«Եթե միջանկյալ միջոցը մերժվում է, չի նշանակում, որ գործը թույլ է: Դրանք իրար հետ օրգանապես կապված չեն. 39-րդ ընթացակարգով պարտվելն ամոթ չէ, որովհետև դու այստեղ հաջողելու մեկ տոկոս հավանականություն ունես». Արա Ղազարյան

Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ՍԴ 3 դատավորների և Հրայր Թովմասյանի ներկայացրած դիմումի («Գյուլումյանն ու մյուսներն՝ ընդդեմ Հայաստանի) հարցով՝ կապված ՀՀ Սահմանադրության վերջին փոփոխությունների հետ:

Նշվում է, որ 4 դիմումատուները՝ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրայր Թովմասյանը, մասնավորապես, պահանջում էին, որ Եվրոպական դատարանը հրահանգի ՀՀ կառավարությանը կասեցնել սահմանադրական փոփոխություններն ու պահպանել նրանց պաշտոնները:

Դատարանը որոշել է մերժել հայցը՝ պատճառաբանությամբ, որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի:

168.amմիջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբան Արա Ղազարյանի հետ զրուցեց ՄԻԵԴ վճռի ու բուն բողոքի աղերսների մասին:

«Այստեղ խոսքը հայցի ապահովման միջոցի մասին է, որը փաստաբանները մեր դատարաններում հաճախ են կիրառում: Այսինքն` միջանկյալ դատական ակտ են խնդրում, մինչև վերջնական դատական ակտի կայացումը: Դրա նպատակն է՝ այնպիսի միջոց կիրառել, որ հանկարծ անհնարին չլինի վերջնական դատական ակտի կատարումը: Որպես կանոն` դա բավարարվում է այն իրավիճակում, երբ անձի կյանքը, առողջությունը վտանգի տակ են, և պետք է ինչ-որ գործողություն կասեցնի»,- ասաց Արա Ղազարյանը` ընդգծելով, որ ՄԻԵԴ-ը շատ նեղ է մոտենում այդ հարցին;

Նա իր պրակտիկայից օրինակներ բերեց, երբ Ղարաբաղյան հարցի գործերով է բավարարվել հայցի ապահովման միջոց, գործարար Սամվել Մայրապետյանի գործով, երբ նրան թույլ են տվել Գերմանիա մեկնել` բուժման, հակառակ դեպքում՝ կյանքին վտանգ էր սպառնում, հայցի ապահովման միջոց կիրառելով` կասեցրել է նաև անձի արտահանձնումը Թուրքմենստան, որտեղ նրան կխոշտանգեին:

Արա Ղազարյանի խոսքով՝ այդ գործերով մինչև հիմա վճիռ չի կայացվել, և նշվածները սոսկ հայցի ապահովման միջոցներ են:

«ՄԻԵԴ-ը շատ նեղ է մեկնաբանում, ու շատ հարցեր շրջանակից դուրս է համարում: Տվյալ պահին ես 2 գործ ունեմ 39-րդ դրույթով` Ռուսաստանի ու Հայաստանի դեմ, որոնց մասին այս պահին չեմ խոսի, բայց շուտով կիմանան բոլորը: Անցյալ տարվա վիճակագրությամբ` Հայաստանից ՄԻԵԴ ուղղված 570 դիմումից բավարարվել է 5-ը, որից 2-ը՝ իմ գործերով: Այսինքն` հայցի ապահովման միջոց կիրառելու ընդամենը մեկ տոկոս հավանականություն կա»,- նկատեց Արա Ղազարյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նշում է, որ պետք է հստակ հասկանալ, որ հայցի ապահովման միջոցի դիմումը կապ չունի բովանդակության հետ, և սա ամենակարևորն է:

«Եթե հիմա այս դիմումը մերժվում է, չի նշանակում, որ բովանդակությունը թույլ է, գործը` նույնպես: Դրանք իրար հետ օրգանապես կապված չեն: Այդպես մտածող մարդիկ սխալվում են: Սա ընդամենը հայցի ապահովման միջոց է, ինչը մեր դատարաններում մենք ամեն օր ներկայացնում ենք: Օրինակ, երեխայի խնամակալության վեճի դեպքում շատ է լինում, որ ծնողներից մեկը դիմում է դատարանին, որ վերջինս արգելի երեխային դուրս տանել Հայաստանից: Հիմա սա բուն վեճի հետ բոլորովին կապ չունի»,- նշեց Արա Ղազարյանը` կրկին շեշտելով, որ ՄԻԵԴ-ի վարած քաղաքականությունից է բխում 39-րդ կանոնը շատ նեղ պահել:

Վերջինիս խոսքով` հիմա դեռ բավականին լայնացվել է այդ շրջանակը, իսկ նախկինում միայն արտահանձնման գործերով է բավարարվել հայցի ապահովման միջոց կիրառելու դիմումը:

«Սա ես չեմ համարում ձախողում, սա ուղղակի ՄԻԵԴ-ի ընդհանուր քաղաքականությունից բխող վճիռ է: Իսկ բուն դիմումը, որպես կանոն, իր առանձին կյանքով է ապրում: Երբ ՄԻԵԴ-ը 39-րդ դրույթով բողոք է ստանում, նա պահանջում է միաժամանակ ներկայացնել նաև հիմնական գանգատը: Օրինակ, Տավուշի մարզից Ադրբեջան գերեվարված Կարեն Ղազարյանի համար ես հայցի ապահովման միջոց կիրառելու դիմում ներկայացրի, երբ ադրբեջանական թերթերը գրեցին, որ նա արդեն Ադրբեջանում է: Շտապ պետք էր, որ նրա կյանքին այնտեղ վտանգ չսպառնա, և դրա համար 39 ուղարկեցինք: ՄԻԵԴ-ը մեկ օրում կոմունիկացրեց, մի շաբաթում ստացանք պատասխանը, որով 4 կետից 3-ը բավարարվեց: Հայցի ապահովման միջոցը աշխատում է, ու մենք կարող ենք հանգիստ լինել, որ նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում: Իսկ գանգատը մեկ ամիս հետո ներկայացրել ենք, և այն 2 տարի է, դեռ չի քննվել»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Երեկ «Ազատության» եթերում, լրագրողի հարցին, թե ի՞նչ է լինելու, երբ ՄԻԵԴ-ը որոշի, որ Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի իրավունքները խախտվել են, և սա կարո՞ղ է արդյոք նշանակել, որ նրանք կվերականգնվեն իրենց աշխատանքում, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր.

«Չեմ ուզում առաջ անցնել և գնահատականներ տալ հետագա պրոցեսների մասին, բայց այն նախադեպերը, որոնք առկա են նմանատիպ իրավիճակներում Դատարանի կողմից գործերը քննելու ժամանակ, թույլ չեն տալիս եզրակացնել, որ նմանատիպ իրավիճակ կարող է լինել: Եկեք այս պահին նման կանխագուշակումներ չանենք, բայց, այնուամենայնիվ, սպասենք, մինչև Դատարանը կկայացնի իր այս առաջին որոշումը»:

Արա Ղազարյանը, մեր խնդրանքով անդրադառնալով այս մտքին, ասաց, որ շատ շուտ է որևէ բան ասել:

««Վոլկովն` ընդդեմ Ուկրաինայի» գործով, ով Վճռաբեկ դատարանի դատավոր էր ու քննադատել էր իշխանություններին, և նրան հենց դրա համար էին ազատել աշխատանքից, Վոլկովին վերականգնեցին իր աշխատանքում: Տեսականորեն պետք է վերականգնեն: Ուղղակի շատ բան կախված է իշխանություններից: Օրինակ, ես դատավոր Անահիտ Սաղաթելյանի համար մեկ տարի է՝ պայքարում եմ, որ վերականգնվի: Բայց չեն անում, ամենատարբեր դատավարական մանիպուլյատիվ ընթացակարգերով չեն վերականգնում: Թե ինչ կլինի ապագայում, շուտ է ասել»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այդ նույն եթերում ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչն ասել է նաև, որ՝ «Բական՝ ընդդեմ Հունգարիայի» և «Վոլկովն՝ ընդդեմ Ուկրաինայի» գործերը համադրելի չեն Հայաստանի իրավիճակի հետ, Արա Ղազարյանը պատասխանեց, որ ինքը համաձայն չէ այդ մտքի հետ, ուղիղ հակառակը։

«Տեսականորեն, ըստ Կոնվենցիայի, ոչ թե նման են, այլ նույնանման: Փաստերը, բնականաբար, տարբեր են: Նույն գործից բնության մեջ երկրորդը չի լինում: Իսկ Բակայի գործն այնքան է նման մեր իրավիճակին, որ կարդում ես ու զարմանում»,- նշեց նա` հավելելով, որ Եվրոպայում Հունգարիան ու Լեհաստանն ընդհանրապես աչքի են ընկել Սահմանադրական դատարանի որոշումը գործադիր իշխանության մակարդակով հայտարարելով, որ չեն կատարելու, և ըստ էության Հուգարիայի, Լեհաստանի և Թուրքիայի հետ միասին հիմա նաև Հայաստանն է «հայտնի» դրանով:

«Էլի են եղել դեպքեր, բայց սահմանադրական կարգի դեմ դեմարշի, դատական ակտերի չկատարման հանրային դառնալու առումով այս երկրներն են Եվրոպայում հայտնի»,- ասաց Արա Ղազարյանը:

Նկատեցինք նաև, որ երեկվանից ԶԼՄ-ներում ՄԻԵԴ-ի կայացրած որոշման հետ կապված նաև մանիպուլյատիվ վերնագրեր կան, երբ, օրինակ, գրված էր, թե՝ «ՄԻԵԴ-ը մերժեց Հայաստանի դեմ դիմումը»:

«Դա ընդհանրապես Հայաստանի դեմ դիմում չէ: Այդտեղ իրավաբանորեն սխալ է: Դա հայցի ապահովման միջոց է: Երբ ես դիմում եմ, որ թույլ չտան, ենթադրենք, երեխային Հայաստանից տանել, ես չեմ ներկայացնում օպոնենտին, ես խնդրում եմ կիրառել միջոց, և դա գանգատի բովանդակության մաս չի կազմում: Ուղղակի հասկանում եմ, գայթակղությունը մեծ է՝ սա ներկայացնել որպես պարտություն»,- ասաց Արա Ղազարյանը` հավելելով, որ առհասարակ պետությունը պետք է հպարտ լինի, որ նման միջոց է կիրառվում, և, օրինակ, Սամվել Մայրապետյանի գործով դա կիրառելով՝ մարդու կյանք է փրկվել:

«ՍԴ դատավորների ներկայացրած գանգատի վրա աշխատող իրավաբանները պրոֆեսիոնալներ են: Այդ մարդիկ` որպես փաստաբան, իրենց գործն են անում: Ինչ հնարավորություն կա, անում են: 39-րդ ընթացակարգով պարտվելն ամոթ չէ, որովհետև դու այստեղ հաջողելու մեկ տոկոս հավանականություն ունես, ու դա չի բխում քո գանգատից, այլ բխում է Եվրոդատարանի քաղաքականությունից, ով չի ուզում իր դռները լայն բացել 39-րդ դրույթի առջև: ՄԻԵԴ-ը համարում է, որ դա ուղղակի միջամտություն է սուվերեն իրավական համակարգին»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս