Փառաբանման և քծնանքի սխալ ընտրված ժամանակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ 2016թ. Ստեփանակերտի օդն անպաշտպան է եղել, մինչդեռ այսօր Արցախի օդն ամբողջությամբ պաշտպանված է՝ ընդգծելով, թե պատահական չէ, որ 2019 թվականը բանակի սպառազինության առումով համարել է շրջադարձային:

«Ես չեմ ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող: 2016 թվականին մենք կերազեինք, որ այդ նույն զենքից ունենայինք»,- հայտարարել է Հարությունյանը:

Հարցին՝ դա կփոխե՞ր զոհերի թիվը, Հարությունյանը պատասխանել է․

«Գիտեք՝ ոչ։ Խոսքը, եթե հակաօդայինի մասին է, ապա օդային հարձակում տեղի չի ունեցել, բայց մենք շատ ավելի անպաշտպան էինք, շատ ավելի անպաշտպան: Չեմ ուզում փակագծեր բացել. Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 2016 թվականին: Չեմ ուզում ամբողջ մանրամասներն ասել, բայց այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլև Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Եվ այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում մեծ տեղ է հատկացվել իրենց նշած այդ հին, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են: Բացի դրանից, նոր հակաօդային միջոցներ են ձեռք բերվել, ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք` ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 1992-1994 թվականներին, երբ հազիվ էինք պաշտպանում, չնայած որ Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին: Բայց ոչ միայն Ստեփանակերտին, այլև Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունենք ավելի ապահով օդ, այսինքն՝ ՀՕՊ հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել՝ այդ նույն խնդիրը չի լինի»,- ասել է Հարությունյանը՝ հիշեցնելով ՀՀ ԶՈՒ ավիացիոն հնարավորությունների մասին:

168.am-ն այս հայտարարությունից հետո Արցախի նախագահին հարցում ուղարկեց` փորձելով ստանալ հետևյալ հարցերի պատասախանները.

  1. Ձեր հարցազրույցում ասել եք՝ «Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդը անպաշտպան էր 2016 թվականին: Ուզում եմ վստահ հայտարարել, որ այսօր ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև ողջ Արցախի օդն է պաշտպանված»: Եթե, ինչպես Դուք եք ասում, Ստեփանակերտի ու Ղարաբաղի օդն անպաշտպան էր, այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ Ապրիլյան պատերազմի օրերին հայկական ուժերի կողմից, պաշտպանության բանակի կողմից խփվել է թվով 20 անօդաչու թռչող սարք, որից 14-ն ընկել էր Արցախի տարածքում, թվով 6-ը՝ Ադրբեջանի։ Այդ ինչպե՞ս կարող էր օդային կամ հակաօդային ուժերի թուլության կամ բացակայության դեպքում խփվել 20 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ ամենաժամանակակից, իսրայելական և այլ արտադրությունների, ինչպես նաև խփվել առնվազն 2 ուղղաթիռ, որոնց մասին տեղեկությունները ևս հաղորդվել են։ Օդային կամ հակաօդային ուժերի թուլության կամ բացակայության պայմաններում ինչպե՞ս կարող էին խփվել այդ երկու ուղղաթիռները։

2․ Եթե Ստեփանակերտի ու Արցախի օդն անպաշտպան էր, ապա ինչո՞ւ ադրբեջանական բանակը չէր օգտագործում Ձեր նշած այդ առավելությունը, ինչո՞ւ չէր ռմբակոծում Արցախի տարածքը՝ ունենալով համապատասխան ավիացիա։

  1. Ձեր վարչապետ եղած ժամանակ, Ապրիլյան պատերազմից հետո պաշտպանության բանակի հրամանատարությունը, ղեկավարությունը բազմիցս հանդես է եկել Ապրիլյան պատերազմի վերլուծություններով, արդյունքներով, խնդիրների մասին հանրային զեկուցումներով։ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում, տարբեր ելույթներում Ձեր վարչապետ եղած ժամանակ Արցախի պաշտպանության նախարարները բազմիցս նման հայտարարություններով հանդես են եկել. ինչո՞ւ այդ ժամանակ նրանք կամ դուք չէիք խոսում այդպիսի խնդրի մասին, որի մասին այսօր մատնանշում եք։ Խաբո՞ւմ էիք հանրությանը, մոլորեցնո՞ւմ էիք, թաքցնո՞ւմ էիք տեղեկատվությունը։

Մեր հարցմանն ի պատասխան  Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանի անունից ուշ երեկոյան պատասխան-գրություն ստացանք, որում ասվում է.

«Արցախի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցում Ապրիլյան պատերազմի մասին բարձրացված հարցերին շատ հստակ պատասխանել է, և այդ պատասխաններն ունեն իրենց փաստական հիմքերը: Հաշվի առնելով հարցի նրբությունն անվտանգային տեսանկյունից՝ բովանդակային առումով հավելյալ պարզաբանումներ տալու կարիք չենք տեսնում: Անհարկի է նաև թեմայի շուրջ որոշ գործիչների ակտիվացումը, դրանից իրականությունը չի փոխվում: Ուստի, առաջարկում եմ բավարարվել այսքանով՝ չհատելով բարոյականության սահմանները»: Այսքանը: Պատասխանն, ինչ խոսք, խուսափողական է:

Տարակուսելի է ոչ միայն փաստը, որ Ապրիլյան մարտական գործողություններից 4 տարի անց և այն էլ Արցախի նախագահի կողմից նման հայտարարություն է հնչում, այլև անհասկանալի ՀՀ նախկին բարձրաստիճան ղեկավարների ռազմական, ռազմաքաղաքական, ինչպես նաև ռազմական վերլուծաբանների կոռեկտ և մասնագիտական գնահատականներին ի պատասխան Արցախի նախագահական ապարատի վրդովմունքը:

Այն, որ Արցախի նախկին վարչապետ և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը զուտ քաղաքական է, դա ակնհայտ է, որի շրջանակում մի քանի ենթադրություններ կարելի է անել, ինչու չէ` փնտրել եզրեր ժամանակին հնչած «փամփուշտներ չեն եղել», «վառելիք չի եղել», «բահերով են զինվորները կռվել» պնդումների հետ, որոնք ավելի ուշ հենց իրենք՝ դրանց հեղինակները հերքեցին:

Հունիսի 4-ին ամփոփելով ԱԺ ապրիլյան պատերազմի հանագամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները, «Իմ քայլ»-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց` ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի խնդիր չի ունեցել:

«Նույնիսկ ժամանակից շուտ այդ թեմայով մենք ասել ենք, որ դիրքերում սպառազինության խնդիր պաշտպանության բանակը չի ունեցել, ոչ էլ վառելիքի ու սննդի»,-ասել էր նա:

Հիմա, եթե Սրայիկ Հարությունյանն Արցախի օդային տարածքի պաշտպանվածության առումով խնդիր է տեսել, ապա կարող էր այս մասին ավելի վաղ ասել, և հարցը կմտներ  Ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքային օրակարգ, ինչպես ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության դեպքում եղավ, որը ժամանակին վառելիքի որակի հետ կապված հայտարարություն էր արել:

Բայց սա չի արվել:  Կարելի՞ է ենթադրել, որ Արցախի նախագահը բավարար փաստեր չի ունեցել, որոնք կդիմանային քննությանը: Գուցե:

Փաստ է` Արցախի նախագահի հայտարարությունը զուտ քաղաքական է, որի շրջանակում, ըստ էության, փորձ է արվում  նաև արդարացնել գործող իշխանության օրոք ձեռք բերված սպառազինությունը: Բայց ով  ասաց, որ ՀՀ-ում կամ Արցախում ուրախ չեն  սպառազինական ձեռքբերումներով, որից ՀՀ և Արցախի և՛ օդային, և՛ ցամաքային սահմաններն առավել պաշտպանված են լինելու:

Ապրիլյան դեպքերի քննման համատեքստում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ուշացած է: Փաշինյանի, այսպես ասած, սպառազինական «ձեռքբերումները» հերթական անգամ և այս ձևով փառաբանելու համար ժամանակը ճիշտ չէ ընտրված.  վերջին շրջանում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը Փաշինյանի իշխանության օրոք ձեռք բերված որոշ զինատեսակների մասով խնդիրներ է բարձրացնում, և  երբ Արայիկ Հարությունյանն ասում է, թե «չի ուզում անդրադառնալ այն մարդկանց, որոնք փորձում են ամեն ինչ սևացնել կամ քննադատել, այդ թվում՝ ձեռք բերված զենքի հետ կապված` անվանելով հին, հնամաշ, չաշխատող»` առաջ քաշելով Արցախի օդային տարածքի ոչ պաշտպանված լինելու հարցը, ակամա միջամտում է այս հեռակա բանավեճին: Նման անհաջող փորձ արեց նաև իր պաշտոնանկության նախօրեին ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը: Եթե զինվորականի դեպքում քաղաքական երանգավորմամբ հայտարարությունն անթույլատրելի է, ապա երկրի ղեկավարի, քաղաքական գործչի դեպքում, տվյալ պարագայում` Արայիկ Հարությունյանի, դա պիտի արվեր նուրբ, որը նորից օրակարգ և շահարկման դաշտ չէր բերի Ապրիլյան պատերազմի թեման, հատկապես, երբ աշնանը սպասվում է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո կամա թե ակամա թեման նորից ակտիվանալու էր:

Այո, 2016 թվականին մենք կերազեինք ունենալ որոշ զինատեսակներ, որոնք ձեռք բերեցինք Ապրիլյան պատերազմից հետո, և այսօր էլ երազում ենք ունենալ այն սպառազինությունը, որը չունենք կամ բավարար քանակի չունենք, քանի որ դրանք բավականին թանկ արժեն, և մեր ռազմական բյուջեն դրանք ունենալ թույլ չի տալիս:

Սակայն այստեղ  կա նաև մեկ այլ ասպեկտ` բարոյական, արդյոք մտածել ենք ինչ կզգան ՀՕՊ ուժերի այն  զինծառայողները, որոնց շնորհիվ այդ օրերին հակառակորդի թռչող սարքեր են ոչնչացվել: Ի՞նչ ենք շահելու կամ ի՞նչ ենք ուզում շահել ապրիլյան պատերազմի թեմայի թարմացումից, ներքաղաքական նպատակներով շահակումից, ինչի՞ է սա մեզ պետք: Եվ ի վերջո, երբ նման հայտարարություններ է անում Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի վարչապետ եղած և այժմ Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանը, սա չի ընկալվի որպես  մեսիջ՝ առ այն, թե Հայաստանի հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորի դերը այն ժամանակ լավ չի կատարել, և հիմա նոր է սկսել կատարել…

 

Տեսանյութեր

Լրահոս