«Պատրաստ ենք բոլոր առողջ ուժերի հետ համագործակցության»․ Ռոբերտ Հարությունյան

«Հայրենիք» կուսակցությունն արտակարգ դրության ժամանակահատվածն օգտագործում է ժողովրդի հետ հանդիպումներով, որոնց ընթացքում փորձում է բացատրել երկրում ստեղծված իրական իրավիճակը, հուշել նաև վարչապետ Փաշինյանին այն պատասխանատվության մասին, որը վերջինը կրում է երկրում ստեղծված ծանր դրության համար, և կոչ անում, եթե չի կարողանում երկրի ապագան չվտանգել, ապա պետք է ներողություն խնդրի և հեռանա։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ռոբերտ Հարությունյանը։

«Մենք հայտարարել ենք, որ բաց ենք համագործակցության համար բոլոր առողջ ուժերի հետ, որովհետև մեր հիմնական նպատակն է՝ կասեցնել երկիրը դեպի փլատակներ տանելու ներկայիս իշխանության քաղաքականությունը։ Այդ ճանապարհին պատրաստ ենք համագործակցել գրեթե բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ և հանրապետականների, որոնց մեջ, ի դեպ, կան բավականին փորձառու մարդիկ։ Մենք չենք բաժանում երկիրը սևերի և սպիտակների, այդ բաժանարար գծերը չենք ընդունում, որից գուցե իշխանությունը ստանա հնարավորություն մեզ խոցելու, բայց մեկ է՝ չենք ընդունում։ Մենք նույնիսկ ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել «Իմ քայլի» հետ, որովհետև կարծում ենք, որ այդ կուսակցությունում կան երկրի համար անհանգստացող մտահոգ մարդիկ, իհարկե, ցավոք սրտի, սահմանադրական փոփոխությունների հետ կապված քվեարկությունը մեզ մի քիչ հիասթափեցրեց, բայց բաց ենք համագործակցության նաև նրանց հետ»,- ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ նշելով, որ կուսակցությունը Կառավարության հրաժարականին հասնելու օրինական գործիք դիտարկում է նաև հանրային ճնշման տարբերակը։

«Երբ ասում ենք՝ ճնշում, նկատի ունենք, որ, երբ արտակարգ դրությունը դուրս եկավ, մեր մարտավարության մի հատվածը լինելու է նաև փողոցային պայքարը, իսկ որքան անհիմն արտակարգ դրությունը երկարացվեց, դա բերելու է նրան, որ ակնհայտ է դառնալու արդեն հանրության համար, որ դրա ձգձգումը քաղաքական նպատակ ունի, ինչում հիմա համոզված ենք մենք։ Այս արտակարգ դրության երկարաձգմամբ իշխանությունը լուծում է հետևյալ հարցերը՝ հնարավոր չէ վարչապետին անվստահություն հայտնել, հնարավոր չէ հավաքներ կազմակերպել, բայց կրկնում եմ՝ որքան այս վիճակը ձգձգվի, այնքան հանրությունն արագ կընդվզի և իր աջակցությունը կհայտնի «Հայրենիք» կուսակցությանը»,- ասաց Հարությունյանը։

Դիտարկմանը՝ արդյո՞ք հանրության աջակցությունը ստանալուն չեն խոչընդոտում իրենց կուսակցության ղեկավարի վերաբերյալ հնչող այն լուրերը, թե Վանեցյանը կապված է ռուսական տարբեր ազդեցության գոտիների հետ, Հարությունյանն արձագանքեց.

«Այն տրամաբանության մեջ, որով այդ կապի մասին ասվում է, գոյություն չունի, բայց մենք մեր համագումարի ժամանակ նշել ենք մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և գտնում ենք, որ Ռուսաստանը մեր հիմնական դաշնակիցն է, և այդ ուղղությամբ մեծ անելիք ունենք։ Երբ այլ բան չունեն ասելու, կարելի է այդ դեպքում մարդկանց ուղեղի վրա ազդելու համար մտածել, որ պարոն Վանեցյանը կապված է ռուսական ինչ-ինչ ազդեցության գոտիների հետ, բայց մենք միշտ ասում ենք՝ եթե կապ տեսնում եք, խնդրեմ՝ սկսեք իրավական գործընթաց, բացի այդ, պետք է հիշել, որ պարոն Վանեցյանի եղբայրն ապրում է ՌԴ-ում, հաջողակ գործարար է, և եթե իր այնտեղ գնալը համարում են գործակալական կապ, ապա կարող են իրավական գործընթաց սկել, թեև ես վստահ եմ, որ, եթե իշխանությունն ինչ-որ բան ունենար, ապա վաղուց էր այդ գործընթացը սկսել»։

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում 89 պատգամավորի կողմ քվեարկությամբ Սահմանադրություն փոխելու քաղաքական մեծամասնության քայլին՝ Ռոբերտ Հարությունյանը նշեց, որ դրանով իշխանությունը հերթական անգամ ապացուցեց, որ այլևս ունի ժողովրդի վստահության խնդիր ու կասկածներ, որ հանրաքվեի ճանապահով հարցի լուծման չի հասնելու, իսկ հակասահմանադրական քայլ թույլ չտալու որոշումը պետք է կայացնի ԼՀԿ-ն։

««Ուստի այս իրավիճակում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բավականին լուրջ ընտրության առաջ է կանգնած՝ կամ թույլ տալ, որ ներկայիս իշխանությունը դատական համակարգը վերցնի իր վերահսկողության տակ, կամ գտնել լուծումներ դա թույլ չտալու համար։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հիմա պետք է ցույց տա՝ արդյո՞ք ունի իրավիճակի նկատմամբ պատասխանատվության զգացողություն, կարող է հարցին օգուտ տալ նաև այն, եթե այդ խմբակցության ղեկավարը հայտարարի, որ իր պատգամավորներն ազատ են և կարող են միանալ ստորագրություններին։ Ինչպիսին կլինի «Լուսավոր Հայաստանի» վարքագիծը, այնպիսին էլ կլինի իրենց ապագան»,- ասաց Ռոբերտ Հարությունյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ երկրորդ ընդդիմադիր խմբակցությունը կունենա կամք՝ թույլ չտալու սահմանադրական կարգի տապալում։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության հայտարարված «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու մասին հայտարարությանը, ապա, ըստ Հարությունյանի, իրենք համագործակցելու են այդ հարցով նաև խորհրդարանական ընդդիմության հետ։

Հարցին՝ եթե անգամ ունենան սահմանադրական կարգը վերականգնելու մասին լուծումներ, ինչպե՞ս են դրանք կյանքի կոչելու՝ առանց Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության աջակցության, Հարությունյանը պատասխանեց.

«Սահմանադրական կարգի տապալումն առաջացնելու է խնդիրներ ոչ միայն ներքին քաղաքական կյանքում, այլ նաև արտաքին դաշտում։ Այդ կարծիքները մեր մասին հիմք են ընդունվում Եվրոպայի խորհրդի կողմից մեր երկրի նկատմամբ դիրքորոշում հայտնելու համար, ուստի իշխանությունը պետք է հասկանա, որ երբ, օրինակ, իր գործողությունները չեն համընկնում Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ, դա կարող է բերել ընդհուպ հակահայկական բանաձևերի ընդունման այդ նույն միջազգային կառույցների կողմից, հետևաբար՝ հակասահմանադրական քայլերի արձագանքը լինելու է նաև դրսից, որն ավելի ցավոտ է լինելու»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս