«Իշխանության քայլերն արագացնում են ընդդիմության կոնսոլիդացիան». Նարինե Մեհրաբյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվող 2019 թվականի բյուջեի կատարողականը բազմաթիվ թերակատարումներ ունի, ամենաակնհայտը կապիտալ ծախսերի թերակատարումներն են, որոնց մասին բարձրաձայնում են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև բոլոր մասնագետները, բայց այդ կատարողականի քննարկմանն ընդդիմադիրների դեմ արտահայտվելուն ու բոյկոտին ի պատասխան՝ քաղաքական մեծամասնությունը հիշեցնում է ընդամենն իր մեծամասնություն լինելը, մինչդեռ ժողովրդավարական երկրի պարագայում բազմակարծությունը կարևոր է այնքանով, որ դրա արդյունքում պետք է ընդունվի պետության համար առավել լավ որոշում։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության անդամ Նարինե Մեհրաբյանը։

«Նույնիսկ աշխարհի առաջատար պետություններում, որտեղ խոսվում է ժողովրդավարության մասին, օրինակ՝ Գերմանիա, ընդդիմության կարծիքը կարևորվում է, բայց, ցավոք սրտի, Հայաստանում ընդդիմությունը դեռ կայացած չէ, և դա է պատճառը, որ ընդդիմության ձայնը նաև լսելի չէ։ Բացի այդ՝ ընդդիմությունը համակարգված չի աշխատում, որովհետև մենք խորհրդարանի ներսում մինչև վերջերս տեսել ենք, որ «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» միջև համագործակցությունն այդքան էլ սերտ չէ, ինչից, իհարկե, օգտվում է քաղաքական մեծամասնությունը։ Ընդդիմության կայացման համար պետք է այդ ուժերը կարողանան միասին համագործակցել, գործակցել նաև արտախորհրդարանական ուժերի հետ՝ հիմքում դնելով պետական շահը»,- ասաց Նարինե Մեհրաբյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում այսօր չկա սոցիալական, տնտեսական ճգնաժամ, իսկ քաղաքական ճգնաժամի մասին էլ խոսում են ընդամենը ՀՀ նախագահի պաշտոնները նախկինում զբաղեցրած անձինք ու նրանց հետ փոխկապակցված ուժերը՝ Նարիեն Մեհրաբյանը նկատեց.

«Իշխանության կողմից կատարվող այս քայլերն արագացնում են ընդդիմության կոնսոլիդացիան»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից երկու նախագահներին առանձնացնելուն, ապա, ըստ Մեհրաբյանի, երբ խոսվում է նախկին տարիների երկու նախագահների և ոչ թե, օրինակ, նաև գործողի մասին, ապա այստեղ գործ ունենք երկակի ստանդարտների հետ։

«Հասարակության պառակտման համար երկակի ստանդարտների կիրառումը լավագույն մեթոդն է. մենք այստեղ գործ ունենք հենց դրա հետ»,- ասաց Մեհրբյանը։

Կուսակցական գործիչը նաև նկատեց, որ, թեև 2018 թվականին իշխանության եկած ուժն ուներ հասարակությանը միավորելու, տված խոստումները կատարելու և մարդկանց համար ցավոտ ռեֆորմներ իրականացնելու հնարավորություն, սակայն գնաց այլ ճանապարհով։

«Նրանք պետք է մտածեին 10-20 տարվա ռազմավարություն մշակելու, ցավոտ ռեգֆորմներ անելու և ոչ թե, ասենք, ականջահաճո հայտարարություններ անելու մասին։ Քաղաքական ներկա օրակարգերի մասին խոսելիս պետք է հիշեմ Սողոմոն իմաստունին՝ «Մի՛ խոստացիր այն, ինչը չես կարող անել», ու հենց տված  խոստումներն են, որ գուցե ստիպում են նման օրակարգեր ստեղծել»,- ասաց Մեհրաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս