Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ ԱԳ և միջազգային համագործակցության նախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ-Նահյանի հետ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները:
Երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։ Նախարարները շոշափել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք այլ հարցեր։
Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները: