Իշխանության դեմագոգիկ ինքնահաստատումը
Ներքաղաքական գործընթացների փուլում ներկայումս մի տեսակ «թայմ աութ» է, ինչն ունի արհեստական պատճառ․ այն ուղղակիորեն պայմանավորված է հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի մարզի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով։ Ինչպես հայտնի է՝ հուլիսի 12-ից ՀՀ պետական սահմանի այդ հատվածում բավականին լարված, եթե չասենք՝ կիսապատերազմական վիճակ է։ Սակայն այսօր դրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել, այլ այն քաղաքական ամբիցիոզ նկրտումների, որին ականատես դարձանք վերջին տասնօրյակում։
Այս ամենի մասին՝ ըստ հերթականության։
ՀՀ ընդդիմադիր հատվածը մարտական գործողությունների հենց սկզբից դրսևորեց զսպվածություն, և իրենց հարցազրույցներում ու ընդհանուր հռետորաբանության մեջ սկսեցին զերծ մնալ իշխանությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց և թիրախավորելուց։ Ըստ էության՝ հայրենի քաղաքական կոնգլոմերատում մի յուրատեսակ կոնսոլիդացիա ստեղծվեց, քանի որ թեման ՀՀ անվտանգությունն ու հայ զինվորի սխրանքն էր։ Ցավոք, սա ևս հերթական կարճաժամկետ դրսևորումն էր, և հակառակ զարգացումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։
Մարտական գործողությունների հենց սկզբից իշխանական «սթաֆը» տոտալ գրոհ սկսեց՝ հերթական անգամ դեմոնիզացման ակցիա սկսելով նախկին իշխանությունների, կամ, իրենց բառապաշարով ասված՝ «5-րդ շարասյան» դեմ։
Թեման սկսվեց նրանով, որ նախ՝ ֆեյսբուքյան տիրույթում, այնուհետև՝ հայտնի լրատվական հարթակներից իշխող քաղաքական թիմի անդամները սկսեցին զուգահեռներ անցկացնել Տավուշում տեղի ունեցող գործողությունների և 2016 թվականի ապրիլյան պատերազմի միջև։ Այս երկու դեպքերը միմյանց հետ համեմատելը հերթական անգամ վերահաստատում է իշխող թիմի ատելության քարոզի տարածման փաստը, քանի որ դրանք միմյանց հետ չհամեմատվող գործողություններ են, և համեմատությունն ուղղակի հերթական դեմագոգիայի ու պոպուլիզմի դրսևորումն է, ուրիշ ոչինչ։ Ասվածի վառ ապացույցը երկու գործողությունների աշխարհագրական ծավալներն ու ռազմական արսենալի կիրառելիության փաստերն են, որոնք ունեն ահռելի տարբերություններ․ Տավուշի դեպքը լոկալ գործողություն էր, որն առանձնապես մեծ մասշտաբներ չընդգրկեց (ի ուրախություն), իսկ Ապրիլյանի ծավալներն ու ռազմական մասնակցությունն անհամեմատ ավելի էին։
Օրինակ, նախօրեին լրատվականներում հայտնվեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը, որտեղ նա ընդգծել է, թե «դեպքերը նույն սցենարով են զարգացել թե՛ 2016-ի ապրիլին, և թե՛ 2020-ի հուլիսին»։ Նա նաև նշել է հետևյալը․ «Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները, և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները։ Վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերում կատարված բարեփոխումները, ինչպես նաև աննախադեպ քանակի ժամանակակից սպառազինության ձեռքբերումը թույլ են տվել նոր հզորություններ զարգացնել՝ կտրուկ ավելացնելով մեր ռազմական կարողությունները»։ Նշված միտքը կատարյալ դեմագոգիայի և հերթական մանիպուլյացիոն դրսևորումից բացի՝ այլ կերպ հնարավոր չէ բնութագրել, քանի որ ոլորտի ներկայացուցիչները քանիցս փաստել են, որ բանակում արդիականացման գործընթացները կրել են պարբերական բնույթ, և 2007 թվականից սկսած ամենամյա ռեֆորմներ ու մոդեռնիզացիա է իրականացվել։ Եթե մի նախադասությամբ հակադարձենք Գրիգորյանին, մոտավորապես կլինի այսպես, որ նրա կողմից նշված երկու դեպքում էլ լարվածությունը սանձազերծել է ադրբեջանական կողմը, որից հետո հաղթանակ է տարել հայկական բանակը։
Գրիգորյանի «գծի» շարունակությունը լրացրեց Անդրանիկ Քոչարյանը, ով փորձում էր իր խոսքում ամեն կերպ ինչ-ինչ ակնարկներ ներկայացնել իր ղեկավարած հանձնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Ու զավեշտալին այն է, որ պետության կարևորության ու պետականամետության մասին խոսում է մեկը, ով հիշյալ ինստիտուտների հետ բացառապես ոչ մի աղերս չունի։ Քոչարյանն իր խոսքում փորձում է քննադատել այն երևույթը, թե «ոմանք բանակը տարանջատում են պետությունից»՝ մոռանալով, որ բանակը բոլորինս է, ողջ հայ ազգինը, լինեն «սևեր» թե «սպիտակներ», «նախկիններ» թե «ներկաներ»։ Սա մի կառույց է, որտեղ ներդրում ունեն բոլորը, և հաջողությունները նույնպես պատկանում են ողջ ազգին։
Ա. Քոչարյանի կողմից առաջ քաշած թեզերի մեջ էր նաև հայտնի ՊՈԱԿ-ի «վերլուծաբաններից» մեկի այն պնդումը, թե «նախկին իշխանությունները ներկայումս փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել և Գրիգորի Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել»։ Սա մի հայտարարություն էր, որը, բացի պետական դավաճանություն և հակապետականություն կոչելուց, այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ։
Տեղի ունեցող անբարո դրսևորումները խոսում են իշխանության ներկայացուցիչների, ինչպես նաև նրան սպասարկող համապատասխան վերլուծական-տեղեկատվական սեկտորի իրական կերպարի ու հակապետական լինելու մասին։
Հատկանշականն այն է, որ յուրաքանչյուր ադեկվատ ու փաստարկված հակադարձում իշխանամերձ հատվածը նախ ընդունում է սվիններով, ապա մանիպուլյատիվ կերպով սկսում է անմեղսունակ ու ամուլ հակափաստարկները բերել քաղաքական քննարկման տիրույթ։
Այս ամենը խոսում է նաև այն մասին, որ իշխանությունը շարունակում է հանրային տիրույթում կրրառել իր կողմից երկու տարուց ավելի արդեն իսկ կիրառվող գործիքակազմը՝ հաց և տեսարան։ Հերթական անգամ իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս, որ իրենք այսօր նման կարգավիճակ ունեն զուտ նրա համար, որ ժամանակին ճիշտ հաշվարկներ են արել և կարողացել են դիմանալ Գյումրի-Երևան քայլարշավին։
Պետք է հասկանալ մի պարզ, բայց միաժամանակ՝ նաև առանցքային ճշմարտություն․ քաղաքական գործիչը և պետական գործիչը դրանք տարբեր կատեգորիաներ են։ Այս փաստը փայլուն ու դասական ձևով արձանագրել է Չերչիլը՝ նշելով․ «քաղաքական գործիչը մտածում է մոտակա ընտրությունների մասին, պետական գործիչը՝ երկրի վաղվա մասին»։ Այսինքն, այստեղից բխում է, որ քաղաքական գործիչն ի վիճակի չէ ռազմավարական տեսլական ունենալ պետականաշինության հարցում, որովհետև իր ամենահեռավոր հորիզոնը մոտակա ընտրություններն են, իսկ պետական գործչի համար ընտրությունները միջոց են պետականաշինության, ոչ թե՝ նպատակ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի պետական զարգացման ռազմավարություն, ծրագիր, իսկ այդ հանգամանքն առաջին ցուցիչն է՝ մարդը պետակա՞ն գործիչ է, թե՞ քաղաքական։
Այս ամենը վկայում են այն մասին, որ մենք չունենք ազգային էլիտա և պետականաստեղծ գործիչներ։
Արմեն Հովասափյան