Բաժիններ՝

Բռնություն՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ:

Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:

Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս