեց։ Երևանում՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից հատվածում, շուրջ 100 հեկտար տարածք կա, իմ առաջարկն է բարեկարգել այն և վերածել այգու։ Այդ այգին պետք է մի քանի իմաստ ունենա, որոնցից մեկը հիշողության այգի լինելն է։ Մեծ այգին ներառելու է փոքր այգիներ, որոնք պետք է ներկայացնեն Հայաստանի կորուսյալ շրջանները պատմական Արևմտյան Հայաստանում։ Այգու երկրորդ մասը պետք է ներկայացնի հայկական Սփյուռքը։ Իսկ երրորդ մասը պետք է խորհրդանշի ներկայիս Հայաստանը։
Իրականում սա մի գաղափար է, որը նպատակ ունի համախմբել բոլորին։ Սա պետք է լինի հայկական միասնության այգի։ Սա չի լինելու մի այգի, որտեղ պետք է լինեն սրճարաններ կամ ռեստորաններ։ Նախ և առաջ, մեր երկիրը նման այգու կարիքն ունի որպես մաքուր օդի աղբյուրի։ Այգին կարող է դառնալ Հայաստանի քաղաքացիների և նրանց հյուրերի համար երեկոյան գեղեցիկ հավաքատեղի։ Սա նախագահական նախաձեռնություն է, որը միտված է ազգային միասնությանը»։
Նախագահն, ի պատասխան հնչած հարցերից մեկի, կարևորել է ազգային միասնականությունը։ «Մենք պետք է մեր հույսը դնենք մեր ուժի վրա,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Մենք ունենք ուժեղ երկիր, և հաջողակ ու միասնական Սփյուռք։ Ես հավատում եմ, որ միասնաբար մենք շատ հզոր կլինենք»։ Նախագահը նշել է, որ պետք է արդյունավետ օգտագործենք այն փաստը, որ արտերկրում շատ հայեր են ապրում: «Մեր խնդիրն այդ հնարավորությունն առավելագույնս օգտագործելն է, Հայաստանն ավելի ապահով և ուժեղ դարձնելը»,-ասել է նախագահը:
Հարց ու պատասխանի շրջանակում խոսելով սահմանային լարվածության մասին՝ Հանրապետության նախագահը կրկին ընդգծել է. «Այս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, մեր հարևանները որոշում են ռազմական գործողություններ ձեռնարկել, սա անմարդկային է: Իրականությունն այն է, որ Ադրբեջանն է սկսել այդ հակամարտությունը սահմանին, և իրականությունն այն է, որ հայկական զինված ուժերը ցույց են տվել, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն են»։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է այդքան երկար ժամանակ հատկացնում երիտասարդներին և ինչու է կարևորում նման քննարկումները՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կարծում եմ՝ չնայած շատ հին ազգ ենք, բայց մենք նաև շատ երիտասարդ ենք: Այս քաղաքը ևս երիտասարդ է: Այն ավելի քան 2800 տարեկան է, բայց՝ շատ երիտասարդ: Սա նաև քաղաք է, որտեղ յուրաքանչյուր օտարերկրացի կարող է տեսնել դրա կենսունակությունը: Հայաստանը ստարտափներ ստեղծելու առումով աշխարհում առաջատար երկրներից մեկն է, քանի որ մենք երիտասարդ ազգ ենք: Ես ինքս ինձ համարում եմ երիտասարդ նախագահ: Իմ խորհուրդն է ձեզ՝ երբ դատողություն եք անում, թե ով է երիտասարդ կամ ծեր, ապա երբեք մի հենվեք նրա ապրած տարիների քանակի վրա: Երիտասարդ լինելը կապված է նրա հետ, թե որքան երիտասարդ է ձեր ոգին, ուղեղը, մտածելակերպը: Երիտասարդ են այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն օր սովորել:
Նախագահի պարտականություններից մեկը համարում եմ ուսուցիչ լինելը: Ես դասավանդել եմ Երևանի պետական համալսարանում, հետո աշխարհի տարբեր համալսարաններում, ներառյալ՝ Քեմբրիջը: Սովորեցնել նշանակում է փոխանակվել փորձով: Ինձ համար ուսուցանելը նշանակում է նաև ձեզանից սովորել՝ մնալով երիտասարդ և լինելով ձեր նման երիտասարդ: Քանի որ մենք երիտասարդ ազգ ենք և հույս ունեմ, որ միշտ այդպիսին կմնանք, կցանկանայի, որ հաջորդ նախագահները լինեն ավելի երիտասարդ և իրենց ժամանակից ինչ-որ հատված տրամադրեն երիտասարդ սերնդին՝ նրանց օգնելով կյանքում հաջողակ լինել»:
Ամառային դպրոցի մասնակիցներից հնչած հարցերից մեկը վերաբերել է շրջակա միջավայրին: Հանրապետության նախագահը նշել է, որ բնության, շրջակա միջավայրի հետ կապված հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են. «Մենք մեծապես կշահենք, եթե մեր երկրում մաքուր, հաճելի և էկոլոգիապես ապահով միջավայր ապահովենք: Հայաստանը կարող է մարդկանց գրավել իր մաքրությամբ: Զբոսաշրջիկներն ու օտարերկրացիները կգան Հայաստան, եթե իմանան, որ Հայաստանը մաքուր երկիր է, ունի կուսական բնություն, երկիր է, որտեղ հասկանում են աշխարհի ժառանգության արժեքը: Ժառանգությունը կարող է պատմական լինել, օրինակ՝ մեր եկեղեցիները, պատմությունը, ինչպես նաև՝ մեր բնության ժառանգությունը: Էկոլոգիապես մաքուր Հայաստանը կարող է շատ գրավիչ լինել»:
Նախագահին ուղղված մեկ այլ հարց էլ վերաբերել է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ մեր հարաբերություններին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը միակ երկիրն է, որը խորը կապեր ունի ԵՄ-ի հետ և նաև հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: «Մենք պետք է կարողանանք օգտագործել այս առավելությունը՝ Եվրոպայի և Եվրասիայի միջև մեր յուրահատուկ կամրջող դիրքը՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-ասել է նախագահը:
Պատասխանելով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նախ արձանագրել է, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության վիճակը բավականին բարդ է: «Մեծ ջանքեր են պահանջվելու նախկին իրավիճակին վերադառնալու համար,-նշել է Հանրապետության նախագահը։ -Կարևորն այն է, որ Հայաստանը հստակ ապրանքանշան ունենա, և պարզ լինի, թե ինչու զբոսաշրջիկը պետք է գա Հայաստան, այլ ոչ ուրիշ երկիր»։ Նախագահ Սարգսյանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր քայլ է համարել մասնավորապես հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող STARMUS VI միջազգային փառատոնը։
Անդրադառնալով փոքր երկրների ակումբ ստեղծելու մտադրությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ գաղափարն ունեցել է նախքան նախագահ ընտրվելը։ «Ես խոսել եմ մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում այս նախաձեռնության մասին պաշտոնապես կհայտարարվի,-նշել է նա։ -Սա պարզապես ակումբ է լինելու՝ ոչ թե միություն կամ կազմակերպություն, ոչ թե ինչ-որ կառույցի դեմ կամ ինչ-որ կառույցի համար, լինելու է փոքր և խելացի երկրների ակումբ։ Այս ակումբում պետք է ներկայացվեն հաջողակ երկրների պատմությունները»։