«Իմ համոզմունքն է, որ երեկոյան 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը պետք է հանվի». ՀՌՀ նախագահ

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարց ուղղեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին մեր երկրի օրհներգի մասին։ Գործող օրենքով Հայաստանի Հանրապետության օրհներգը պետք է հեռարձակվի մեր երկրի տարածքում գործող բոլոր հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից` անկախ սեփականության ձևից, ամեն օր` հեռարձակման սկզբին և ավարտին։ Ըստ պատգամավորի՝ ամեն օր տարբեր հեռուտաընկերություններ խախտում են «ՀՀ օրհներգի մասին» օրենքը:

«Դուք ասացիք, որ լիազորություններ չունեք պատժելու այդ հեռուստաընկերություններին, բայց հիմա խոսքը պատժելու մասին չէ: Արդյո՞ք հնարավոր չէ օրենքը խախտողներին նախազգուշացնել և ասել, որ ամենօրյա ռեժիմով օրենք են խախտում»:

Պատասխանելով հարցին՝ Տիգրան Հակոբյանն ասաց, որ նորմը կա, սակայն օրենքը խախտելու համար որևէ պատիժ սահմանված չէ:

«Սա օրենսդրական բացթողում է, և մենք այստեղ որևէ անելիք չունենք, եթե դեմ չեք, այսօր ես գրասենյակ հասնելուց հետո Ձեզ կուղարկեմ այն գրությունները, որոնք մենք ուղարկել ենք այս տարվա հունվարին: Երբ Հանրային հեռուստաընկերությամբ տհաճ միջադեպ եղավ, և օրեհներգը  չհնչեց, մենք առիթից օգտվելով՝ ուղարկեցինք և հղումները տվեցինք այն երաժշտության, որը կա: Չեն անում  և դրա իրավունքը ունեն, քանի որ դրա համար որևէ պատիժ չեն կրում: Նորմեր պետք է լինեն, որպեսզի օրենքը խախտելու դեպքում պատիժ կրեն: Իմ համոզմունքն է, որ երեկոյան 24:00-ին հիմնի պարտադիր հնչեցումը պետք է հանվի, այս մասին մի քանի անգամ ասել եմ»,- պարզաբանեց Տիգրան Հակոբյանը:

Արձագանքելով՝ Համազասպ Դանիելյանը նկատեց, որ ինքն էլ տարբեր համոզմունքներ ունի, և բնավ պարտադիր չէ, որ այն համընկնի օրենքի պահանջի հետ, ավելին՝ նույնիսկ պարտադիր չէ, որ օրենքը լավը լինի, բայց քանի դեռ կա օրենք՝ մարդիկ դրա հետ հաշվի պետք է նստեն:

«Ես համաձայն չեմ Ձեր այն ձևակերպման հետ, որ  նրանք իրավունք ունեն դա անելու: Իրականում նրանք իրավունք չունեն դա անելու, պարզապես Դուք կամ որևէ մեկը լծակ չունի պատժիչ ձևով դրա դեմն առնելու համար»,- ասաց Հ. Դանիելյանը:

Տեսանյութեր

Լրահոս