Հեղափոխությունը սոցկայքերից չէ, որ սկսվում է

«Քանի որ ֆեյսբուքում համեմատաբար քաղաքական մտածելակերպ ունեցող մարդիկ են, իմ նպատակը եղել է ֆեյսբուքը քաղաքականացնելը: Թե չէ ֆեյսբուքով հեղափոխություն անելու համար առնվազն տասը տարի աշխատել է պետք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝  պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք որոշել է ֆեյսբուքի միջոցով հեղափոխություն իրականացնել Հայաստանում` հաշվի առնելով վերջին շրջանում հիշյալ սոցիալական ցանցում իր ակտիվությունը:

«Հեղափոխությունը սոցիալական կայքերից չէ, որ սկսվում է, քանի որ այդ ռեսուրսը Հայաստանում դեռ չկա: Ես պարզապես ցանկանում եմ համացանցում քաղաքական դիսկուսիա սկսել, քաղաքացիական հասարակության դիսկուսիայի մեջ ներգրավվել, քանի որ այդտեղ է, որ քաղաքացին կարծիք է ձևավորում»,- ասաց նա:

Ֆեյսբուքը քաղաքական-քաղաքացիական հարթակ է, որտեղ, Ա. Կարապետյանի հավաստմամբ, հատկապես վերջին շրջանում քննարկումների գործընթացը բավական կոռեկտ, հասկանալի  է դարձել: Ըստ Արամ Կարապետյանի՝ այն քաղաքական գործիչները, ովքեր չեն օգտագործում քաղաքական-քաղաքացիական այս հարթակը, զիջում են իրենց դիրքերը:

«Ֆեյսբուքը 21-րդ դարին հատուկ եղանակ է: Միայն հեռուստատեսությամբ մի անգամ ելույթ ունենալը, հանդիպումներ կազմակերպելը բավարար չէ, որ միտքդ մինչև վերջ հասցնես հասցեատիրոջը»,- նշեց Արամ Կարապետյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե ինչո՞ւ քաղաքական-քաղաքացիական միտքը, գիտակցությունը մեր հասարակության մեջ արմատացած չեն, Ա. Կարապետյանը պատասխանեց. «Առաջին մեղավորը գենետիկան է: Մենք պետականություն կորցրած ազգ ենք, ու ինքներս ենք պետություն՝ դատավոր ենք, թագավոր ենք, ռամիկ ենք: Մենք պետականամետ ազգ չենք: Իսկ երկրորդ խնդիրը մեր հատվածականությունն է: Հասարակական խնդիրներով զբաղվելու համար, բացի նյութական արժեքներից, այլ զգացումներ, երևակայություն է պետք»:

Ֆեյսբուքում մարդիկ են, ովքեր, Ա. Կարապետյանի պնդմամբ, ցանկություն ունեն ավելին իմանալու, հասկանալու: «Հատված կա, որ մի բանից հոգնած՝ գրում են, փորձում են օբյեկտիվ կարծիքներ փոխանակել, հասկանալ»,- ասաց նա:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս