Կիպրոսի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Արտգործնախարարները քննարկեցին հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարար Մնացականյանն իր կիպրացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտեց Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերի: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը խիստ անհանգստացնող գնահատեց հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի ագրեսիային՝ որպես տարածաշրջանում անկայունության հրահրման և անվտանգության խաթարմանն ուղղված թուրքական իշխանությունների գործելակերպի հերթական արտահայտություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս