Թող տուգանեն, ինչ ուզում են՝ անեն, մեր լեզուն չի կարճանալու․ ԲՀԿ ավագանու անդամ
Երեկ՝ հունիսի 16-ին, ժամը 22։00-ին, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից, իսկ նրա հեռանալուց հետո իրավիճակը ԱԱԾ-ի բակում լարվեց, ոստիկանները քաղաքացիների բերման ենթարկեցին։
Շատերին բաց էին թողել, իսկ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին, ում ԱԱԾ-ի մոտից բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի փոխանցմամբ՝ տարել էին Երևանի քաղաքային վարչություն։
«Կարծես թե ուզում են գործին ավելի լուրջ ընթացք տալ»,- 168.am-ի հետ զրույցում հայտնել էր Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Ավելի ուշ՝ 02։00-ի սահմաններում, Միքայել Մանրիկյանը տեղեկացրեց, որ ավագանու անդամին ևս բաց են թողել։
«Ինձ մոտ ամեն ինչ լավ է, ես քարից պինդ տղա եմ, քամին քարին ի՞նչ պետք է անի։ Թող տուգանեն, ինչ ուզում են՝ անեն, մեր լեզուն չի կարճանալու․ ինչը ճիշտ է՝ ասելու ենք՝ ճիշտ է, ինչը սխալ է՝ ասելու ենք, որ սխալ է։ Ես դատարանում կապացուցեմ, որ զբոսնում էի, և իրենք ուժ են կիրառել իմ նկատմամբ»,- ասաց Արմեն Ներսիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ բոլորի նկատմամբ կիրառվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածը։
«Այն է՝ իբր մենք ընդդիմացել ենք ոստիկանությանը և պարետի որոշմանը չենք ենթարկվել»,- նշեց ավագանու անդամը։
Նշենք, որ այս հոդվածի հիմքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն է։ Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ բերման ենթարկվածների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։