«Ռուսաստանն է, որ ունի լուրջ լծակներ՝ ազդելու Ադրբեջանի և Հայաստանի վրա, բայց դեռ կփորձի ցույց տալ իր նշանակությունը մեզ համար». Դավիթ Հարությունով
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն անխուսափելի է դարձնում երկու կարևոր գործոն՝ բանակցային գործընթացի՝ փակուղում հայտնվելն ու տնտեսական այն լուրջ գործընթացները, որոնք կան աշխարհում, ուստի հենց այս գործոններն են, որ սահմանային լարվածությունները դարձնում են անխուսափելի։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ռազմական մեկնաբան Դավիթ Հարությունովը՝ տրամաբանական համարելով ադրբեջանական ագրեսիան հենց Հայաստանի սահմանին սկսելը, քանի որ հակառակորդը ցույց է տալիս, որ խնդիր ունի հենց Հայաստանի հետ։
«Կարծում եմ՝ ապագայում էլ պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի սահմանը այդ նպատակով կարող է օգտագործվել»,- ասաց Հարությունովը։
Ըստ նրա՝ մարտական գործողություններ սանձազերծելու պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ Ադրբեջանը դիտարկել է Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, եզրակացություններ կատարել, թե մեզ մոտ ներքաղաքական վիճակը շատ ավելի վատ է, ինչից ելնելով էլ՝ կատարել է սխալ հաշվարկ ու դիմել գործողությունների։
«Մյուս կողմից՝ մինչև հիմա ադրբեջանական հասարակությունը համակերպվում էր ադրբեջանական բռնատիրական ղեկավարության հետ՝ դրա տեղը ստանալով տնտեսական փոխհատուցում, հիմա դա չկա, և հասարակությունը դժգոհ է նավթային փողերի բացակայությունից։ Դրա ապացույցն է այն, որ Ադրբեջանում վերջին օրերին սկսվեցին ազգայնական հողի վրա մեկնարկած ցույցեր, հետո վերաճեցին հակաիշխանական ցույցերի։ Ադրբեջանում հիմա մի իրավիճակ է, երբ ազգայնական ցույցերն ուղղված են հենց պետության դեմ, ազգայնականությունը դարձել է ընդդիմադիր լոզունգ»,- ասաց ռազական մեկնաբանը։
Խոսելով հուլիսի 12-ից Հայաստանի սահմանի վրա հարձակումների և Ադրբեջանի կրած դիրքային կորուստների մասին՝ Հարությունովը նշեց, որ Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, որն ունի ընդամենը երկու տարբերակ։
«Կա՛մ դադարեցնել այս միջադեպի հետ կապված հարձակումը, կա՛մ գնալ լուրջ էսկալացիայի՝ օգտագործելով սպառազինությունների ավելի լայն մակարդակ։ Այստեղ, սակայն, արդեն լինելու է քաղաքական որոշման անհրաժեշտություն, և, փաստորեն, և մենք, և Ադրբեջանը կմտնենք մի ցիկլի մեջ, որից որևէ մեկը չգիտի, թե ինչպես դուրս կգա։ Ադրբեջանը հիմա կարող է դադարեցնի գործողությունները, բայց հետո ամեն գնով կրած կորուստները կոմպենսացնել է ուզելու»,- ասաց նա։
Ռազմական մեկնաբանի փոխանցմամբ՝ վերջին օրերին քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմել-չդիմելու հարցը, զուգահեռաբար՝ բարձրացվում է նաև այդ ռազմական կառույցի էֆեկտիվության հարցը։
«Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, բայց չէ՞ որ այդ կառույցի միջամտությունն ու օգնությունն առավելապես նախատեսված է Թուրքիային զսպելու համար, այսինքն՝ օգնելու խնդրանքով դիմելու մեխանիզմն ավելի էֆեկտիվ է Թուրքիային զսպելու դեպքում, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հնարավորություններն ինչ-որ չափով համարժեք են, բայց մեր զինված ուժերի հնարավորությունից դուրս է թուրքական վտանգը զսպելը։ Մյուս կողմից, եթե դիմում ենք ՀԱՊԿ-ին, ապա հենց Ռուսաստանն է, որ կարող է ռազմատեխնիկական օգնություն և ուժ ուղարկել, մյուս կողմից էլ՝ արդեն այդ ուժը և զինտեխնիկան մենք Հայաստանում ունենք Գյումրու 102-րդ ռազմաբազայում»,- ասաց նա։
Անդրադառնալով այսօր Բելառուսում Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ու դրան վարչապետ Փաշինյանի մասնակցությանը՝ Հարությունովը նշեց, որ չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հարցը քննարկվի՝ նախապես հստակեցված օրակարգային հարցերից զատ, որովհետև ռեալ լծակներ՝ ազդելու Ադրբեջանի և Հայաստանի վրա, ունի միայն Ռուսաստանը։
«Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ արդեն շահագրգռված են դադարեցնել ռազմական գործողությունները, բայց պետք է մի միջնորդ, որը կարող է բուն տեխնիկական գործընթացը կազմակերպել, որ կողմերն իրար հետ խոսեն։ Ռուսաստանը լուրջ լծակներ ունի ազդելու Հայաստանի և Ադրբեջանի վրա։ Իհարկե, հաշվի առնլով հայ-ռուսական վերջին երկու տարվա հարաբերությունները՝ չեմ բացառում, որ Ռուսաստանը դեռ կփորձի ցույց տալ իր նշանակությունը Հայաստանի համար, բայց դա կանի չափավոր ձևով, բայց Ռուսաստանը շահագրգռված չէ Արցախում կոնֆլիկտի ակտիվացմամբ կամ Հայաստանում ռազմական գործողություններով, որովհետև դա իրեն մոտիկ տարածաշրջանն է, ապակայունացումը կարող է ազդել Հյուսիսային Կովկասի վրա։ Սրանից բացի՝ եթե ակտիվանան էլ գործողությունները, միևնույն է, իրենք պետք է հետո այդ կոնֆլիկտը կարգավորեն։ Մյուս կողմից՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ռուսաստանին ընկալում են՝ որպես այս տարածաշրջանում գերիշխող դիրք ունեցողի, հիմա, եթե կոնֆլիկտը թեժանում է, կարող են կարծել, որ այդ դերը լավ չի կատարում։ Շատ են խնդիրները, որոնցով պայմանավորված էլ՝ Ռուսաստանին այս տարածաշրջանում կոնֆլիկտ պետք չէ»,- ասաց Հարությունովը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի այն հայտարարությանը, որ հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար, Դավիթ Հարությունովը նկատեց, որ դա չմտածված հայտարարություն էր, որի բացասական հետևանքները զգալու է հենց Ադրբեջանը, և չի բացառվում, որ ասված էր այն ընդամենը ներքին լսարանին բավարարելու համար:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում