«ՄԻԵԴ-ի որոշմամբ կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ի մոդելը կյանքի կոչելու գործընթացն առաջին փուլով ավարտված է». Ռուստամ Բադասյան
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրել այս կամ այն որոշման հարցում, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ։ Հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր իրականացնել այդ ճնշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրել ՄԻԵԴ որոշման վրա։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների նախագծով դադարեցվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և երեք դատավորների լիազությունները, որոնք դիմել են ՄԻԵԴ։
Նախարարը վստահեցրեց, որ խնդիրն այնպես դրված չի եղել, որ իշխանությունները չէին ցանկանում տեսնել իքս իգրեկ կամ զեթ դատավորներին, այլ իշխանությունների խնդիրը ՍԴ-ի մոդելի կյանքի կոչելն էր, որն իրականացվել է Սահմանադրության փոփոխությամբ։
«Ինքս զարմացած էի, որ դիմումատուները ՄԻԵԴ-ից միջանկյալ միջոց կիրառելու իրենց դիմումով փորձում էին փաստացի հասնել նրան, որ սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտել, կա՛մ կասեցվեին, կա՛մ չիրականացվեին։ Կարծում եմ՝ նրանք մեկնարկային այնպիսի բարդ իրավիճակում էին, որ, եթե իրենց նպատակը դրան հասնելն էր, ապա դա հնարավոր չէր, և այդ ամենն արձանագրվեց նման որոշմամբ։ Բնականաբար, իրենց դիմումը դեռ սահմանված ընթացակարգերով կանցնի, կքննարկվի։ ՄԻԵԴ-ի որոշմամբ ևս մեկ անգամ կարող ենք արձանագրել, որ ՍԴ-ի մոդելը կյանքի կոչելու գործընթացն առաջին փուլով ավարտված է»,- հավելեց Ռուստամ Բադասյանը։
Անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին, որ ՍԴ 3 դատավորներին ինքը կարող է նշանակել, Ռուստամ Բադասյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պատրաստ է լսել ցանկացած առաջարկ և կազմակերպել քննարկումներ, առավել ևս, երբ նման առաջարկ է հնչում ՀՀ նախագահի կողմից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում