Բաժիններ՝

Անվճար բժշկական օգնության ու սպասարկման ուղեգիր՝ քվեի դիմաց. մեղադրանք է առաջադրվել պատգամավորի թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով ընտրողին կաշառք տալու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրողին տվել է կաշառք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար: Այսպես, հիշյալ ընտրություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունից առաջադրված է եղել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրը՝ Ղուկաս Ուլիխանյանը:

Վերջինիս օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` այդ ժամանակահատվածում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ա. Բաբայանը մտադրվել է նյութապես շահագրգռել ընտրողներին, այդ թվում` յուրաքանչյուր քվեի համար նրանց որպես կաշառք տալ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրեր:

Մասնավորապես, տեղեկանալով, որ Երևան քաղաքի բնակիչներից մեկը որպես թոշակառու վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ է դիմել աչքերի վիրահատությունը պետական միջոցների հաշվին իրականացնելու խնդրանքով, Ա. Բաբայանը նրանից պահանջել է ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցել կայանալիք ընտրություններին և կողմ քվեարկել իր ներկայացրած անձի` պատգամավորի թեկնածու Ղուկաս Ուլիխանյանի օգտին՝ խոստանալով այդ դեպքում որպես կաշառք տալ առավելություն, այն է՝ ապահովել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրի տրամադրումը:

Ընտրություններին մասնակցելուց հետո վերը նշված անձը ուղեգրի հիման վրա բժշկական կենտրոնում ենթարկվել է աչքի անվճար վիրահատության, ինչի դիմաց պետության կողմից հիշյալ բժշկական կենտրոնին փոխանցվել է 77.200 ՀՀ դրամ: Կարդացեք նաև Յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար. երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ Արթիկի բնակիչը վիճաբանել է քենակալի հետ, դանակահարել կնոջ քրոջ 21-ամյա որդուն և հեռացել դեպքի վայրից Ֆինանսական ընկերության տնօրենը ծեծել է և կրակել՝ գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Ա. Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս