«Սահմանադրությունը ո՛չ իրենց, ո՛չ էլ, առավել ևս, իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանի անցումային տարիքի հուշատետր չէ, որ սիրտը ծուռ նկարես, ճղես, թափես, հետո նորը նկարես». Ռոբերտ Հայրապետյան

«Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում այսօր, մեղմ ասած, ոչ իրավական է պրոցեսի տեսանկյունից: Ներքին մտածողություն կա, նույնիսկ ակադեմիական շրջանակներում, որ իրավաբանությունը պետք է բխի քաղաքականությունից, այսինքն՝ կախված նրանից, թե ինչ քաղաքականություն է վարում օրվա իշխանությունը, ըստ այդմ քաղաքականությունը պետք է համապատասխանեցվի դրան, իրավական շղարշ փորձի տալ այդ գործողություններին, ինչն ինձ ու շատ տեսաբանների համար անընդունելի է, որովհետև քաղաքականությունը պետք է բխի իրավունքից»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող այս գործողությունները, որոնց նպատակը ՍԴ-ն զավթելն է, ունեն խոր ակունքներ, և դրանք սկսվում են «օրինական կաշառքի»՝ վաղ կենսաթոշակի օրենքից ու չկայացած հանրաքվեից:

«Սեփական չբավարարված ամբիցիաներին տուրք տալու համար մեր երկրում առաջին անգամ այս իշխանությունների կողմից կիրառման մեջ դրվեց սահմանադրական կարգի տապալման հոդվածը, և մինչև այսօր շուրջ 2 տարի ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ այդ մեղադրանքը որևէ կերպ և որևէ, ոչ միայն՝ տառով, այլև՝ կետադրական նշանով չեն կարողանում հիմնավորել, բայց իրենք սահմանադրական կարգի տապալման մաստեր-կլաս ցույց տվեցին իրենց գործողություններով»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Խոսելով այն հարցի մասին, թե ինչու են ՍԴ-ի նման կարևոր նախագծերը զեկուցում ոչ թե իշխանական իրավաբան պատգամավորը, այլ նախկին լրագրող, ոչ իրավաբան Վահագն Հովակիմյանը, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ իր կարծիքով՝ իշխանական իրավաբան պատգամավորները հասկանում են այս նախագծի խայտառակությունը և չզեկուցելով՝ փորձում են իրենց պատիվն ու արժանապատվությունն ինչ-որ կերպ պահել:

«Ցավում եմ, որ անգամ այն պատգամավորները, որոնք իրավաբանական կրթություն ունեն և գտնվում են իշխանական օղակներում, անգամ չզեկուցելով՝ միևնույն է, չեն կարողանում հասկանալ կամ հասկացնել իրենց կուսակիցներին ու գործընկերներին, որ Սահմանադրությունը ոչ իրենց, ոչ էլ, առավել ևս, իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանի անցումային տարիքի հուշատետր չի, որ սիրտը ծուռ նկարես, ճղես, թափես, հետո նորը նկարես»,- ասաց իրավաբանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, իշխանությունները չգնացին հարցի լուծման սահմանադրական հանրաքվե անցկացնելու ճանապարհով, Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում հանրաքվե իրականացվել չի կարող, և իշխանություններն արհեստականորեն երկարաձգեցին արտակարգ դրությունը, որ սահմանափակված պահեն հավաքների ազատությունը:

«Եթե հանրաքվեն չչեղարկեին, ապա կստացվեր, որ պարտավոր են արտակարգ դրությունն արհեստականորեն չերկարաձգել: Եթե չերկարաձգեն, ապա թույլ պետք է տան հավաքների ազատությունը: Հաշվի առնելով տիրող իրավիճակը՝ եթե հավաքների ազատության տոտալ արգելքը վերացվի, ես վստահ եմ՝ մեծ խումբ քաղաքացիներ դուրս կգան ընդդեմ այս իշխանությունների»,- ասաց իրավաբանը:

Հարցին, թե ինչ է լինելու այժմ, երբ ՀՀ նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ չի ստորագրելու օրենքների փաթեթը, Ռոբերտ Հայրապետյանը պատասխանեց, որ օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում նախագահը իրավասու չէ անել որևէ այլ ակտիվ գործողություն, քան ՍԴ դիմելն է:

«Երբ ՀՀ նախագահը հայտարարում է, որ չի ստորագրելու, դա չի նշանակում, որ չի դիմելու ՍԴ: Եթե Արմեն Սարգսյանը նշում է, որ չի ստորագրելու օրենքը և չի հիմնավորում, թե ինչու չի ստորագրելու, ինձ մոտ՝ որպես մասնագետի և որպես քաղաքացու, ձևավորվում է հիմնավոր կասկած առ այն, որ նա առավել քան վստահ է, որ այս օրենքն ունի սահմանադրականության խնդիր: Իսկ եթե նա վստահ է, որ այդ խնդիրը կա, ու չի դիմում ՍԴ, ապա նա ևս մեկ անգամ իր անգործությամբ հանցակցում է իշխանության յուրացմանը»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս